Որոշումը Ղարաբաղինն է

23/06/2006

Այն օրերին, երբ Ստեփանակերտում էին գտնվում Պատանդների, ռազմագերիների եւ անհայտ կորածների միջազգային աշխատանքային խմբի ներկայացուցիչները, ադրբեջանական կողմը նորից սկսեց ինչ-որ հայտարարություններ կամ առաջարկություններ անել: Իհարկե, այս անգամ դրանք բուն իրադարձությանը չեն վերաբերում:

Բացի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի` Ղարաբաղին Թաթարստանի կարգավիճակ տրամադրելու մասին հայտարարությունից, Բաքվում ԻԿԿ անդամ երկրների արտգործնախարարների 33-րդ նիստի բոլոր մասնակիցներն աջակցություն են հայտնել Բաքվի արդարացի դիրքորոշմանը հայ-ադրբեջանական հակամարտության հարցում: Կոնֆերանսի ժամանակ կազմակերպության գլխավոր քարտուղարը նույնիսկ «Հայաստանից պահանջեց ազատել Ադրբեջանի «oկուպացված» տարածքները»: Արդյո՞ք դա կարելի է ընկալել Ղարաբաղի դեմ իսլամական աշխարհի համախմբում: Ինչպե՞ս են դրան վերաբերվում Ղարաբաղում: Հարցերի պատասխանները ստանալու նպատակով դիմեցինք ԱԺ պատգամավորներին եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Մեկնաբանելով կոնֆերանսի ժամանակ հնչեցված վերոնշյալ կարծիքը, ՀՅԴ Արցախի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանն ասաց. «Ադրբեջանը բազմիցս` եւ նախկինում, եւ հիմա, փորձել է ղարաբաղյան հիմնախնդիրը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն, որպեսզի միջազգային այս կամ այն կառույցում, տվյալ դեպքում` իսլամական այդ կառույցում, հարցը շոշափվի նաեւ այդ տեսանկյունից: Բայց հայտնի է, որ դա ազգամիջյան կոնֆլիկտ է, եւ այստեղ կրոնական խնդիրներ դրված չեն: Եվ այդ առումով, իհարկե, լինելու են իսլամական երկրներ, որոնք կարող են ձայնակցել Ադրբեջանին, բայց չեմ կարծում, որ իսլամական աշխարհը հարցը կդիտի այնպես, ինչպես Ադրբեջանն է ներկայացնում: Պետք է նշել, որ մեր ամենածաղկող հայկական համայնքների մի մասը գտնվում է արաբական աշխարհում ու հայերի եւ այդ երկրների մյուս բնակիչների միջեւ կրոնական խնդիրներ երբեք չեն եղել: Այդ առումով, դրանք պարզապես ադրբեջանական իշխանության հերթական քայլերն են, որոնք ձգտում են հարցն իրավական, ազգերի ինքնորոշման դաշտից տեղափոխել այլ դաշտեր, այդ թվում` կրոնական»: Իսկ ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահության հանձնաժողովի նախագահ Ռուդիկ Մարտիրոսյանը գտնում է, որ դա Ղարաբաղի հանդեպ իսլամական աշխարհի վերաբերմունքը չի կարող լինել: «Կան իսլամական պետություններ, որ շատ ավելի բարիդրացիական են եւ ընդհանուր շահեր ունեն Ադրբեջանի հետ: Եվ այդ պետության ներկայացուցիչը կարող է նման հայտարարություն անել, բայց ոչ իր երկրի անունից: Համենայնդեպս, կարծում եմ, սա մասնավոր կարծիք է եւ էական նշանակություն չունի: Այն կարելի է որակել որպես քաղաքական հոխորտանք` այս կամ այն անհատների կողմից»,- ասել է Ռ.Մարտիրոսյանը:

«Գլխավոր քարտուղարի հայտարարությունը չենք կարեւորում առաջին հերթին նրա համար, որ կոնֆերանսը տեղի է ունեցել Բաքվում եւ այնտեղ քննարկվել է Ադրբեջանի եւ Ղարաբաղի հակամարտությունը` իր հետեւանքներով: Երկրորդը` գլխավոր քարտուղարի կարծիքը չի արտահայտում կազմակերպության անդամ պետությունների ընդհանուր կարծիքը, ինչում մեկ անգամ չէ, որ համոզվել ենք»,- հայտարարեց ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Գագիկ Պետրոսյանը: Նա նաեւ հավելեց, որ ոչ թե Հայաստանն է «օկուպացրել» տարածքները, այլ` Լեռնային Ղարաբաղը, ինչը նշանակում է, որ դիմումը պետք է ուղղվեր Ղարաբաղի իշխանություններին: Ինչպես նաեւ փաստել է, որ ՄԱԿ-ի որոշումներում չի հիշատակվում Հայաստանի Հանրապետությունը, այլ հստակ խոսվում է հայկական ռազմական միավորումների մասին, որոնք այդ պահին ենթարկվում էին Լեռնային Ղարաբաղին, որոնց հիման վրա էլ արդյունքում ստեղծվեց մեր բանակը: Իսկ դա ենթադրում է, որ այդ որոշումը պետք է կատարեն Ղարաբաղի իշխանությունները: