«Երեք հերթափոխով էի աշխատում, որպեսզի տնավորվենք: Աշխատեցի-աշխատեցի, 2 ժամվա մեջ փոշի դարձավ»,- ասում է նա, ով կարծես մինչեւ հիմա ցայտնոտի մեջ է եւ չի ցանկանում հավատալ, որ իր ունեցվածքն «անհայտ հանգամանքներում» այրվել է: Կոնդի բնակիչ է, ով հրդեհի օրն այցելել էր հարազատներից մեկի տուն, սակայն գիշերը հարեւանները զանգահարել եւ հայտնել են միջադեպի մասին: Տիկին Ջուլիետան ամեն կերպ փորձում է թաքցնել իր ներսի ցավը, սակայն անընդհատ շուրջը նայելով` դեմքն այլայլվում է, որովհետեւ նրան շրջապատում են խնայած գումարներով եւ դժվարությամբ ձեռք բերած կենցաղային իրերի սեւացած մասունքները: Ասում է՝ մինչեւ բարեկամի տանից եկել է Կոնդ, իր բնակարանը գտել է սեւացած վիճակում. «Արդեն վերջին էն փոքր կրակներն էին մարում: Մեքենաները ցրվել էին, մեկն էր մնացել. ավարտել էին աշխատանքը: Տունս գտա փոշիացած վիճակում»,- ասում է նա՝ պարբերաբար տան տանիքին նայելով, որպեսզի հսկայական անցքերից ինչ-որ բան չպոկվի, ընկնի: Ասում է, որ օր ու գիշեր երկնքին են նայում, որ գուշակեն անձրեւ կգա՞, թե՞ ոչ, դարձել են եղանակի տեսության մասնագետներ: Համենայնդեպս, աղոթում են, որ անձրեւ չգա, հակառակ դեպքում իրենց տան պատերի ներսում կմնան անձրեւի տակ: «Խելագարվում ենք արդեն, հասկանո՞ւմ եք, ինչքա՞ն կարելի է հարազատի տանը գիշերել, ախր 22 օրից ավելի է, ինչ էս դեպքը պատահեց, էլ ո՞ւր գնանք, էս ի՞նչ օրն ընկանք»,- իր անորոշ կարգավիճակից վրդովված` ասում է տիկին Ջուլիետան, ով, իր անճարությունից, ուզում է մեղավորներ փնտրել կատարվածի համար, սակայն ազնվությունը թույլ չի տալիս, կարկամում է: 66 տարեկան թոշակառուն տղայի հետ է ապրում, ով մի երկու կոպեկ աշխատելու նպատակով մի քանի կիլոգրամ բանջարեղեն կամ միրգ է գնում ու վերավաճառում է, որպեսզի շաքարախտով հիվանդ մորը տիրություն անի: «Ես 1958 թվականից Կոնդում եմ, այստեղ եմ ամուսնացել, բայց սկեսրայրս 1930 թվականից էր այստեղ ապրում ընտանիքով: Էս ի՞նչ փորձանքի մեջ ընկանք, ո՞նց պիտի լինի մեր վիճակը»,- հարցնում է նա, կարծես մի մխիթարական խոսքի սպասելով:
Վերջին կրակները մարելու պահին դեպքի վայր եկած Ջուլիետա Գեւորգյանը, բավական չէ` իր տունը գտել է սեւացած, մոխիր դարձած վիճակում, դեռ ավելին՝ միջադեպի ժամանակ նրա տանից «թռցրել» են` ով ինչ պատահի: Քանի որ նրանց տանը մարդ չի եղել, շատերը դռները կոտրելով մուտք են գործել հրդեհը մարելու, իսկ տանտերը որոշ իրեր, այնուամենայնիվ, չի գտնում: «Ամեն մեկն ինչ ուզել` տարել է: Մի քանի ոսկյա զարդեր ունեի զգեստապահարանի հագուստներից մեկի գրպանում: Անհայտացել է, չկա: Մի քանի ամիս առաջ մեր հին ավտոմեքենան վաճառեցինք, որ կարողանանք մի որոշ ժամանակ այդ գումարով գոյատեւել: Գումարը չկա, անհայտացավ,- ասում է նա։ -Ես եղբորս տանն եմ մնում, տղաս` հորեղբոր տղայի տանը, բայց ախր ինչքա՞ն»: Եթե քաղաքակիրթ երկրներում նման դեպք գրանցվեր, միանշանակ պետությունը կպաշտպաներ երկրի քաղաքացիներին, մանավանդ, որ շրջանառվող վարկածի համաձայն՝ ականատեսների վկայությամբ` հրդեհի պատճառը եղել է 2 տների տանիքների էլեկտրալարերի միացումը: Ասել է թե՝ տիկին Ջուլիետայի նմանները պարզապես դժբախտ պատահարի զոհ են դարձել, որոնց պետք է պաշտպանեն մեր իշխանությունները: Երեւանի քաղաքապետարանը հրդեհի օրվանից սկսած տուժած կոնդեցիներին «ոսկե սարեր է» խոստանում: Մենք նույնպես գրել էինք, որ Կոնդի հրդեհված տների վնասվածության չափը որոշող հանձնախումբ է ստեղծվել, որը զբաղվելու է տուժածների փոխհատուցմամբ: Տիկին Ջուլիետայից հետաքրքրվեցինք՝ արդյոք քաղաքապետարանն ինչ-որ ձեւով աջակցո՞ւմ է տուժած ընտանիքներին: «Ասում են, որ վերանորոգելու են, բայց էսօր-էգուց են անում: Սկզբում մեզ հետ էնպես էին խոսում, որ հավատում էինք, թե քաղաքապետարանը մեզ տիրություն է անելու: Երեւի հասկացել էին, որ ինֆարկտի, խելագարության կհասնենք, դրա համար էլ ուզում էին հանգստացնել: «Ամեն ինչ լավ կլինի, ասե՛ք, ի՞նչ եք ուզում, ո՞վ ինչ ա ուզում», այ սենց բաներ էին ասում։ Մենք էլ էնպես ոգեւորվեցինք, որ մեզ կօգնեն: Երեւի մեզ հոգեպես հանգստացնելու համար էին ասում: Արտասահմանում գտնվող պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հեռուստատեսությամբ տեսել էր, որ Կոնդում հրդեհից մարդիկ դռնեդուռ են ընկել: Շատ այրվածքներ, վնասվածքներ ունեցող տների բնակիչներին 1000 դոլար տվեց, իսկ մյուսներին՝ 500-ական: Իր գրպանից մեզ օգնություն տվեց»,- վստահեցնում է տիկին Ջուլիետան՝ կանխատեսելով, որ եթե 1 ամիս էլ այս վիճակում ապրեն` կհասնեն խելագարության: «Եթե քաղաքապետարանը մեզ չօգնի, ձեռք չմեկնի այս դժվար իրավիճակում, չգիտեմ… անձրեւն ու ձյունն էլ մի քանի ամսից կգա ու մենք բոմժերի պես` առանց տանիք, առանց պատ այ սենց կնստենք»: Կոնդի բնակիչ Ջուլիետա Գեւորգյանը վստահեցնում է, որ, եթե հրշեջ ծառայությունը ժամանակին եւ պատշաճ կերպով աշխատանքն իրականացներ, ապա ընդամենը 2 տուն կայրվեր, ոչ ավելին: «Մի մեքենան եկել է կես ավտո ջրով, ամբողջ շլանգները ծակծկված են եղել, կես ժամից ավելի ուշացել են»: Թե երբ կբարեհաճեն քաղաքապետարանի պաշտոնյաները խոստումներն իրականացնել՝ պարզ չէ, իսկ տիկին Ջուլիետան ծրագրել է գոնե Գ. Ծառուկյանի տված գումարով սեղան, աթոռ գնել, մի երկու հատ էլ` թավա, քանի որ ճաշ եփելու հարմարանք էլ չի մնացել: «Ես կաստրուլյաներ շատ էի սիրում, ամեն մեկից տարբեր չափերի առել էի, մի հատ չկա»,- ասում է տիկին Ջուլիետան, ով մութն ընկնելուն պես սարսափում է, որովհետեւ տան պատերի կեսը չկա ու առնետների մուտքն ազատ է: