Հեռացրե՞լ են կուսակցությունից

21/06/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Մեզ հասած տեղեկություններով, հեռացման պատճառն ամենեւին էլ քաղաքական տարաձայնությունները չեն եղել: Ըստ մեր աղբյուրների` Հ. Մազմանյանն «Ազգային վերածնունդ» կուսակցության Գյումրիի կառույցի անդամներից մեկին` ոմն Ստեփանի, խոստացել է կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի միջոցով աշխատանքի տեղավորել: Նույն աղբյուրի հավաստմամբ, Հ. Մազմանյանն այդ հարցը լուծելու համար Ա. Բազեյանին փոխանցելու նպատակով որոշակի գումար է վերցրել:

Տեւական ժամանակ անց, տեսնելով, որ իր աշխատանքի հարցը չի լուծվում, Ստեփանը գալիս է Երեւան եւ անձամբ Ալբերտ Բազեյանից հետաքրքրվում, թե ի՞նչ եղավ խոստացված աշխատանքը: Եվ այն բանից հետո, երբ պարզվում է, որ Հ. Մազմանյանը Ա. Բազեյանի անվան տակ գումարներ է վերցրել, որոշում են Մազմանյանին «Ազգային վերածնունդից» ընդհանրապես հեռացնել: Մեզ հետ հեռախոսազրույցում «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը հայտարարեց, որ Հ. Մազմանյանին ոչ մեկն էլ չի հեռացրել: Ուղղակի կուսակցության Շիրակի մարզային խորհուրդը նիստ է գումարել եւ որոշել է կառույցի ղեկավարի վերընտրություն կազմակերպել: Թե ինչ պատճառով, պարոն Բազեյանը տեղյակ չէր: «Սա սովորական գործընթաց է: Մազմանյան Հունանի փոխարեն ուրիշ մարդ է ընտրվել կառույցի ղեկավար: Իրենք նախաձեռնել են, ժողով են արել ու նոր մարդու են ընտրել: Դա բնական պրոցես է, կարող է վաղն իմ փոխարեն ուրիշին ընտրեն, հո մինչեւ կյանքի վերջ մարդ չի՞ մնում կուսակցության նախագահ»,- ասաց Ալբերտ Բազեյանը: Նրա խոսքերով, իրենք առայժմ Հունան Մազմանյանից կուսակցությունից հեռանալու մասին որեւէ դիմում չունեն:

Ի դեպ, նկատենք, որ Հունան Մազմանյանին առաջին անգամը չէ, որ հեռացնում են կուսակցությունից: Շուրջ մեկ տարի առաջ էլ նրան, որ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամներից էր, կուսակցությունից հեռացրին: Պատճառն այն ժամանակ կուսակցությանը վարկաբեկելն ու քաղաքական ուղուն դեմ գնալն էր: Իսկ Մազմանյանին հեռացնելու հանգամանքը լրացուցիչ առիթ դարձավ, որ երկարատեւ հակասություններից հետո «Հանրապետություն» կուսակցությունից դուրս գար նաեւ Ալբերտ Բազեյան-Վաղարշակ Հարությունյան թեւը: Եվ «Հանրապետությունից» հեռացածները, այդ թվում` եւ Հ. Մազմանյանը հիմնադրեցին «Ազգային վերածնունդը»: Բայց փաստորեն, Ա. Բազեյանի հավատարիմ զինակիցներից մեկը համարվող Հ. Մազմանյանը նրա դեմ ծածուկ քայլեր է իրականացնում: