Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնագետներն ավարտել են մայիսի 3-ին Սոչիի օդանավակայանի մատույցներում վթարի ենթարկված հայկական A-320 ինքնաթիռի սեւ արկղերի ինքնագրիչ սարքերի վերծանումը եւ անցել են տվյալների վերլուծությանը: Այդ մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է Միջպետական ավիացիոն կոմիտեի տեխնիկական հանձնաժողովի ղեկավարը: Պարամետրիկ ինքնագիրն արձանագրել է տեղեկություններ ինքնաթիռի վերջին 8 թռիչքների մասին՝ ապրիլի 30-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում: Ձայնագրության ընդհանուր տեւողությունը 26 ժամ 20 րոպե է, ներառյալ վերջին թռիչքը՝ 1 ժամ 26 րոպե: Վերծանության արդյունքում պարզվել է, որ «ինքնաթիռն օդում չի ոչնչացել»: Շարժիչներն աշխատել են մինչեւ ծովին ինքնաթիռի բախվելը, վառելիքի քանակը բավարար է եղել անվտանգ վայրէջք կատարելու համար: Վերջին րոպեին թռիչքն անցնում էր միացված ավտոպիլոտով: Այս ամենի մասին ասված էր նաեւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության՝ երեկ տարածած հաղորդագրության մեջ: