Ըստ Միգրացիայի գործակալության փախստականների հարցերով բաժնի պետ Արայիկ Հարությունյանի` այս տարվա հունիսի 20-ից սկսվելու է Երեւանում բնակվողների հաշվառման գործընթացը։ Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի նախագահ Լեւոն Ներսիսյանի հավաստմամբ` տեղական իշխանությունները չեն կարող այսօր փախստականների իրական թվի պատկերը տալ, քանի որ այն ենթադրում է որոշակի սոցիալական վճարների պարտավորություն։ Նրա խոսքերով` Հայաստանում անցկացված վերջին մարդահամարի արդյունքում անգամ փախստականների մասին վիճակագրություն չի հրապարակվել։ Նկատենք, որ մինչեւ 1988թ. Ադրբեջանի տարածքում ապրել են 500.000-ից ավելի բնիկ հայեր, որոնցից 360.000-ը 1988-92թթ. բռնագաղթել է Հայաստան։ Ներկա դրությամբ` նրանցից ՀՀ քաղաքացիություն են ստացել 70.000-ը։ Կենտրոնի տնօրենի դիտարկմամբ` այդ քաղաքացիությունը կրում է լոկ ձեւական բնույթ, քանի որ իրականում նրանք իրենց մենթալիտետով եւ սոցիալական դրությամբ դուրս չեն եկել փախստականի կարգավիճակից։ «Ոչ ոք որեւէ աշխատանք չի տարել, որպեսզի նրանք դառնան ՀՀ լիիրավ քաղաքացիներ, քանի որ մեզ մոտ գոյություն չունի փախստականների նկատմամբ տարվող միասնական պետական քաղաքականություն (լավ թե վատ, կարեւոր չէ)։ Տարվող քաղաքականությունը կրում է մասնակի տեղային բնույթ։ Եթե որեւէ մարզպետ կամ գյուղապետ լավն է, ապա տվյալ տարածքի փախստականի վիճակն էլ կարող է լավ լինել»,- եզրակացնում է հ/կ-ի նախագահը։ Օրենսդրորեն փախստականը ՀՀ-ում քաղաքացուց տարբերվում է մի քանի ասպեկտներով, սակայն Լ. Ներսիսյանի հավաստմամբ` իրականում տարբերությունը եւ խտրականությունը տեղաբնակների եւ փախստականների միջեւ շատ ավելի ընդգրկուն է։ Ադրբեջանի բռնի տեղահանվածների 85%-ը քաղաքաբնակներ են, որ ստիպված են եղել բնակվել գյուղական` նաեւ լեռնային եւ նախալեռնային գոտիներում, որոնց համար գյուղական տնտեսությունը խորթ հասկացություն է։ Շիրակի, Արագածոտնի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերի փախստականներով բնակեցված 109 գյուղական համայնքներում կենտրոնի անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նշված տարածքների գերակշիռ մասը զրկված է կապի, ռադիոյի, հեռուստատեսության հնարավորությունից, բժշկական ծառայություններից։ Ստացվել է այնպես, որ աշխատունակ փախստականների հիմնական մասը Հայաստանի սահմաններից դուրս զբաղված է սեզոնային աշխատանքով, ինչը խթանում է տվյալ ազգաբնակչության արտագաղթը դեպի ՌԴ։ Հ/կ-ի նախագահի խոսքերով` տեղաբնակների եւ բռնագաղթածների միջեւ առկա տարանջատումն ու բեւեռվածությունն այնքան խորն է, որ ասենք, Շիրակի մարզի Գյուլբուլաղ գյուղում երկու գերեզմանոց կա. մեկը` տեղի հայերինն է, հաջորդը` փախստականներինը։ «Տարանջատումը մեծ է, քանի որ նրանց ապրելու սկզբունքներն են տարբեր (հիմնական անջրպետներից է նաեւ լեզվի անհաղթահարելի գործոնը)։ Մեղրիի Լեհվազը 1988-ից հետո վերաբնակեցվել է եւ փախստականներով, եւ տեղաբնակներով. վերջիններս շատ լավ են ապրում, իսկ փախստականները չեն կարողանում այդպես»,- փաստում է Լ. Ներսիսյանը։ Փախստականների առջեւ ծառացած հիմնախնդիրներից է նաեւ աշխատանքային գրքույկի բացակայության պատճառով (մնացել է Ադրբեջանում) ապահովագրական ստաժի փաստացիության հաստատման անհնարինությունը, որի պատճառով նրանց համար հասանելի է միայն ծերության համար նշանակված կենսաթոշակը։ «Նման դեպքերի առնչությամբ դիմել եմ ադրբեջանցի իմ կոլեգաներին, որպեսզի նրանք ուղարկեն այդ փաստաթղթերի պատճենները, սակայն մեծ պատրաստակամություն ցուցաբերելով իսկ, նրանք հայտարարում են, թե` «Եթե ուզում եք, որ մեզ սպանեն, կուղարկենք»։ Ադրբեջանում պետական մեքենան մեծ ճնշում է գործադրում հասարակական կազմակերպությունների վրա եւ լրտեսում նրանց անդամների գործունեությունը։ Դատական միջամտությամբ հնարավոր է վերականգնել աշխատանքային ստաժները, սակայն պետությունը կամք չի ցուցաբերում այն լուծելու համար։ Այս երկրում չկա մի մարմին, որը հստակ զբաղվի փախստականների հարցերով»,- նշում է Լ. Ներսիսյանը։ Պետք է նշել, որ կառավարությանն առընթեր Միգրացիայի եւ փախստականների վարչությունը վերջերս վերաձեւելով Միգրացիայի գործակալության (Տարածքային նախարարության ենթակայության տակ), «փախստական» բառը դուրս է մղվել գերատեսչության անվանումից` փախստականների հիմնական խնդիրները համարելով լուծված, ինչի առնչությամբ գործակալության Փախստականների հարցերով վարչության պետ Ա. Հարությունյանը նշեց, թե ընդհանուր առմամբ կարգավիճակի փոփոխություն չկա, քանի որ միգրանտը լայն հասկացություն է, ինչը նշանակում է` ցանկացած տեղահանված անձ։ ՀՀ-ում ապաստանած փախստականների գերակշիռ մասը ներկա դրությամբ ունի բնակարանների կարիք։ Փախստականների հարցերով զբաղվող «Կրինգո» Կովկասյան հասարակական կազմակերպությունների ցանցի հայաստանյան մասնաճյուղի տվյալներով, միայն 4000 ընտանիք բնակվում է ազգականների մոտ եւ վարձկանի կարգավիճակով։ 2004-ի մայիսի 20-ի որոշման համաձայն, ՀՀ կառավարությունը պարտավորվել է մինչեւ 2007-ի վերջն առավել խոցելի ընտանիքներին, որոնք ապրում են վարչական շենքերում եւ վագոն-տնակներում, ապահովել բնակարաններով։ 2000-ից մինչ օրս իրականացվում է «Բնակարանների գնման վկայագրերի հատկացման» ծրագիրը, որն ամբողջությամբ կյանքի կոչելու համար անհրաժեշտ է հայթայթել մոտ 80 մլն ԱՄՆ դոլար։ Առաջին փուլում ընդգրկված են շուրջ 3500 բնակարանի խիստ կարիք ունեցող ընտանիքներ։ Քաղաքաշինության նախարարության տվյալների համաձայն` ներկա դրությամբ բնակարանների գնման վկայագրեր տրամադրված են 573 ընտանիքի` մարզերից եւ 20 ընտանիքի` մայրաքաղաքից։ Սակայն բնակարան ձեռք է բերել միայն 239 ընտանիք։ Սախարովի կենտրոնի տնօրենի հավաստմամբ` վկայագրերով հատկացված գումարով հիմա «հավաբուն էլ չես կարող գնել»։ Վերջին 11 տարիների ընթացքում ՄԱԿ ՓԳՀ-ն Հայաստանի տարբեր մարզերում 3500 փախստական ընտանիքների համար կառուցել է բնակարաններ։ Հսկայածավալ բնակշինարարական աշխատանք է կատարել նաեւ Փախստականների Նորվեգական խորհուրդը։ Միայն այս տարվա ընթացքում նրանք կառուցել եւ շահագործման են հանձնել 27 քոթեջային տներ` Տավուշում, 26-ը` Սիլիկյան թաղամասում, 17-ը` Արարատում եւ այլն։ Չնայած տարվող աշխատանքներին` մասնագետների դիտարկմամբ, գոյություն ունեն մի շարք տնտեսական եւ սոցիալական գործոններ, որոնք ուղղակիորեն ազդում են փախստականների բնակարանային խնդիրների լուծման վրա։ Դա առաջին հերթին անշարժ գույքի գների կտրուկ աճն է, դոլարի կուրսի անկումն է, ինչի պատճառով վկայագրերում հատկացված գումարը դառնում է անբավարար` բնակարան գնելու համար։ Մասնագետներն ընդգծում են նաեւ մեկ այլ բացասական գործոն` հիմնական բնակեցված տարածքներից հեռու փախստականների բնակավայրերի կառուցման փաստը։
Հ.Գ. 1989-ին Հայաստանի իշխանությունները 14.500 ադրբեջանցի ընտանիքների գույքի եւ բնակարանների դիմաց հատկացրել են 110 մլն դոլարի փոխհատուցում, որը երկրաշարժից տուժած բնակավայրերի փոխհատուցման փոխանցումն է։ Իսկ 22.428 ադրբեջանցի ընտանիքներ իրենց ձեռնտու պայմաններով, օրինական կարգով, իրենց գյուղական վայրերի բնակարանները փոխանակել են Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ եւ այլ քաղաքների բնակարանների հետ։