Բազմիցս անդրադարձել ենք այն խնդրին, որ Արագածոտնը համարվում է դաշնակցական մարզ, եւ մարզի բազմաթիվ բնակիչներ տուժել են այդ կուսակցության «թունդ» ներկայացուցիչների եւ իրենց դաշնակցական ղեկավարների կամայականություններից: Այս անգամ էլ կանդրադառնանք կանադահայ դաշնակցական Հարություն Կալայջյանի որոգայթներին, որի մեջ ընկել է աշտարակցի Արմինե Սիմոնյանը:
Հ.Կալայջյանը բոլոր սփյուռքահայերի նման ազնիվ ցանկություն է ունեցել հայրենիքում տուն-ամառանոց գնել, որ տարին մի երկու ամիս գա, հանգստանա եւ գնա: Ինքը Արագածոտնի մարզպետի խորհրդական դաշնակցական Համբարձում Կարապետյանի մանկության ընկերն է: Մարզպետի խորհրդականն իր ընկերոջ համար Աշտարակում ծախու տուն է գտնում՝ Ա. Սիմոնյանի երկհարկանի առանձնատունը եւ փոքր հողակտորը: Տան, բակային տարածքի եւ հողի զբաղեցրած ընդհանուր մակերեսը 850 քմ է: 2003թ. սեպտեմբերին 58.000 դոլարով իրականացնում են տան առքուվաճառքը: Հ. Կալայջյանն այդ ժամանակ վճարում է 28.000 դոլարը՝ պարտավորվելով մինչեւ 2004թ. մարտի 30-ը վճարել եւս 20.000 դոլար, իսկ մնացած 10.000 դոլարը՝ մինչեւ հուլիսի 30-ը, եւ մեկնում է Կանադա: Գումարի երկրորդ մասը նա Կանադայից ուղարկում է, իսկ երբ գործը հասնում է վերջին 10.000 դոլարին, մեծ պատմություն է բացվում, որը մինչեւ հիմա դեռ ավարտված չէ: Մինչեւ վճարման երրորդ ժամկետի ավարտը պարոն Կալայջյանը նորից է գալիս Հայաստան, սակայն հրաժարվում է վճարել 10.000 դոլար պարտքը: Դրա համար նա լրացուցիչ պահանջներ ունի. իրեն տալ տան դիմաց գտնվող 1000 քմ տարածքով երկրորդ հողակտորը, որը պատկանում է Արմինեի հորը՝ Հակոբ Սիմոնյանին: Հիշեցնենք, որ այդ հողակտորը տան հետ առքուվաճառքի առարկա չի եղել: Ուղղակի Ա. Սիմոնյանը պարտավորագիր է տվել, որ հետագայում ինչ-որ պարտավորվածության դիմաց դա էլ կհանձնվի Հ.Կալայջյանին: Այդ պարտավորվածության մասին պայմանավորվածությունը եղել է բանավոր եւ ոչ մի կապ չի ունեցել տան առքուվաճառքի գործարքի հետ: Բայց իրականում Ա. Սիմոնյանը հողի վրա իրավունք չի ունեցել, որովհետեւ դա պատկանում է հորը: Սակայն երբ այդ բանավոր պայմանավորվածությունը Կալայջյանը չի կատարել, հողը նրան չի հանձնվել: Մի խոսքով, Հ.Կալայջյանը թեպետ իր խոստումը չի կատարել, բայց ուզում է հողը վերցնել: Իսկ Ա. Սիմոնյանն էլ՝ տեսնելով, որ գնորդը չի ուզում պարտքը տալ՝ դիմում է Արագածոտնի մարզի 1-ին ատյանի դատարան, որպեսզի տան առքուվաճառքի պայմանագիրը չեղյալ համարի: Դատարանը դատավոր Գոհար Խաչատրյանի գլխավորությամբ հայցը չի ընդունում՝ պատճառաբանելով, թե պատասխանողի հասցեն նշված չէ: Բայց հայցադիմումի եւ տան առքուվաճառքի պայմանագրում նշված է, որ Հ. Կալայջյանը Կանադայի Տորոնտո քաղաքի բնակիչ է: Բացի այդ, ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը թույլ է տալիս դատարանին նրա նկատմամբ դատական գործ հարուցել, քանի որ նա այդտեղ սեփականություն ունի, անկախ նրանից` նա տեղի քաղաքացի՞ է, թե՞ ոչ: Ա. Սիմոնյանը 2-րդ անգամ է դիմում դատարան, այս անգամ` «տան առքուվաճառքի պայմանագիրը չեղյալ համարելու կամ չվճարված 10.000 դոլարը եւ կրածս տույժերն ու վնասները բռնագանձելու պահանջով»: Այս անգամ էլ նրա հայցը չեն բավարարում: Դրա հետ միաժամանակ` դատարան է դիմում Հ.Կալայջյանը, թե` բավարարեք իմ 10.000 դոլար չվճարելու պահանջը: Դատավոր Գ. Խաչատրյանն այս հայցը բավարարում է: Ստացվում է, որ Գ.Խաչատրյանը 2 տարբեր հայցերից մեկը բավարարելով եւ մյուսը մերժելով` իրականում պաշտպանել է մի՝ Հ.Կալայջյանի պարտքը չվճարելու ցանկությունը: Արմինե եւ Հակոբ Սիմոնյանները հավատացած են, որ դատավորը կողմնակալ վերաբերմունք ունի այս խնդրի նկատմամբ: Նրանք նաեւ կարծում են, որ իրենց «հակառակորդը» դրա համար «երախտահատույց» է եղել դատավորին: «Հակառակ դեպքում՝ ինչպե՞ս հասկանալ այդ դատավորին, որն այս պարտավորագիրը գործի մեջ որպես փաստ է ընդունում,- ասում է Հ.Սիմոնյանը: -Հողի սեփականատերը ես եմ, ցանկացած մեկի տված պարտավորագիրն այդ հողի նկատմամբ առ ոչինչ է: Ինչպե՞ս կարելի է նման թղթի կտորը փաստաթղթի տեղ ընդունել: Ի՞նչ է՝ նա այդքան բան չի՞ հասկանում: Իսկ եթե հասկանում է, ուրեմն՝ անօրինական ձեւով է Հ.Կալայջյանին պաշտպանում, ուրեմն՝ դրանից ինչ-որ օգուտ ունի»:
Արժե մեջբերել, որ այս 2 հայցերի՝ Գ. Խաչատրյանի վճիռների տեքստերը խիստ նման են: Սա մեկ անգամ եւս հաստատում է այն կարծիքը, թե դատավորն ու Հ.Կալայջյանը ներքին ինչ-որ համաձայնության են եկել: Այս մարզի դատավորները դաշնակցական չեն, բայց քանի որ ղեկավարությունն է դաշնակցական, նրանք աշխատում են այդ կուսակցության ներկայացուցիչներին «լավ նայել», անկախ այն հանգամանքից՝ նրանց պահանջն օրինակա՞ն է, թե՞ ոչ: Գ. Խաչատրյանի նման վարքի համար Սիմոնյանները նրա նկատմամբ 2 անգամ բացարկ, այսինքն՝ նրա արդար գործունեության նկատմամբ անվստահություն են հայտնել: Սակայն ամեն անգամ դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը հայցը մակագրել է Գ.Խաչատրյանի անունով:
Ի դեպ, վաճառված տունը գտնվում է Աշտարակի Մուղնի թաղամասում, Քասախ գետին հարող տարածքում: Հ.Սիմոնյանը երկար տարիներ մշակել, մեծ քանակով հող է լցրել եւ այգի է դարձրել նաեւ Քասախի կիրճի զառիթափ լանջից մոտ 1800 քմ քարքարոտ տարածքը: Հ.Կալայջյանը դատարան է դիմել, որ իրեն հատկացնեն ոչ միայն տան դիմաց գտնվող 1000 քմ հողը, այլեւ այդ տարածքը, որը մինչ այդ եղել է պետական սեփականություն: Փաստորեն, կանադահայ դաշնակցականն՝ այստեղ ունենալով իր կուսակիցների աջակցությունը, տան գնի մի մասը վճարելով` ցանկություն ունի տիրանալ ոչ միայն ամբողջ տանը, այլեւ դիմացի 1000 քմ եւ կիրճի 1800 քմ տարածքին: Իսկ Սիմոնյանները` նկատի ունենալով, որ Հողային օրենսգիրքը քաղաքացուն թույլ է տալիս 10 եւ ավելի տարիներ շահագործած հողակտորը սեփականացնել առաջնայնության իրավունքով, դիմել են դատարան եւ ի վերջո ձեռք բերել զառիթափի 1800 քմ հատվածի 40 տարվա վարձակալության իրավունքը: Դատական այս քաշքշուկների 2 տարիների ընթացքում տուժել են ոչ միայն Սիմոնյանները, այլեւ այգու ծառերը. անջրդի մնալով` նրանք լրիվ չորացել են: Այս գարնանը նոր միայն տեղի դատարանը Հ.Սիմոնյանին թույլ է տվել մտնել իր տարածք եւ մշակել այգին: Վերջերս մարզպետարանի եւ քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցները եկել եւ արձանագրել են, որ «սնուցման բացակայության պատճառով խախտվել է ծառերի վեգետատիվ աճը եւ գալիք տարիների բերք ստանալու պայմանը»: Հիմա Հ. Սիմոնյանը մտադիր է այդ աշխատակիցներից ստանալ վնասի ֆինանսական գնահատականը եւ կանադահայ դաշնակցականից փոխհատուցում պահանջել իրեն պատճառած հսկայական վնասի դիմաց: Իսկ Ա. Սիմոնյանն իր վաճառված տան մնացած գումարը հույս չունի ստանալ մարզային դատարանի օգնությամբ, նա այլեւս չի վստահում իրենց դատավորների անաչառությանն ու այս անգամ դիմել է Վերաքննիչ դատարան: Եթե, իհարկե, դաշնակների ձեռքն այստեղ էլ չհասնի: