Երկքաղաքացի նախագա՞հ ենք ունենալու

21/06/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

2005թ. նոյեմբերյան հանրաքվեի արդյունքում փոփոխություններ մտցվեցին մինչ այդ գործող Սահմանադրության մեջ, ու այդ փոփոխություններից մեկով էլ հանվեց երկքաղաքացիությունն արգելող դրույթը: Երկքաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները նախատեսվում է կարգավորել օրենքով:

Այս օրերին արդեն գործնական փուլ են մտնում այդ օրենքի նախագծի մշակման աշխատանքներն ու դրա շուրջ քննարկումները: Երկքաղաքացիությանն ընդդիմացողների հիմնական մտահոգությունն այն է, որ երկքաղաքացիները կունենան ընտրելու եւ ընտրվելու իրավունք, եւ շատ հավանական է, որ Հայաստանի ապագա իշխանությունների ձեւավորման հարցում վճռորոշ լինի ՀՀ-ում չբնակվող ՀՀ քաղաքացի երկքաղաքացիների դերը: Այս կերպ մտածողներին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ժամանակին հանգստացնում էր նրանով, թե երկքաղաքացիությունը Հայաստանում միայն «սիմվոլիկ բնույթ» է կրելու, իսկ ՀՅԴ ներկայացուցիչներն էլ նշում էին, թե երկքաղաքացիության մասին ապագա օրենքով երկքաղաքացիները կօգտվեն ընտրական իրավունքից, եթե վերջին «X» (այն կհստակեցվի օրենքով) տարիներին մշտապես բնակվել են ՀՀ-ում:

Նկատենք, որ այսկերպ հնարավոր չէ սահմանափակել երկքաղաքացիների՝ ՀՀ նախագահ ընտրելու իրավունքը, քանզի Սահմանադրության 50-րդ հոդվածի համաձայն` «ՀՀ նախագահն ընտրվում է ՀՀ քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով», իսկ Սահմանադրությանը հակասող օրենքներն իրավական ուժ չունեն: Տպավորություն է ստեղծվում, թե երկքաղաքացիության ընդունման անհրաժեշտության մասին բարձրաձայնող անձանցից շատերը լավ չեն պատկերացնում խնդիրը կամ ինչ-ինչ թաքնված նպատակներ ունեն, քանզի երկքաղաքացիության մասին արված նրանց հայտարարություններում անորոշության տարրը բավականին մեծ է, եւ որ ամենակարեւորն է՝ «ի՞նչ խնդիր ենք լուծում երկքաղաքացիության ընդունմամբ» հարցին դեռեւս հստակ ու համոզիչ պատասխան չի հնչել: Այդ հարցին պատասխանելիս ՀՅԴ ներկայացուցիչները հայտարարում են, թե Հայաստանը ողջ հայության Հայրենիքն է, ինչը դժվար է վերոնշյալ հարցի հստակ ու համոզիչ պատասխան համարել: Դաշնակցականների գնահատմամբ՝ երկքաղաքացիության ընդունումը հնարավորություն կտա «համազգային խնդիրներ լուծել», սակայն թե կոնկրետ ի՞նչ խնդիրներ եւ ինչպե՞ս, դարձյալ մնում է անհասկանալի: Ինչեւէ, պարզվում է, որ հանրապետության նախագահի կողմից ստեղծվել է երկքաղաքացիության հարցերով աշխատանքային խումբ, որը նախագահում է ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մալխասյանը: Վերջինս նախօրեին երկքաղաքացիության վերաբերյալ Հայաստանում Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ ներկայացրեց երկքաղաքացիության հեռանկարն ըստ ՀՀ կառավարության: Դատելով այդ «հեռանկարից»՝ երկքաղաքացիության ընդունումը ՀՀ կողմից այնքան էլ «սիմվոլիկ» չի լինելու:

«Ունենալով երկրորդ կամ երրորդ երկրի քաղաքացիություն՝ անձն այդ երկրում լիարժեք քաղաքացիություն է ձեռք բերում, այսինքն՝ չի կարող լինել այնպես, որ օտարերկրյա քաղաքացին, ընդունելով ՀՀ քաղաքացիություն, չունենա ՀՀ քաղաքացու հետ հավասար իրավունքներ»,- նշում է Գ. Մալխասյանը: Իսկ ի՞նչ է նշանակում «ՀՀ քաղաքացու հետ հավասար իրավունքներ ունենալ»: Արդյո՞ք դա ենթադրում է, որ երկքաղաքացիները կօգտվեն այն իրավունքներից, որոնցից օգտվում են միայն ՀՀ քաղաքացիները: Գ. Մալխասյանի խոսքերով՝ իրենք ուսումնասիրել են ՀՀ օրենսդրությունը, եւ բացահայտել են այն իրավունքները, որոնք ունի միայն ՀՀ քաղաքացին, այսինքն՝ օտարերկրյա քաղաքացիները չունեն եւ չեն կարող ունենալ այդ իրավունքները: «Միայն երկքաղաքացիություն եւ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում այդ իրավունքները կունենան օտարերկրյա քաղաքացիները»,- պարզաբանում է պարոն Մալխասյանը: Սա արդեն բոլորովին էլ սիմվոլիկ չի ստացվում: Ստացվում է, որ ՀՀ քաղաքացի երկքաղաքացիները ՀՀ-ում կարող են օգտվել ընտրական իրավունքից, ստեղծել կուսակցություններ, անդամագրվել դրանց, ֆինանսավորել դրանք եւ այլն, ինչը դժվար է «սիմվոլիկ» անվանել: Ընդ որում, նախատեսվում է, որ ազգությամբ հայերը երկքաղաքացիություն կստանան պարզեցված կարգով: Է՛լ ավելի պարզեցված կարգով ՀՀ-ի երկքաղաքացի կդառնան այլ պետությունների այն քաղաքացիները, որոնց «շահերի կենտրոնը» Հայաստանն է: Գ. Մալխասյանի խոսքերով՝ Հայաստանը պետք է որդեգրի երկքաղաքացիության՝ «հանդուրժման սկզբունքը», ինչը ենթադրում է, որ պետությունը, իմանալով, որ տվյալ քաղաքացին նաեւ այլ պետության քաղաքացի է, նրան ասում է. «ես հանդուրժում եմ քո՝ այլ երկրի քաղաքացի լինելու հանգամանքը, բայց ես, միեւնույն է, քեզ ընդունում եմ իմ երկրի քաղաքացի, եւ ճանաչում եմ միայն իմ երկրի քաղաքացի»: Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում երկքաղաքացիության ընդունումը: Նաեւ այս հարցին նախօրեին փորձեց պատասխանել Գեւորգ Մալխասյանը: Ըստ նրա, երկքաղաքացիության ընդունման նպատակներից է «հայերի ինտեգրացումն ու ամենակարեւորը՝ հայապահպան գործունեությունը»: Թե ուրիշ ի՞նչ նպատակներ կան, նա չմանրամասնեց: «Երկքաղաքացիությունն արտերկրի հայերի խնդիրների լուծման համար մեզ չի փրկելու: Առաջարկում եմ առանձին օրենք նախատեսել այս հարցի վերաբերյալ եւ սահմանել, որ ՀՀ-ն համարվում է ողջ հայության հայրենիքը՝ անկախ քաղաքացիությունից, կրոնից, բնակության վայրից, լեզվի իմացությունից եւ այլ հանգամանքներից»,- ավելացրեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալը: Նրա խոսքերով՝ պետք է թույլ տալ, որ այն անձը, ով ցանկանում է իրեն հայ զգալ, ունենա փաստաթուղթ, որը նշի, որ ինքը հայ է եւ իրավունք ունի իր հայրենիք գնալ-գալ: Դա, ըստ Գ. Մալխասյանի, կօգնի երկու երկրների միջեւ կապ հաստատելուն: «Եվ եթե մենք դա անվճար անենք, շատ ավելի շատ կնպաստի, որովհետեւ նվեր տալու դեպքում նվեր ստացողն ինչ-որ տեղ պարտական է մնում նվեր տվողին»,- կարծում է նա: Ինչեւէ, նախօրեին վերոնշյալ քննարկման ժամանակ երկքաղաքացիության մասին ՀՅԴ մշակած հայեցակարգային որոշ մոտեցումներ ներկայացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը: Վերջինիս գնահատմամբ՝ երկքաղաքացիության ընդունումն ունի ազգային-ռազմավարական նշանակություն:

«Ճիշտ հիմքերի վրա դնելու դեպքում երկքաղաքացիությունը հայ ժողովրդի համար կարող է դառնալ համազգային մի շարք խնդիրների լուծմանն ուղղված իրավական արդյունավետ գործիք»,- համոզված է Հ. Կարապետյանը: Ըստ նրա, ազգային արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր հայ ցանկանում է, որ Հայաստանն իրապես դառնա ողջ հայության հայրենիքը: ՀՅԴ մշակած հայեցակարգային մոտեցումների համաձայն, ՀՀ քաղաքացի երկքաղաքացիներն ընտրական իրավունքից կօգտվեն Հայաստանում «առավելապես եւ անընդմեջ» բնակություն հաստատելուց հետո, իսկ զինապարտությունը պետք է կրեն իրենց մշտական բնակության պետությունում: «Մի պետությունում զինապարտություն անցած անձինք մշտական բնակություն հաստատելով ՀՀ-ում` ենթակա են զինծառայության միայն որպես պահեստային զինծառայող՝ բացառությամբ զորահավաքի դեպքերի»,- նշեց Հ. Կարապետյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ ՀՅԴ-ն հունիսի 23-ին ԱԺ-ում երկքաղաքացիության օրենքի վերաբերյալ խորհրդարանական լսումներ է կազմակերպելու: