Հայկական կինոպատկեր

23/06/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Ուզում ենք ցույց տալ, թե ինչ ռիթմով են ապրում աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը»,- ասաց փառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Եվ քանի որ այս տարի հայկական լիամետրաժ մի քանի ֆիլմեր են ստեղծվել (անցյալ տարի ոչ մի նոր ֆիլմ չկար), եւ փառատոնին մասնակցել ցանկացողները շատացել են, փառատոնի կազմկոմիտեն ավելի խիստ է մոտեցել ֆիլմերի ընտրությանը: Եվ որպես դրա ապացույց, հայտնվել են վիրավորված եւ ընտրության դեմ բողոքող կինոգործիչներ: Շատերի համար մրցութային ծրագրում ցուցադրվելն արդեն իսկ հաջողություն եւ ճանաչում է նշանակում: «Երեւի, եթե իմ ֆիլմը մերժվեր, ես էլ կնեղանայի,- ասաց Հ. Խաչատրյանը։ -Բայց ամեն դեպքում արվեստի ընկալումը միշտ սուբյեկտիվ է լինում, ինչպես եւ ֆիլմերի ընտրությունը»: «Ոսկե ծիրանի» առավելությունն ու հեղինակության աճի պատճառն առաջին հերթին կինոյի պրոֆեսիոնալների կարծիքն է: Փառատոնի ծրագրերի տնօրեն, կինոգետ Միքայել Ստամբոլցյանը կարծում է, որ իրենք արդեն իսկ բավականին զիջումներ են արել` ժամանակակից հայ կինոյի պատկերը ցուցադրելու համար: Եվ, վերջիվերջո, ոչ մի փառատոն պարտավոր չէ իր ընտրության կամ մերժման պատճառները ներկայացնել եւ բացահայտել «խոհանոցային» կարգը: Կարեւորն այն է, որ դիտելու բան լինի: Նախընտրական մրցակցությանը դիմացած ֆիլմերը շատ բազմաբնույթ են լինելու: Ցուցադրվելու են Տիգրան Քեոսայանի «Նապաստակը անդնդի վրա» կինոհեքիաթը, Ալեքսանդր Աթանեսյանի Հայաստանում նկարահանված «Սրիկաները», Ռուսաստանում աշխատող երիտասարդ ռեժիսոր Մարիա Սահակյանի «Փարոսը», Ռուբեն Քոչարի «Արահետը», ամերիկյան, ֆրանսիական, սերբական արտադրության ֆիլմեր, որտեղ կամ ռեժիսորը, կամ սցենարիստները, կամ դերակատարները հայեր են: Ինչպես ասաց ընտրությանը մասնակցած Արթուր Բախտամյանը. «Ինչ կրթություն էլ ունենան, ինչ երկրներում, ինչ պայմաններում էլ որ ապրեն, բոլոր հայերը որոնման ճանապարհ են դուրս եկել»: Փառատոնի կազմկոմիտեն վստահ է, որ «Ոսկե ծիրանն» իրեն չի կարող թույլ տալ իր հանդիսատեսին ձանձրացնել: Ի դեպ` «Ճակատագիր» ֆիլմը պրոդյուսեր Գոռ Վարդանյանի պահանջով հանվել է մրցութային ծրագրից: «Նա պահանջում էր, որ ֆիլմը կամ փառատոնի բացման, կամ փակման օրը ցուցադրվեր, բայց մենք դա անել չէինք կարող, քանի որ բացմանը ցուցադրվելու է «Նամուսը», իսկ փակմանը` Օլդմենի ֆիլմը»,- ասաց Հ.Խաչատրյանը: Կարելի է ավելացնել` ավելի վատ Գ. Վարդանյանի համար, «Ճակատագրի» օգնությամբ «Ոսկե ծիրանի» հեղինակավոր հյուրերը կարող էին ծանոթանալ Ղարաբաղյան պատերազմին: Սակայն հեղինակների պաթետիկ ինքնասիրահարվածությունը ետեւում է թողել տրամաբանությունը:

Արդեն հստակեցվել են վավերագրական եւ կարճամետրաժ ֆիլմերի ցանկերը: Իսկ անվանի մասնակիցներից շատերը` Տ. Քեոսայանը, Ա. Աթանեսյանը եւ այլք, ուսանողների համար վարպետության դասեր կանցկացնեն: Ազգային պատկերասրահի իններորդ հարկում էլ հայկական կինոպաստառների (աֆիշների) ցուցահանդես կբացվի: Ռարիտետային 40 պաստառների (ամենահին կինոաֆիշը 1926 թվականին Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմի պաստառն է) ցուցադրումն իրականացնելու է ավստրալահայ երիտասարդ կինոռեժիսորը, ում ֆիլմը չի մտել մրցութային ծրագիր:

Իսկ փառատոնի կազմկոմիտեն շարունակում է օրեցօր լայնացվել եւ համախմբել այնպիսի ռեժիսորների, ովքեր, ըստ Հ. Խաչատրյանի, դժվար թե որոշեին միասին աշխատել, եթե «Ոսկե ծիրանը» չլիներ: Բացի Տիգրան Խզմալյանից, կոմիտեի աշխատանքներին կմասնակցի նաեւ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը: