1. Սոցիալական հասարակությունից դեպի ազգային անկախություն
1988թ. մեր գիտակցության մեջ շրջադարձային տարի եղավ: Վերջին 15 տարիներին (այսինքն՝ 1973-ից) առաջին անգամ մենք անհարմար զգացինք մեր հանրապետության ղեկավարների համար՝ կանգնելով դժվարությունների եւ մեր մտքերի ու զգացմունքների դեմ հանդիման: Մենք չափազանց էմոցիոնալ ազգ ենք, եւ դա հաճախ մեզ խանգարելու է, քանզի իբրեւ ազգ՝ մենք պատանու նման ոգեւորվում ենք ու ծերունիների նման հիասթափվում…
Եվ այսպես, Թատերական հրապարակի բեմում հայտնվեցին հարյուրավոր առաջնորդներ, որոնք խոսում էին ժողովրդի անունից, խոսում էին իբրեւ առաջնորդներ, ցարեր ու ժողովրդավարներ: Ժողովուրդը սկսեց կամաց-կամաց վարժվել նրանց. հասարակության յուրաքանչյուր շերտ ընտրում էր իր սիրեցյալին, իսկ ավերումների մեխանիզմն ընտրում էր իր առաջնորդներին: Նոյեմբերի սկզբին կայուն գոյություն ունեին «Ղարաբաղ» կոմիտեի առաջնորդները, որոնք ձեռնտու էին այս քաղաքական խաղի բոլոր կողմերին:
Այնպես պատահեց, որ հեռավոր Ֆրանսիան սկսեց «հովանավորել» այդ առաջնորդներին, օրինակ՝ «Ղարաբաղ» կոմիտեի այն ժամանակվա իրական առաջնորդ Վազգեն Մանուկյանին աջակցում էր Գրենոբլը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ Փարիզը…Դուրս է գալիս, որ երկրի ապագա առաջնորդներին Երեւանո՞ւմ չէին ընտրում:
ԽՍՀՄ-ն ինտելեկտուալ երկիր էր, եւ իհարկե, հայերն իրենց առաջնորդ էին տեսնում հենց ինտելեկտուալ մարդու: Կոմիտեի հինգ կարեւորագույն առաջնորդները (բացի վերը նշվածներից՝ նաեւ Գալստյանը, Արարքցյանը եւ Մանուչարյանը) շատ չափանիշներով նման էին իրար, եւ առաջին հերթին նրանք բոլորն էլ մտավորականության միջավայրից էին: Սակայն ուժերին, որոնք պետք է իշխանությունը հանձնեին, ամենակարեւոր հարցերում հարկավոր էին ազդեցության որոշակի լծակներ՝ համաձայնել երկիրը վերափոխելուն, ավելի ճիշտ՝ քանդելուն: Դրան բոլորն էին գնում, սակայն ամենից մոտն ու ամենահամոզիչը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, որի քաղաքական կերպարն ամենից համոզիչն էր այն ժամանակվա հասարակության համար:
Հենց նա էլ պետք է խաղար այդ քաղաքական դերը ԽՍՀՄ-ի ոչնչացման արդեն որոշված սցենարում՝ ազգային շարժման վճռական, հաշվենկատ եւ խորապես ամեն ինչ հասկացող առաջնորդի դերը, որը պետք է ղեկավարեր անկախ Հայաստանը: Այդ գլոբալ ներկայացման հիանալի իմիջմեյքերները ստեղծեցին երկրի ապագա առաջին նախագահի կերպարը: Բարձրահասակ, փոքր-ինչ վերացած, իր մտքերի մեջ խորասուզված, ուշադիր եւ վերլուծությունների մեջ պինդ, ղեկավարող կուսակցությանը չպատկանող, ազգային ինստիտուտից՝ ահա այն որակները, որ առաջարկվում էին հասարակությանը, եւ հասարակությունը գնեց դրանք: Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հումանիտար կրթություն ունեցող, որ բավականաչափ գիտելիքներ ուներ բանասիրության եւ ազգային ու կրոնական պատմության բնագավառներից, դառնում է Հայաստանի առաջին նախագահը: Իրականում արդեն 1991թ. վերջերին, երբ նախագահ էինք ընտրում, «Ղարաբաղ» կոմիտեի առաջնորդներն արդեն շատ էին հեռացել 1988-ի իդեալներից: Ավելին, նրանք