Ինչպես են հայերը բլեֆ անում

23/06/2006 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Սիրված կինոնկարի ոչ պակաս սիրված դերասան Ադրիանո Չելենտանոն իր հերոսի շուրթերով անընդհատ պնդում էր, որ «բլեֆ անելիս պետք է մինչեւ վերջ բլեֆ անել»: Գրիգոր Ամալյանի հավանած մոտ երկու տասնյակ հայկական հեռուստաընկերությունները շատ վաղուց չեն ցուցադրել «Բլեֆ» կինոնկարը:

Ես հասկանում եմ, որ դրա կարիքը չկա, որովհետեւ այն ամենը, ինչ այսօր մեզ է մատուցվում եթերից, ամբողջովին բլեֆ է, բայց շատ անորակ: Ու, ինչպես եւ մնացած ամեն ինչ, արվում է ժամանակակից թվայնացված «գեղական մակարդակով»: Չնայած, մյուս կողմից, կարելի է ենթադրել, որ հեռուստաընկերությունները ցուցադրում են այն անորակ բլեֆը, որն ամեն քայլափոխի մեզ են ներկայացնում մեր բիզնեսմեն-քաղաքական գործիչները: Օրինակ, երկու օր առաջ հերթական բլեֆը փորձեց անել Գուրգեն Արսենյանն (ամենահետաքրքիրն այն էր, որ իր բոլոր մտքերը պարոն Արսենյանը արտահայտեց «Էրուդիտ» մանկական ուսումնական համալիրի գովազդային վահանակի ֆոնի վրա): Նա «այն վերլուծաբաններին, ովքեր կարծում են, որ ՄԱԿ-ը ՕԵԿ-ի տեղն է զբաղեցրել», խորհուրդ տվեց «փակել սեփական հիմնարկը»: Նախ` պարոն Արսենյանին ասեմ, որ այդպես են կարծում ոչ միայն վերլուծաբանները, այլեւ բոլորը, բացի ՄԱԿ-ի անդամներից, որոնք ոչ թե այդպես չեն կարծում, այլ իրավունք չունեն այդպես կարծելու: Որովհետեւ այդպիսին է դրվածքը «ազատական գաղափարախոսության ազատամարտիկ» Գուրգեն Արսենյանի բիզնես-նախագիծ` Միավորված աշխատանքային կուսակցությունում: Ըստ Արսենյանի, ամեն ինչ բնականոն է եղել, թեկուզ այն մասով, որ իրենք նախագահական ընտրություններում պաշտպանել են Ռոբերտ Քոչարյանին: Ընդհանրապես, նա կարծում է, որ հաջորդ ընտրություններում նախագահ կընտրվի նա, ում կպաշտպանի ՄԱԿ-ը: Իսկ ես կարծում եմ, որ ՄԱԿ-ը կպաշտպանի նրան, ով նախագահ կընտրվի: Որովհետեւ պարոն Արսենյանը, սովորաբար, պաշտպանում է նրան, ով «կռիշ է» կանգնում իր բիզնեսին. սկզբից` ՀՀՇ-ին` ի դեմս Արա Սահակյանի, հետո` Քոչարյանին` ի դեմս Արմեն Գեւորգյանի, հետո… կերեւա:

Իհարկե, այս գլուխգործոցը խաղուպար էր նրա հաջորդ մտքի համեմատ: «Հայաստանում իշխանության քաղաքականության փոփոխություն տեղի չի ունեցել, եւ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է Լեւոն Տեր-Պետրոսյանի գործը»: Գուրգեն Արսենյանը նշել է, որ ներկա եւ նախկին իշխանության քաղաքականության մեջ հակասական բան չկա: «Ընդամենը կար տակտիկական անհամաձայնություն` կապված Ղարաբաղի հիմնախնդրի հետ: Դա արտաքին քաղաքականության բնագավառից է: Մնացած բոլոր դաշտերում շարունակական է իշխանության գործունեությունը եւ հետեւողական: Դա երեւում է, այդ տեսնել է պետք ուղղակի»: Հետաքրքիր է, դաշնակները, որոնց հետ պարոն Արսենյանի հարաբերությունները վերջերս «տաքացել են», տեսե՞լ են այդ իրողությունը, թե՞ «խորհրդարանական մեծամասնության» իր նոր գործընկերները կույր են: Մինչեւ 2000 թվականը (երբ պարոն Արսենյանին թույլ տվեցին դառնալ պատգամավոր), պարոն Արսենյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին համարում էր հակապատկերներ` գովաբանելով առաջինին եւ, մեղմ ասած, փնովելով ներկա նախագահին` եւ՛ որպես անձ, եւ՛ որպես քաղաքական գործիչ (այդ ամենն արվում էր որտեղ պատահի եւ ում մոտ պատահի):

Իհարկե, «տնտեսական հարթության մեկ այլ բլեֆչիի»` Տիգրան Սարգսյանին «օգնության հասած» Գագիկ Մելիքյանը երկու օր առաջ հայտարարեց, որ դոլարի փոխարժեքի վրա ազդեցություն են ունեցել վերջին զանգի արարողությունները: Նախ՝ ուզում եմ բոլորին զգուշացնել, որ դիմացը Վարդավառ է, հետո` ընդունելության քննություններ (այս կապակցությամբ մեր ցավակցությունն ենք հայտնում Սերգո Երիցյանին): Այնպես որ, առաջիկայում հնարավոր է դոլարի արժեզրկում, ասենք, մինչեւ 320 դրամ:

Վերջին օրերի հաջորդ «բլեֆչին մինչեւ էս վերջերս ընդդիմադիր» Վիկտոր Դալլաքյանն է, որն, ըստ Գուրգեն Արսենյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրի հեղինակը չէ (սա այն դեպքն է, երբ ես լիովին համաձայն եմ պարոն Արսենյանի հետ): Իսկ բլեֆն այն է, որ պարոն Դալլաքյանը, չգիտես ինչու, նոր է նկատում պարոն Ծառուկյանի բարեգործությունները, չնայած իր իսկ խոսքերով` «Գագիկ Ծառուկյանը, ինչքան որ ես հետեւել եմ նրա գործունեությանը, արդեն մի քանի տարի է՝ մոտ 5-6 տարի, նման բարեգործություններով զբաղվում է, եւ ես դրան դրական եմ վերաբերվում»: Սակայն ես չեմ հիշում, որ, օրինակ, 2003թ. ընտրություններից առաջ պարոն Դալլաքյանն իր ելույթներում կամ հարցազրույցներում նշեր այդ բարեգործությունների մասին:

Հաջորդ բլեֆն աշխարհաքաղաքական է: «Գազպրոմ» ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը հայտարարեց, որ 2007 թվականին ռուսական գազի արտահանման միջին գինը կկազմի 180 դոլար (1000 խմ դիմաց), եւ, որ «Գազպրոմն» այլեւս մտադիր չէ լավություն անել ԱՊՀ երկրներին եւ գազը մատակարարելու է հավասար հասանելիության պայմաններում ու շուկայական գներով: Կարելի է ասել, որ սա արդեն ոչ թե բլեֆ է, այլ քցոցի: Չնայած, այս պարագայում տեղին է հիշել Հենրիկ Իգիթյանի` 1991-ին Մ.Գորբաչովին ուղղված խոսքը, երբ նա ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նիստում մեր տղաներին առաջարկեց թարգմանել հին հայկական ասացվածքը: Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի պատմությունը հայ-ռուսական հարաբերություններում մոտավորապես նույն երանգն է ստանում:

Եթե փորձենք առանձին-առանձին նշել վերջին տարիների բոլոր բլեֆները, ապա կստացվի ոչ թե հոդված, այլ հաստափոր մի գիրք: Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ ես լավատես եմ եւ գիտակցում եմ, որ, օրինակ, մեր շախմատիստների հաղթանակը բլեֆ չէր, որ անցած տարի Թունիսում կայացած տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովում հայ մասնագետների հաջողությունները բլեֆ չէին, որ մեր անկախությունն ու Ղարաբաղյան պատերազմում մեր զինվորների եւ հրամանատարների տարած հաղթանակները բլեֆ չեն: Իսկ դա նշանակում է, որ մենք ունենք այն բազան, որի հիման վրա այս պետության ապագա սերունդը կպայթեցնի բոլոր այդ բլեֆների փուչիկը: