Քաղաքներում ամռանը ժամանակը դանդաղ է հոսում։ Նեգրական բլյուզից կամ սպիլիչուելից դանդաղ։ Գյուղերում հեշտ է։ Գյուղացին զբաղմունք ունի` այգի ու բանջարանոց է ջրում, խնամում, բերք հավաքում։ Քաղաքում (հատկապես մայրաքաղաքում) զբաղմունք չկա։ Տեսարան էլ չկա։ Բառի բոլոր իմաստներով։ Պատուհանների տակ կառուցված (կամ կառուցվող) հերթական անհեթեթ բարձրահարկը փակել է դեպի լյառն Մասիս բացվող տեսարանը։ Ազգային ժողովն էլ ավարտել է թատերաշրջանը։ Իսկ վերջին նիստն իսկապես դիտարժան տեսարան էր։ Ընդդիմադիր պատգամավորներն ավանդաբար իշխանություններին թալանչի ու գանձագող էին անվանում։ Այս անգամ մեղադրանքներն ուրիշ էին` զգացվում էր Եվրոպային ինտեգրվելու շունչը։ Ճիշտ է` ԿԲ նախագահն օրիգինալ չէր։ Նա պատգամավորներին առաջարկեց իր ղեկավարած գրասենյակում հավաքարար աշխատել։ (Մասնագիտական հանձնաժողովի որակավորումն անցնելուց հետո, իհարկե)։ Թվում էր, թե բանավեճն իսկապես ընթանալու էր լաչառ հարեւանուհիների խոսքուզրույցի մակարդակում։ Բացի այդ, զգացվեց մեր խորհրդարանի եվրոպական մակարդակը։ Խորհրդարանականները ԿԲ նախագահին հայտարարեցին փոքրամասնության անդամ եւ անմաքուր ծագում ունեցող։ Հետո բարիշեցին։ Այս տեսարանն էլ ավարտվեց։ Ավարտվեց` ավանդական ջերմ ձեռքսեղմումներով, որին հաջորդում է Հրազդանի ձորի որեւէ «օբյեկտում» իրար հետ մի կտոր հաց ուտելու ծեսը։ Վեճի ընթացքում անակնկալ արժեւորվող տարադրամը նորից շարունակեց արժեզրկման գործընթացը։ Ամռան շոգին միակ տեսարանը մնաց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։
Գերմանիայի հավաքականի սառնասիրտ խաղն անգամ չի զովացնում ամառային շոգ երեկոն։ Մայրաքաղաքի բնակչության միակ ուրախությունն այս օրերին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի աշխատակիցներն են։ Նրանք ընկել են տնետուն` բնակիչներին առաջարկելով պայմանագիր կնքել իրենց հետ։ «Կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման պայմանագիրը» լրիվ նորություն է։ Այն լուրջ փաստաթուղթ է եւ արժե գոնե մեկ անգամ ընթերցել։ Սույն պայմանագրով սահմանվում են գազամատակարարի եւ սպառողի իրավունքները։ «ՀայՌուսգազարդը» պարտավորվում է բաժանորդի գազամատակարարումների ընդհատումների թիվը նվազեցնել։ Ըստ պայմանագրի` այն «չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տեւողությունը` 36 ժամը, բացառությամբ այն դեպքերի, երբ ընդհատումը վթարի եւ վթարային իրավիճակներում սարքավորումների ավտոմատ կարճաժամկետ անջատումների կամ ֆորս-մաժորի հետեւանք է»։ Ֆորս-մաժորն առանձին նկարագրված է սույն պայմանագրում, եւ դրան առանձին կանդրադառնանք։ Իսկ այս կետից կարելի է եզրակացնել, որ «ՀայՌուսգազարդը» պարտավորվում է, որ 36 ժամից ավելի չի անջատի գազը, եթե վթար տեղի չի ունեցել։ Օրիգինալ պարտավորություն է։ Նույնիսկ մեկնաբանել պետք չէ։ Այն, որ «ՀայՌուսգազարդն» իր վրա որեւէ պարտավորություն չի վերցնում, նկատելի է ֆորս-մաժորային իրավիճակները նկարագրող հատվածում։ Այս կազմակերպությունն անկեղծ զգուշացնում է, որ բաժանորդներին գազ չի մատակարարի «բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսեւորումների» դեպքում։ Ջրհեղեղ, երկրաշարժ եւ այլն թվարկելուց հետո նշում է, որ իրեն պարտավորություններից ազատ է համարելու «սաբոտաժային գործողությունների, ահաբեկչությունների, պատերազմների, ապստամբությունների, հասարակական անկարգությունների, գործադուլների» … եւ ուրիշ «դեպքերի եւ հանգամանքների» պարագայում։ Մեր հայրենի իշխանությունները երեւի «ՀայՌուսգազարդին» տեղյակ չեն պահել, որ մեր երկիրը քաղաքականապես ամենակայունն է տարածաշրջանում։ Իսկ «ՀայՌուսգազարդն» էլ իր հերթին սպառողներին տեղյակ չի պահում, թե որ երկրում ծագած ապստամբությունների եւ ամենակարեւորը ո՞ր հիմնարկությունում տեղի ունեցող գործադուլների պատճառով գազ չի մատակարարելու։ Այն, որ իրենք իրենց ազատում են հնարավոր բոլոր պարտականություններից` հասկանալի է։ Փոխարենն անհասկանալի է բաժանորդին պարտավորեցնելու «զ» կետը։ Այդ կետի համաձայն` բաժանորդը վթարային իրավիճակներ, գազի արտահոսք հայտնաբերելու դեպքում չի տեղեկացնում համապատասխան ծառայություններին։ Բնակիչը պարտավոր է «փակել ներտնային համակարգի եւ գազօգտագործող բոլոր սարքավորումների փականները (անհրաժեշտության դեպքում` նաեւ հաշվառքի սարքի արկղում տեղակայված փականները), օդափոխել շինությունը, չօգտվել բաց կրակից, չմիացնել եւ չանջատել էլեկտրասարքեր»։ Այսքանից հետո նոր բաժանորդը պարտավոր է անհապաղ հայտնել Մատակարարին։ Այսինքն` մինչեւ վթարն ու հետեւանքները չվերացնեք, շինությունը չօդափոխեք` մեզ չանհանգստացնեք։ «ՀայՌուսգազարդի» մասնագետները հո չե՞ն գալու չօդափոխված շինություն։ Այն, որ բաժանորդի վրա մեկ-երկու մանր սխրանք կամ հրաշք գործելու պարտավորություն չեն դրել, խրախուսելի է։ Նույնիսկ կարելի էր շնորհակալություն հայտնել։ Եթե իհարկե, չլիներ «ՀայՌուսգազարդի» վերջին ամիսների ագրեսիվ գործունեությունը։ Այս հիմնարկությունը նախ դուրս մղեց բոլոր կազմակերպություններին, որոնք բնակչության հետ տեխնիկական սպասարկման պայմանագրեր էին կնքել։ Հիմա այս ոլորտում էլ «ՀայՌուսգազարդը» մոնոպոլիստ է։ Եվ բնականաբար իրեն պահում է մոնոպոլիստի նման։ Նախ` գազօգտագործման սարքերի տեխնիկական սպասարկման գինը բարձրացրել է համարյա 2 անգամ։ Նախկինում բնակչությունը մուծում էր 3 հազար դրամ, իսկ հիմա` 5700։ Հետո հասկացել է, որ Հայաստանում խեղդվողի փրկությունը միշտ իր` խեղդվողի գործն է։ Այսինքն, բաժանորդն ինքը (եթե, իհարկե, ինքնասպան չէ) ամենաշահագրգիռ կողմն է, որ իր սարքերը անվտանգ աշխատեն։ Ուստի տարեկան սպասարկման վարձը գանձում է` հունիսի շոգ երեկոներին ֆուտբոլի խաղերի արանքում բնակիչներին այցելելով։ Ոչինչ, որ սպասարկման ժամկետի կեսն անցել է, եւ իրենց կազմակերպությունը ոչինչ չի արել։ Մոնոպոլիստը երբեք էլ ոչինչ չի անելու։ Բացի, իհարկե, փող հավաքելուց։ Եվ նրա գործելաոճն անկախ է ամեն ինչից։ Նույնիսկ ֆուտբոլի առաջնությունից ու սույն պայմանագիրը գրանցող ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։