համաժողովրդական շարժումից ստեղծել էին կուսակցություն, որի շարքերը բոլշեւիկների նման ընդունում էին յուրայիններին: Սակայն նախագահը պետք է ցույց տար իր դեմքը, իր մտածելակերպը, ժողովրդի կյանքի եւ նրա խնդիրների նկատմամբ իր վերաբերմունքը: Եվ նա ցույց տվեց: Ավերածությունն ու ցինիզմը վերափոխվող Հայաստանի հիմնական վեկտորներն էին. Հայաստանը կորցրեց առաջին հարյուր-հազարավոր իր քաղաքացիներին, որոնց հույսերն ու մտավախությունները մնացած հարյուր-հազարավորների համար մշտական վախի, անհանգստության պատճառ դարձան: Երկիրը կորցրեց ապագա զարգացումը. հիշենք Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը՝ «Իսկ ինչո՞վ է պակաս Սիրիան»: Պատասխանենք. «Ոչ մի բանով, պարզապես դա ուրիշ երկիր է, եւ նրա ժողովրդի աշխարհայացքը բացարձակապես չի համընկնում հայերիս աշխարհայացքի հետ: Եվ դա ամենակարեւորն է»: Ադրբեջանի դեմ պատերազմում հաղթանակ տարավ հենց Խորհրդային Հայաստանը, եւ փառք Աստծո, որ նա կարողացավ դա անել ժամանակին:
Ապագայի հետ կապված ծրագրի բացակայությունը, ահավոր լկտիությունը (որը շարունակվում է նաեւ հիմա՝ երկրորդ նախագահի օրոք), որ իրենք իրենց եւ բյուրոկրատական մեքենային թույլ են տալիս առաջին դեմքերը, քաղաքացիների զարգացման համար անհնարին պայմաններ ստեղծեցին: Իրենց սեփական զենքով սահմանամերձ շրջաններն ու Ղարաբաղը պաշտպանած քաղաքացիները լքում են երկիրը` ցավով ու վիրավորված: Արդարությունն ազգային ինքնագիտակցության կարեւորագույն բաղադրիչն է, քանզի ցեղասպանության եւ ստալինյան ռեպրեսիաների սարսափները վերապրած ազգը չափազանց զգայուն է այդ հարցում: Մեծ պատմաբան Ա. Թոյնբին պնդում է, եւ ես հաճախ եմ դա կրկնում, որ եթե «հասարակության կամ պետության մեջ արդարությունը պակասում է, ապա պետական համակարգը կամ ժողովուրդը դեֆորմացվում են կամ քայքայվում»: Մեզ մոտ ակնհայտ է թե՛ մեկը, թե՛ մյուսը (յուրաքանչյուր երկրորդը մեկնել է երկրից, մի մասն էլ դեռ կգնա): Նկատեմ, որ այսօրվա իշխանությունների կողմից ճնշված արդարությունն անօգնական չէ, նա հասարակության ձեւավորմանն իր չմասնակցելով դեֆորմացնում է նախագահին, պետական իշխանությանն` իր բոլոր կարեւորագույն բաղադրիչներով եւ երկիրը տանում դեպի դեստրուկտիվ սեկլաեկցիայի: Արդարության բացակայությունն էլ հենց հանգեցրեց իշխանության ճգնաժամին, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնաթող եղավ, ինչը, պարզվում է, հսկա ողբերգական գործողության մի մասն էր միայն:
Երկրորդ նախագահն իշխանության եկավ ղարաբաղյան հիմնախնդիրների ալիքի վրա: Խնդիրներ, որոնք պետք էր ձեւակերպել իբրեւ միասնական համակարգված հոսանք թե՛ պետական քաղաքականության, թե՛ միջազգային հարաբերությունների մեջ: Ընդ որում՝ նախ եւ առաջ` հենց իրենց, ապա նաեւ` միջազգային միջնորդների եւ շահագրգռված ուժերի համար: Սա կարեւոր պահ է Հայաստանի, իբրեւ Ղարաբաղի ճակատագրի հետ կապված բանակցությունների գլխավոր մասնակցի կայացման գործում: Սակայն, լուծելով այս հարցը, երկրորդ նախագահը խորացրեց եւ օրինականացրեց նախորդ իշխանության շատ բացասական կողմեր, թեեւ դրանք դեռ նոր-նոր էին երեւան գալիս առաջին նախագահի իշխանության օրոք: 15 տարին մի ողջ սերնդի կյանքի կեսն է, որն ապրում, մեծանում ու որոշակի դիրքորոշում է ստանում իշխանության, կյանքի մեջ՝ չիմանալով, թե ինչ բան է մարդկային որակները գնահատելու հարցի օբյեկտիվ գնահատականի իրական ընկալումը: Բայց չէ՞ որ նրանք են ընտրելու նոր առաջնորդներին, ինքնակազմակերպվելու են եւ քաղաքական շուկային ներկայացնելու իրենց առաջնորդներին: Իսկ նրանք՝ այդ առաջնորդները, կարող են լինել այսօրվա առաջնորդների նմանակը: Այնպիսի տպավորություն է, որ ողջ պետական իշխանությունը, նրա բոլոր ճյուղերն ագրեսիվ կերպով ուղղված են մարդու կյանքի դեմ: Պինոչետն ասում էր, որ մարդը ոչինչ է պետության մեջ, իսկ այսօր մենք տեսնում ենք, որ նա նվաստացված է ու ստորացված, եւ Չիլին չի ընդունում նրա վաստակն ու ներդրումը: Այդպես է լինելու ցանկացածի հետ եւ ցանկացած երկրում, քանզի Հայաստանը եւ հայ ժողովուրդը ենթակա են քաղաքական մետամորֆոզների նույն օրենքներին, որոնք նման իրավիճակում պատահում են այլ երկրներում: Այսպիսով, զգուշավոր, նրբակիրթ, ինտելեկտուալ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ երկիրն ընդունել էր խորհրդային ֆունկցիոներների ձեռքից (ժողովրդավարների առաջին ալիքը մտավորականությունն էր) օբյեկտիվորեն պետք է փոխարիներ գործնական եւ ներամփոփ մարդ, որի կամքն ու անալիզն ուղղված էին լինելու բանակի եւ դիվանագիտության իրական կայացմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Սակայն նրա ղեկավարման բացասական պահն այն է, որ նա զարգացման պետական մեխանիզմի տեսանկյունից քիչ բան է հասկանում ֆինանսական հարցերից ու տնտեսությունից, ինչպես առաջին նախագահը: Եվ հենց դա էլ նոր խթան դարձավ, որ նոր հարյուր-հազարավոր քաղաքացիներ լքեն երկիրը:
Ցեղասպանություն եւ բազմաթիվ զրկանքներ ապրած հայ ժողովուրդը կարող է ապրել ու զարգանալ միայն սոցիալապես ապահով երկրում: Տնտեսության եւ երկրի կառավարման ժողովրդավարացումն առաջիկա տասնամյակի կարեւորագույն խնդիրն է: Նոր առաջնորդին իսկապես պետք է ոչ միայն գեղեցիկ եւ հուզական խոսել կարողանալ, այլեւ երկրի կառավարման համակարգում ներմուծել արդարացի ընտրության գծեր: Դրան կարող են օգնել, որքան էլ պարադոքսալ է, խոշոր բիզնեսի ներկայացուցիչները. քանզի դա նրանց չափազանց ձեռնտու է եւ բավականին հեշտ: Հայաստանում խոշոր բիզնեսին, նաեւ սփյուռքի գործարարներին, ձեռնտու չէ գտնվել կառավարության, նախագահական ապարատի կամ խորհրդարանի այս կամ այն չինովնիկի թեւի տակ: Ինչո՞ւ: Որովհետեւ երկիրն արդեն բաց է հետազոտությունների համար: Այսինքն՝ նա արդեն այն չէ, ինչպես նրա եւ նրա տնտեսության մասին տեղեկություններն էին մի 10 տարի առաջ:
Ինչպիսի՞ն պետք է լինի երկրի երրորդ նախագահը: Կարծում եմ՝ նա պետք է լինի ուժեղ եւ արդարամիտ մարդ, որը պետք է անաչառ լինի գաղափարների, ինչպես նաեւ մարդկանց սելեկցիայի հարցերում: Նա պետք է սիրի ժողովրդին: Երկու նախագահներն էլ ցույց տվեցին, որ արհամարհանքով են վերաբերվում ժողովրդին: Սերը շատ հզոր եւ շատ անձնական զգացմունք է, այն ամեն ինչ ներում է: Եվ առաջին հերթին` վիրավորանքը: Նոր՝ ապագա նախագահը պետք է խորապես հասկանա մարդու բնությունը (նախորդ երկուսը հասկանում էին, բայց պոզիտիվ չէին գործում), ընկալի իր համախոհների դրական ֆունկցիան, առանց որի հնարավոր չէ պետական մեխանիզմը վերափոխել դեպի ավելի լավը: Ցավն այն է, որ հայ ժողովրդի ինքնակազմակերպումը հենվում է պետական մտքի հազարամյա բացասական ավանդույթների վրա, ինչն էլ կազմում է նրա ողբերգական կենսագրությունը կամ պատմությունը: Ջանքեր են հարկավոր այդ բացասական փորձը հաղթահարելու համար: Այդպես է եղել իռլանդացիների հետ: Իսկ հիմա մենք նույնը տեսնում ենք չինացիների եւ Արեւելյան Եվրոպայի որոշ երկրների հետ: Նոր նախագահը պետք է ուժեղ մարդ լինի, բաց լինի երկխոսության համար, տնտեսության, կրթության, գիտության եւ նոր տեխնոլոգիաների հարցերում դինամիկ մտածողություն ունենա: Նա պետք է լինի հավասարակշռված եւ միաժամանակ վճռական մարդ՝ ժամանակակից աշխարհայացքով: Նրա խոսքի բարոյականությունը, նրա իրական գործնականությունը պետք է գնահատեն երկրի քաղաքացիները արդեն այսօր, ոչ թե նրա ղեկավարության առաջին ամիսներին: Նա ժողովրդի հանդեպ պիտի բաց լինի, խորհրդակցի նրա հետ պետական կարեւորություն ունեցող հարցերում: Նա չպետք է վախենա իր իսկ չինովնիկների աչքի առաջ սովորելուց, քանզի հենց այդ հատկանիշն է որպես օրենք նախագահին խոցելի դարձնում քծնանքի եւ աչքակապության առջեւ: Նա պետք է ցույց տա, որ երկրում կա մի մարդ, որը մտածում է յուրաքանչյուրի մասին. չէ՞ որ հենց յուրաքանչյուրն է ընտրում նրան, եւ նա յուրաքանչյուրի երաշխիքն է: Իբրեւ օրինակ բերեմ ԱՄՆ-ի երրորդ նախագահ Թ. Ջեֆերսոնին, որը սահմանեց շատ կարեւորագույն ակտեր եւ օրենքներ, որ մինչեւ հիմա կարգավորում են այդ ժողովրդավարական երկրի կյանքը: Չափազանց կարեւոր է եւ իր՝ ապագա նախագահի կերպարը. այն պետք է մոտ լինի իրականությանը, ոչ թե գովազդային հորինվածք լինի:
Այո, հայ ժողովուրդը հոգնած ազգ է, նա հնարավորությունների շուկայում ավելի շուտ հեռանում է այլ երկրներ, մտնում է նրանց հարաբերությունների համակարգի մեջ, սակայն չի ցանկանում այստեղ կառուցել արդարություն, քանի որ չի հավատում այդպիսի հրաշքի: Նոր նախագահը պետք է իր թիմով ապացուցի, որ դա հնարավոր է, որ ինքը Թոմաս Ջեֆերսոնի նման իր մեջ պետական այրի իմաստնություն ունի՝ կառուցելու համար այդ արդարացի հեռանկարը իբրեւ հարաբերությունների համակարգ եւ սահմանափակելու իր իշխանությունը:
Այսպիսով, առաջին նախագահն իշխանության գլուխ եկավ անկախության ալիքի վրա, երկրորդը՝ ղարաբաղյան հարցի ձեւակերպման, երրորդը պետք է բարձրացնի ժողովրդավարության մակարդակը կյանքում եւ տնտեսության մեջ մասնավորապես: Երրորդը պետք է դնի ամենակարեւոր քարը պետականության հիմքում՝ արդարությունը իբրեւ երկրի յուրաքանչյուր քաղաքացու արժեքային համակարգի մոդուլ: Այո, սա երկարատեւ, սակայն կարեւորագույն գործընթաց է, առանց որի երկրում ոչ մի հեռանկար չի լինի, եւ դա կխանգարի ազգային անվտանգությանը:
Եվ վերջում. պատմության մեջ մնում են լավագույնները, ոչ թե առաջինները, երկրորդները կամ տասներորդները…