Իրավիճակի փոփոխություն Արագածոտնո՞ւմ

23/06/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Արագածոտնում գլխավոր դատախազի եւ դաշնակցականների շահերը հաճախ են բախվում: Երկու կողմերից ոչ մեկին չի հաջողվել մարզն «իրենով անել»: Ապարանում, բնական է, ուժեղ են Հովսեփյանի դիրքերը: Իսկ Աշտարակում հզոր են դաշնակները, որովհետեւ մարզկենտրոնն այդտեղ է, եւ դաշնակցական մարզպետերը բոլոր ղեկավար պոստերում նշանակել են իրենց կուսակիցներին: Դաշնակցական չէր միայն միլպետը, նրան էլ գործից հանեցին: Ճիշտ է. Գ.Ալեքսանյանին տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայան, որը եկամտաբերության տեսակետից ավելի շահավետ է գնահատվում, սակայն քաղաքական տեսակետից` նրան տեղափոխել են, որպեսզի մարզում հավասարակշռեն դատախազ-դաշնակցական ազդեցության հարաբերակցությունը: Հիմա, երբ նախընտրական նախապատրաստական մեծ վերադասավորումներ են սկսվել, մարզում սրվել է այս երկու ուժերի շահերի բախումը: Ա.Հովսեփյանն իր լծակներով աշխատում է ճնշել դաշնակցականներին: Մասնավորապես՝ մարզային դատախազությունում քննվում են տեղի մի քանի դաշնակցական պաշտոնյաների հետ կապված գործեր: Հիշեցնենք Աշտարակի Գ.Ղափանցյանի անվան դպրոցի տնօրեն Ալիկ Բաբայանի, մարզպետարանի Կրթության վարչության պետ Սիրամարգ Ղուկասյանի հետ կապված չարաշահումների մասին պատմությունը: Ա. Բաբայանի մասին դիմում-բողոքներ են գնացել մարզային դատախազություն, որ նա վաճառել է 15 ատեստատ եւ դպրոցում բազմաթիվ այլ չարաշահումներ թույլ տվել: Բաբայանն էլ իր ցուցմունքներում նշել է, որ ինքն այդ չարաշահումները կատարել է դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանի եւ Սիրամարգ Ղուկասյանի գիտությամբ ու մասնակցությամբ: Ա.Ղուկասյանի դեմ գործ հարուցվել է դեռեւս փետրվարի 20-ին, սակայն մինչեւ հիմա հանգուցալուծում չի ունեցել: Դատախազությունը մեծ ցանկություն ունի ջրի երես հանել դաշնակցական պաշտոնյաների ստվերային ու հանցավոր գործունեությունը, սակայն իշխանությունների թույլտվությունը չունեն: Ավելին, կադրային վերջին փոփոխությունները ենթադրում են, որ Ռոբերտ Քոչարյանը հակված է դաշնակցականներին ավելի ուժեղացնել մարզում: Աշտարակցիները պատմում են, որ Ա.Հովսեփյանի անվան հետ կապված «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունն իր մարզային կառույցն էր բացել Աշտարակում եւ ղեկավար էլ նշանակել էր «Աշտարակի ձոր» հայտնի ռեստորանային համալիրի սեփականատեր Կարեն Գեւորգյանին: Վերջինս համարվում է գլխավոր դատախազի մերձավորներից: Հիմա ոչ միայն այդ նորաստեղծ կառույցն են փակել, այլեւ լուրեր են շրջում, թե Կ.Գեւորգյանին ստիպել են վաճառել ռեստորանային համալիրն ու հեռանալ: Մի հետաքրքիր հանգամանք էլ՝ աշտարակցիները լսել են, որ հիմա երերուն է նաեւ մարզային դատախազ Համլետ Զաքոյանի աթոռը: Սա Աշտարակում բացատրում են նրանով, որ Ռ. Քոչարյանը դատախազին ինչ-ինչ բաներ է հասկացնում: Վերջերս էլ ոչ պաշտոնական տեղեկատվություն եղավ, թե կաշառակերության համար գործից ազատվել է Աբովյանի ԶԱԳՍ-ի վարիչը, որը Ա.Հովսեփյանի զարմուհին է: Նրա գործը հիմա քննում է դատախազությունը:

Բացի այդ, աշտարակցիները պատմում են, որ մարզում հիմա կայուն եւ խորը հիմքեր է գցում Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Դա վկայելու համար նշում են, որ Գ.Ալեքսանյանի փոխարեն ոստիկանապետ նշանակվեց Նվեր Պողոսյանը, որն, ասում են, Գ.Ծառուկյանի սանիկն է:

Մեկ ամիս առաջ տեղացիները համոզված էին, որ պաշտոնանկ է արվելու ոչ միայն Գաբրիել Գյոզալյանը, այլեւ Կրթության վարչության պետն ու դպրոցի տնօրենը: Հիմա նրանք իրադարձությունների փոփոխությունից հասկացել են, որ «Քոչարյանն այստեղ ինչ-որ խաղեր է տալիս, դաշնակներին դեռ չի պատժում, սպասում է` ավելի հարմար պահի օգտագործել նրանց դեմ ունեցած կոմպրոմատները»: Իսկ մինչ մարզում շահերի վերաբաժանում է տեղի ունենում, դաշնակցականները փորձում են ունեցած հնարավորություններն օգտագործել հնարավորինս արդյունավետ: Նրանք երջանկանում են այն հանգամանքից, որ իշխանությունները թույլ չեն տալիս, որ դատախազությունը քննի իրենց հետ կապված գործերը: Աշտարակցիներն ասում են, որ Ա. Բաբայանն իր կուսակցական վերնախավի միջոցով կարողացել է Գերմանիայի դեսպանատան հետ պայմանավորվածություն ձեռք բերել, որ դպրոցը դարձնեն քոլեջ՝ գերմաներեն թեքումով: Ընդ որում՝ ներքին պայմանավորվածություն կա, որ դպրոցի մասնաշենքերից մեկն ինչ-ինչ նպատակների համար տալու են դաշնակցությանը, իսկ մյուսի վրա էլ աչք ունի Հովիկ Աբրահամյանը, եւ միայն մեկ մասնաշենքն են թողնում քոլեջի համար: Աշտարակցիները վախենում են, որ դաշնակցականներն իրենց դպրոցը «բարդակ» կդարձնեն եւ անհանգստացած են իրենց երեխաների համար: Այդ դպրոցի 10-15 շրջանավարտների ծնողները բողոքում են, որ իրենց երեխաները 2 տարի հնարավորություն չեն ունեցել բուհ դիմել, որովհետեւ Ա.Բաբայանը նրանց ատեստատները վաճառել է: Իսկ Արագածի շրջկենտրոն Ծաղկահովիտի հիվանդանոցի գործող կաթսայատունն այս օրերին քանդում են: Ականատեսներն ասում են, որ պարսկական 2 մեծ մեքենաներ բարձել են կաթսայատան տեխնիկան եւ տարել: Շրջակայքի բնակիչները համոզված են, որ այս գործի մեջ խառն է Գ. Գյոզալյանի մատը, տեղյակ են նաեւ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արթուր Բասենցյանը եւ Ծաղկահովիտի միլպետ Հարություն Սուքիասյանը:

Երեքշաբթի մենք այցելեցինք Աշտարակ` հանդիպելու մարզպետի, Կրթության վարչության պետ Ս.Ղուկասյանի, դատախազ Համլետ Զաքոյանի եւ հիշատակված մյուս պաշտոնյաների հետ, սակայն բոլոր տեղերում պատասխանեցին, որ «շեֆը տեղում չէ»: Մարզպետն արձակուրդում է, Ս.Ղուկասյանը տեղում չէ եւ չի լինելու: Տեղում չէր նաեւ դատախազ Հ. Զաքոյանը, բայց նա քարտուղարուհու միջոցով մեզ պատասխանեց, որ Ա.Բաբայանի հետ կապված գործը դեռ նախաքննության փուլում է, որի գաղտնիությունից ելնելով` մանրամասներ չեն հրապարակում: Իսկ Ղուկասյանի գործի հետ կապված դատախազը խորհուրդ էր տվել հետաքրքրվել Գլխավոր դատախազությունից: Բայց քանի որ Դատախազության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գուրգեն Ամբարյանը մեզ մի անգամ պատասխանել էր, թե նախաքննության գաղտնիությունից ելնելով` մեզ ոչինչ չի կարող ասել, նրան չդիմեցինք: