«Ոսկե սուրը»

23/06/2006 Պատրաստեց Մերի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Միխայիլ Լորիս- Մելիքովը ծնվել է 1825թ. հայ ազնվականի ընտանիքում: Ապագա դիկտատորը դաստիարակվել է գվարդիական փոխսպաների եւ հեծելազորային յունկերների դպրոցում: 22 տարեկանում նա ծառայության է անցնում Վորոնցովի մոտ, ով Կովկասյան առանձին կորպուսի հրամանատարն էր: Այդ ժամանակից ի վեր, 30 տարիների ընթացքում, նա մշտապես կապված է եղել Կովկասի հետ: Միխայիլ Լորիս-Մելիքովը մասնակցել է 180 ռազմական գործողությունների` ընդդեմ թուրքերի եւ լեռնականների: Նրան շնորհվել է գնդապետի, իսկ այնուհետեւ` գեներալ-մայորի կոչում եւ վերջապես Ոսկե Սուր…

Լորիս-Մելիքովն իրեն մշտապես դրսեւորել է որպես գործունյա ղեկավար: 1860թ. նա նշանակվում է Հարավային Դաղստանի ռազմական ղեկավար, 1863թ.` Տերսկի շրջանի ղեկավար, այնուհետեւ` կազակների զորքի ատաման: Ծանոթ լինելով կովկասյան խնդիրների ցավոտ կողմերին` նա փորձ արեց սոցիալական միջոցներով վերացնել պետության հարավային սահմաններում տիրող ներքին անկայունությունը: Նա կարողացավ հասնել նրան, որ վերացրեց լեռնաբնակ գյուղացիների կախվածությունը բեկերից:

1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմը կարեւոր հետք թողեց Լորիս-Մելիքովի կյանքում: Որպես կորպուսի հրամանատար` նա ղեկավարում էր կովկասյան պատերազմական թատերաբեմի բոլոր ռազմական գործողությունները: Արդահանի հաջող պաշարումից հետո նրան շնորհվեց սբ.Գեորգի 3-րդ աստիճանի շքանշան, Մխիթար փաշայի բանակի ջախջախումից հետո` 2-րդ աստիճանի, իսկ Կարսի գրավումից հետո` սբ. Վլադիմիրի առաջին աստիճանի շքանշան:

Խիզախությունն անկասկած Լորիս-Մելիքովի բնորոշ գիծն էր: Առաջ անցնելով իրադարձություններից, ներկայացնենք մի օրինակ նրա կյանքից: Պետերբուրգում նա մի անգամ քիչ էր մնում հերթական ահաբեկչության զոհը դառնար: Նրան փրկեց մուշտակը, որի մեջ մխրճվեցին Մոլոտովի կողմից արձակված երեք գնդակները: Մի ցատկով նետվելով Մոլոտովի վրա` Մելիքովը վայր գցեց նրան եւ հանձնեց ժանդարմներին: Գնահատելով Լորիս-Մելիքովի ռազմական սխրանքները` կայսրը նրան կոմսի տիտղոս շնորհեց եւ նշանակեց Աստրախանի, Սամարայի եւ Սարատովի նահանգների ժամանակավոր նահանգապետ: Այս շրջաններում վիճակը բավական անհանգիստ էր, համաճարակ էր սկսվել: Հենց այստեղ էլ կոմսը հայտնի դարձավ համաճարակների դեմ ծավալած իր պայքարով, միջոցներ ձեռնարկեց, որոնք երբեմն նույնիսկ համաճարակից ավելի դաժան էին: Լորիս-Մելիքովի կարիերայի հաջորդ փուլը կապված էր Խարկովի ժամանակավոր նահանգապետի պաշտոնին նշանակվելու հետ: 1879թ. բրիտանական «Թայմս» թերթի սեփական թղթակիցը գրեց. «Լորիս-Մելիքովի ղեկավարած շրջաններում կալանքների թիվն ավելի քիչ է, քան Կիեւի եւ Օդեսայի նահանգներում: Ակնհայտ է, որ այս լարված իրավիճակում Խարկովի նահանգապետը որդեգրել է ամենաճշմարիտ ուղին, որն է` իշխանության կողմը գրավել ընդդիմադիր հասարակությանը, այլ ոչ թե վախեցնել նրանց»: Անգլիացի դիտորդը շատ ճիշտ էր հասկացել Լորիս-Մելիքովի վարած քաղաքականությունը:

