Սյունիքի մարզային իշխանությունները հերթական անգամ խոչընդոտել են «Սյունյաց երկիր» թերթի աշխատանքներին: Սակայն այս անգամ նրանք լրագրողներից հաշվեհարդար տեսնելու բավական հետաքրքիր ձեւ են գտել. այն բանից հետո, երբ թերթը համարձակվել է քննադատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, «լույսի մարդիկ» ուղղակի հոսանքազրկել են խմբագրությունը:
«Սյունյաց երկիր» թերթը 2006թ. հունիսի 15-ի համարում հրապարակել է հոդված «Սյունիքի էներգահամակարգը կոռումպացվում է, եթե արդեն չի կոռումպացվել հիմնովին» վերտառությամբ: Այդ առիթով հունիսի 21-ին թերթի խմբագրություն են այցելել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Տաթեւ» մասնաճյուղի (սպասարկում է Սյունիքի ամբողջ մարզը) տնօրենն ու երկու փոխտնօրենները: Հոդվածը քննարկելիս նրանց առաջարկվել է ներկայացնել պատասխան խոսք կամ արձագանք՝ գործող օրենքի սահմաններում, եթե իրենք, իրոք, առարկություններ ունեն տպագրված նյութի վերաբերյալ: Սակայն դա չի բավարարել մասնաճյուղի ղեկավարներին: Եվ տնօրեն Արայիկ Գրիգորյանի կարգադրությամբ անմիջապես հոսանքազրկվել է այն բնակարանը, որտեղ վարձակալական հիմունքով գտնվում է թերթի խմբագրությունը: Եվ հոսանքազրկման հետեւանքով թերթը հայտնվել է պարապուրդի մեջ»,- ասված է «Սյունյաց երկիր» թերթի տարածած հաղորդագրության մեջ: Թերթի կարծիքով, «Տեղի ունեցածը եւս մեկ անգամ վկայում է, որ Սյունիքի մարզի էներգահամակարգը, իսկապես, կոռումպացվել է հիմնովին եւ դարձել նաեւ պատժիչ մարմին Սյունիքում իրականացվող տարածքային քաղաքականության մեջ: Տեղի ունեցածը եւս մեկ անգամ հաստատում է, որ «Սյունյաց երկիր» թերթի դեմ երկու տարի առաջ մեկնարկած տեռորը շարունակվում է: Տեղի ունեցածը եւս մեկ անգամ փաստում է, որ Սյունիքում թեւածող ինկվիզիցիան ու ղաչաղությունը մնում են որպես կառավարման ընդունված ձեւ»:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ էլ «Սյունյաց արծիվներ» կազմակերպության անդամները Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրահանգով ծեծել էին թերթի գլխավոր խմբագրին, ինչ է թե` նա համարձակվել էր քննադատել իշխանություններին: Եվ, ինչպես միշտ, նրանք մնացել էին անպատիժ: