Հայաստանի պետական կառավարման համակարգն այսօր կառուցված է բացառապես Ռոբերտ Քոչարյանի անձնական որոշումների, հրահանգների եւ ուղերձների վրա։ Ընդ որում, միշտ չէ, որ այդ հրահանգներն ու ուղերձները հասարակությունից թաքուն են պահվում։ Իր պաշտոնավարման ութ տարիների ընթացքում Քոչարյանն այդպիսի մի քանի առանցքային ուղերձներ է հղել (սոցիալիստական երկրներում դրանք կանվանվեին թեզիսներ կամ դիրեկտիվներ, սոցիալիստական կուսակցություններում` շրջաբերականներ)։ Ուղերձ համար մեկ (ուղղված պետական պաշտոնյաներին). «փողի վրա նստած` փո՞ղ եք ուզում»։ Հրահանգը հասկանալի էր. բյուջեն մի՛ ծանրաբեռնեք, ինքներդ ձեր գլխի ճարը տեսեք, եթե ձեւը չգիտեք` դուրս եկեք աշխատանքից, թող ուրիշներն աշխատեն։ Նկատենք, որ այս ուղերձի «հրապարակումից» հետո առ այսօր ոչ մի պետական հիմնարկ բյուջետային միջոցների պակասից չի բողոքել։
Ուղերձ համար երկու` ուղղված մտավորականներին. «մի՛ նվնվացեք»։ Եվ զարմանալի բան` մտավորականներն իսկապես այլեւս չեն նվնվում։ Իսկ ինչո՞ւ նվնվան, եթե Հյուսիսային պողոտայի գեղեցկությունը փառաբանելը տնտեսապես ավելի շահավետ է, առավել ճարպիկները կարող են ինչ-որ կերպ ինտեգրվել «Մեկ ազգ, մեկ մշակույթին», իսկ սոցիալապես համեմատաբար անապահովների համար «Բարգավաճ Հայաստանում» կամ «Նիգ-Ապարանում» միշտ էլ տեղ կգտնվի։ Փոխարենը` մտավորականությանը ժամանակ առ ժամանակ թույլատրվում է ոչ թե նվնվալ, այլ «բողոքի ձայն բարձրացնել»։ Ասենք` ջավախահայության իրավունքների համար (եթե Պուտինի եւ Սահակաշվիլու հարաբերությունները մի քիչ լարվում են)։
Ուղերձ համար երեք` ուղղված ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին. «Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելով եւ հանրահավաքներ անելով` դուք ջուր եք լցնում մեր թշնամիների ջրաղացին։ Սրանից արդեն դավաճանության հոտ է գալիս»։ Եվ նորից զարմանալի բան, այս ուղերձից հետո ընդդիմությունն այլեւս հանրահավաքներ չարեց։ Հատուկենտ քաղաքական ակցիաներն էլ խիստ օգտակար էին Քոչարյանի համար` նրան հնարավորություն էին տալիս ղարաբաղյան բանակցությունների սեղանի շուրջ կոշտ դիրքորոշում որդեգրել եւ դա բացատրել Հայաստանի ներքաղաքական լարվածությամբ։
Ուղերձ համար չորս` ուղղված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպիչներին. «պետք է հանրաքվեի շուրջ միասնության շուրջպարի մթնոլորտ ստեղծել»։ Այսինքն, սրանից հետո ընտրությունների արդյունքները որոշվելու են նախապես, իսկ բուն ընտրությունները վերածվելու են համազգային տոնախմբության։ Այս հրահանգը նույնպես ճշտորեն կայացվեց. հանրաքվեի օրը գառներ էին մորթվում, տոնական սեղաններ էին բացվել, իսկ զուռնաչիներն ու դհոլչիները մեծ պահանջարկ էին վայելում։ Բայց հանուն ճշմարտության պետք է խոստովանել, որ այս վերջին ուղերձը միայն մասամբ ընդունվեց։ Քոչարյանն ինքը հանրաքվեի օրը բաց քվեարկություն կատարեց եւ ըստ էության դրանով իսկ բոլորին կոչ արեց նույն կերպ վարվել, բայց գրեթե ոչ մեկն այդպես չվարվեց։ Հասարակությունը դրան դեռ պատրաստ չէր։
Եվ այնուամենայնիվ, դատելով ներքաղաքական զարգացումներից, 2007թ. խորհրդարանական ընտրությունները նույնպես անցնելու են «միասնության շուրջպարի մթնոլորտում»։ Այսինքն, ընտրությունները վերածվելու են համազգային տոնախմբության։ Մտավորականներն առանձնապես չեն նվնվալու, ընդդիմությունն առանձնապես մեծ հանրահավաքներ չի անելու (որպեսզի հանկարծ դրանից դավաճանության հոտ չգա), եւ այլն։ Վիկտոր Դալլաքյանն արդեն այսօրվանից է, չէ՞, վստահ, որ համենայն դեպս «Բարգավաճ Հայաստանն» ազատ-արդար-թափանցիկ ընտրությունների դրոշակակիրն է լինելու։ Լիովին կիսում ենք նրա վստահությունը եւ հիացած ենք նրա քաղաքական հեռատեսությամբ։ Մնում է, որ մի երկու ընդդիմադիրներ էլ նման «վստահություն հայտնեն» «Միավորում Հանուն Հայաստանի» կուսակցության, ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի ազնիվ մտադրությունների մասին, եւ վերջ. միասնության շուրջպարի մթնոլորտն ապահովված է։
Փաստորեն, միակ վտանգը մնում է Մանուկ Գասպարյանի ԺՈՒԿ-ը։ Նա հայտարարել է, թե մտադիր է առնվազն 20 տոկոս ձայն հավաքել եւ դառնալ վարչապետ։ Այսինքն, եթե պատահաբար 19 տոկոս ստանա, կարող է հայտարարել, որ ընտրություններն այնքան էլ ազատ-արդար-թափանցիկ չեն անցել։ Բայց սրանից արդեն դավաճանության հոտ է գալիս…