Գերագույն կարգադրական հանձնաժողով

Նարոդնովոլյական ահաբեկչությունը մոտենում էր իր գագաթնակետին: 1880թ. փետրվարի 5-ին Ձմեռային պալատում պայթյուն թնդաց, որը սակայն չհասավ իր նպատակին: Պայթուցիչ արկը կործանել էր ճաշասենյակը եւ հենց աշխատասենյակի տակ գտնվող պարեկային սենյակը: Արդյունքում ֆինլանդական գնդի 19 զինվոր սպանվեցին, իսկ 48-ը վիրավորվեցին: Դեպքերի ականատեսները հիշում են, որ զոհված զինվորների հուղարկավորությանը ներկա կայսրը` նայելով շարքով կանգնեցրած դագաղներին, շշնջաց. «Կարծես դեռ պատերազմ է, մենք էլ Պլեւնոյի դիրքերում ենք»: Սակայն այս անգամ պաշարվածի դերում հայտնվեց հենց ինքը` կայսրը:

Փետրվարի 12-ին լույս տեսավ «Պետական կարգի եւ հասարակական հանգստի պահպանման համար ստեղծված Գերագույն կարգադրական հանձնաժողովի ստեղծման մասին» հրամանը: Հանձնաժողովի ղեկավար նշանակվեց Լորիս-Մելիքովը: Նա իրավունք ստացավ ցարի անունից հանդես գալ բոլոր գործերում, կայսրության ողջ տարածքով պետական իշխանության բոլոր ներկայացուցիչներին հրամաններ տալ: Մելիքովի թեկնածությունը ցարին առաջարկել էր ռազմական նախարար Միլյուտինը:

Կայսր Ալեքսեյի օրագրից, 14 փետրվարի. «Այսօր նոր պաշտոնի նշանակեցի Կ. Լորիս-Մելիքովին: Տեր աստված նրան ճիշտ ուղու վրա դիր եւ թող որ հաջողությունը նրան ուղեկցի…»։

Իր կառավարման երրորդ օրը Մելիքովը «Մայրաքաղաքի բնակիչներին ուղղված» դիմում է հրապարակում, որտեղ արտահայտում է հասարակությանը խայտառակող հանցագործ գործողությունները կանխելու իր հաստատուն մտադրության մասին, ինչպես նաեւ` հասարակության խորագետ հատվածին պաշտպանելու մասին: Այս յուրօրինակ բռնակալը գտնում էր, որ «Պետության կյանքի սովորական ուղին վերականգնելու միակ միջոցը ժողովրդին աջակցելն է»:

Բռնակալի «քաղաքավարության» նման անկեղծությունը հասարակությունը գնահատեց նրա երկու ակցիաներից հետո միայն: Առաջինը՝ Լուսավորության նախարար` հայտնի հետադիմական կոմս Դ.Ա. Տոլստոյի պաշտոնանկությունն էր: Հաջորդ կարեւոր քաղաքական քայլը՝ Գերագույն կարգադրական հանձնաժողովի եւ լիբերալների համար այդքան ատելի Նորին կայսերական մեծության սեփական գրասենյակի երրորդ բաժանմունքի լուծարումն էր: Ղեկավարման ծայրահեղ միջոցներից հրաժարվելը, ըստ դիկտատորի, պետք է հանդարտեցներ հասարակությանը: Ինքը` կոմսը, հանձնաժողովի լուծարումից հետո գլխավորեց ՆԳ նախարարությունը: «Ոստիկանական գործի» նոր կազմակերպությունը բոլորովին չնվազեցրեց միապետության հնարավորությունները: Սակայն պետք է նկատի ունենալ Լորիս-Մելիքովի վաստակը` նա պետական ոստիկանական համակարգը միացրեց նախարարական համակարգին:

Իշխանության բարձրաստիճան էշելոնի համար բավականին տարօրինակ էր կոմսի հանդիպումը Պետերբուրգի առաջատար թերթերի եւ ամսագրերի խմբագիրների հետ: Առաջին անգամ իշխանությունը` ի դեմս իր ամենալիազորված ներկայացուցչի, իր մտադրությունների մասին հայտնեց մամուլին: Լորիս-Մելիքովը խոսում էր Մեծ Բարեփոխումների շրջանի սիրելիների` տեղական ինքնակառավարման հաստատությունների եւ դատական մարմինների իրավունքները վերականգնելու, բնակչության կարիքներն ըմբռնելու, սենատորական վերստուգումներ կատարելու, մամուլին Կառավարության գործունեությունը քննարկելու հնարավորություն տալու մասին: Մեկ ամիս անց, մամուլի մասին խորհրդակցության ժամանակ, նա անախորժություն ունեցավ Նախարարների խորհրդի նախագահ Վալուեւի հետ: Մելիքովն առաջարկեց դադարեցնել մամուլի դեմ կազմակերպված հետապնդումները:

Չհասցրեց

1881թ. փետրվարի 28-ին Լորիս-Մելիքովը ցարին ներկայացրեց պետական բարեփոխումների գործի ավարտի մասին նախագիծը: Նա համառորեն պնդում էր Կայսրության մեջ ներկայացուցչություն մտցնելու անհրաժեշտության մասին:

Հիշեցնենք, որ նմանատիպ «Սահմանադրական» մտքերի համար շատ բարձրաստիճան պաշտոնյաներ կորցրել են իրենց աթոռները: Սակայն Մելիքովը վստահ էր իր դիրքերի կայունության մեջ: Նույն թվականի ամռանը, ծայրահեղ միջոցների եւ հաշտեցման շնորհիվ, ահաբեկչության ալիքը կարծես նվազեց, 1880-1881թթ. «ազգային ալիքը» ոչ մի ահաբեկչական գործունեություն չծավալեց: Լորիս-Մելիքովը պարգեւատրվեց բարձրագույն պարգեւով` Անդրեյ Պերվոզդաննու շքանշանով:

Սակայն կայսեր վստահելի վերաբերմունքը Մելիքովի հանդեպ դրսեւորվում էր նաեւ Ալեքսանդր 2-րդի համար բավական ցավոտ իրավիճակներում: Եկատերինա Դոլգորուկայայի հետ գաղտնի պսակադրությունից հետո կայսրը Մելիքովին կանչեց Ցարսկոյե Սելո: Խորհելով իր ողբերգական դրության մասին, կայսրն անհանգստանում էր կնոջ եւ երեխաների ճակատագրի համար, եւ նա Մելիքովին ասաց. «Դու բոլորից լավ գիտես, որ իմ կյանքը մշտապես վտանգված է: Ինձ կարող են հենց վաղն էլ սպանել: Երբ ես այլեւս չլինեմ, չլքես իմ սիրելի մարդկանց: Ես քո վրա եմ հույսս դնում, Միխայիլ Տարիելովիչ»:

Մարտի 1-ին՝ Լորիս-Մելիքովի նախագիծը հաստատելու համար, կայսրը կարգադրեց Մինիստրների խորհրդի նիստը նշանակել մարտի 4-ին: Սակայն իրադարձություններն այլ կերպ ծավալվեցին: Նույն օրը երեկոյան Ալեքսանդր 2-րդը «դարձավ զազրելի մահափորձի զոհը: Նորին մեծությունը շքերթից տուն էր վերադառնում, երբ հանկարծ կառքի վրա ռումբ պայթեց: Կայսրը, ով անվնաս էր, ցանկացավ կառքից դուրս գալ իրավիճակը պարզելու համար: Հենց նույն պահին երկրորդ պայթյունը փշրեց նրա ոտքը: Կայսերը սայլակով տեղափոխեցին պալատ, ուր մեկ ժամ հետո նա մահացավ… Ցարին ուղեկցող կազակներից մեկը սպանվել էր, հինգը` վիրավորվել»: (Ֆրանսիացի դեսպան գեներալ Շուազի հեռագրից):

Նահանջ

Արյունոտ ողբերգությունից հետո առաջացած շոկը շուտով վերածվեց սուր քննարկումների` արդյոք Ռուսաստանը պե՞տք է մնա ինքնիշխան, թե՞ շարունակի շարժվել ղեկավարման նույն ձեւերով: Լորիս-Մելիքովը, իր նախագիծը հաստատելու խնդրանքով, համառորեն դիմում էր թագաժառանգին: Ալեքսանդր Ալեքսանդրովիչը տատանվում էր: Օբեր-պրոկուրոր Սինոդ Պոբեդոնոսեցի գլխավորությամբ պահպանողականները սպառնում էին «ծանրաշարժ հսկային» (այսպես էին անվանում թագաժառանգին` աչքերի համար)` հնարավոր հետեւանքներով: Ընտրվեց խստացման մեթոդով կարգ ու կանոն հաստատելու տարբերակը: Ապրիլի 29-ի Մանիֆեստից հետո բարեփոխումներ իրականացնելու հույսը վերջնականապես մարեց: Նույն օրը Լորիս-Մելիքովը հրաժարական տվեց: Սակայն Մելիքովի կյանքն ու գործունեությունն այսքանով չավարտվեցին: Իսկ ռուսական պետությունը շարունակեց իր քաղաքական պատմությունը, թեեւ հասարակության համար արդեն ոչ այնքան ցանկալի ուղղությամբ: