Ավանդների վերադարձի հարցով ԱԺ արտահերթ նիստն այդպես էլ չկայացավ: Նախօրեին նախագահ Քոչարյանը համոզմունք էր հայտնել, թե մեր խորհրդարանում ողջամիտ պատգամավորների թիվն անհամեմատ ավելի մեծ է, եւ պատկերացրեք՝ ճիշտ էր գուշակել. ընդամենը երկու օրում «ոչ ողջամիտների» թիվը 66-ից իջավ 44-ի:
Չէ, խնդիրն, իհարկե, ավանդների վերադարձը չէր: Ավանդներն, այսպես թե այնպես, չէին վերադարձնելու, եւ դա շատ լավ հասկանում էին ինչպես արտահերթ նիստի նախաձեռնողները, այնպես էլ դրա դեմ հանդես եկողները: Նրանք, ի դեպ, հասկանում են նաեւ, որ 2005 թ. փետրվարին նախագահի նախաձեռնությամբ ստեղծվելիք հանձնաժողովը նույնպես մի հիմնական նպատակ է ունենալու՝ «թաղել խնդիրը»: Ըստ էության, արտահերթ նիստի այս ամբողջ աժիոտաժի նպատակն այլ էր. ցույց տալ, թե ով է խորհրդարանի իրական տերը, եւ հասկացնել, որ չի կարելի շարունակ անպատիժ կերպով զբաղվել պոպուլիզմով:
Համենայն դեպս, Արթուր Բաղդասարյանը բավականին անհարմար վիճակում հայտնվեց: Ինչ արած, Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ կարելի է նախագահի կարծիքից տարբերվող կարծիք հայտնել, հանուն պոպուլիզմի հանդես գալ բյուջեի դեմ, ու իբր դա քիչ է՝ դեռ ֆրանսիական «Պատվո լեգեոնի» շքանշան էլ ստանալ: Այնպես որ, Հմայակ Հովհաննիսյանը կարող է իրեն միանգամայն բավարարված զգալ: Արժեր չարչարվել՝ Արթուր Բաղդասարյանին նման խեղճացած վիճակում տեսնելու համար:
Իհարկե, հանրապետականներն էլ մի լավ օրի չէին: Ճիշտ է, ձեւականորեն նրանք իրենց ուզածին հասան՝ նիստը չկայացավ, բայց դա տեղի ունեցավ ոչ թե իրենց, այլ նախագահի հայտնած «համոզմունքի» շնորհիվ: Այսինքն, եթե վաղը նախագահը «համոզմունք հայտնի», որ պատգամավորներն, ասենք, չեն մասնակցի բյուջեի քննարկմանը, վարչապետն ու իր թիմակիցները կարող են իրենք իրենց գործազուրկ համարել:
Բայց արդյո՞ք այս ամենի արդյունքում նախագահը շահեց: Նա, ճիշտ է, հերթական անգամ «բոլորին տեղը դրեց» եւ կարողացավ ապացուցել, որ ինքն է խորհրդարանի տերը, բայց միաժամանակ ստիպված եղավ հայտարարել, որ ինքը երբեւէ ժողովրդին չի խոստացել վերադարձնել ավանդները: Պարզ ասած, այս ամենի արդյունքում ժողովուրդը հասկացավ երկու բան. 1. Նախագահը երկիրը ղեկավարում է միանձնյա: 2. Նախագահը մտադիր չէ վերադարձնել ավանդները: Իսկ քաղաքական ուժերը պարզապես փորձեցին իրավիճակից առավելագույն օգուտներ քաղել եւ «ապացուցել», որ դիմացիններն ամենեւին էլ չեն մտածում ժողովրդի մասին, իսկ իրենք գիշեր-ցերեկ մտածում են:
Մի խոսքով, լավ բան չստացվեց: Իսկ ստորագրություններն այնքա~ն գեղեցիկ էին…