Ղարաբաղում փորձում են բարձրացնել ցորենի գները

21/06/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Բնականաբար, հիմնականում խոսում են ցորեն մթերողները, վաճառքով զբաղվողներն ու արտադրողները, իսկ գներից դժգոհողները միշտ էլ արտադրողներն են լինում:

Այստեղ արտադրված ցորենի մեկ երրորդը բավարարում է հանրապետության պահանջները, իսկ մնացածն արտահանվում է Հայաստան, որտեղ ցորեն են ներմուծում հիմնականում Ռուսաստանից:

Հայտնի է, որ անցյալ տարի Ղարաբաղում ցորեն արտադրողները համարյա շահույթ չեն ստացել` ցածր բերքատվության եւ դիզվառելիքի բարձր գների պատճառով: Անցյալ տարվա 13,4 գ միջին բերքատվության պայմաններում ցորենի գինը տատանվում էր 60-70 դրամի սահմաններում: Կան հացահատիկ արտադրողներ, որոնք անցյալ տարվա բերքը դեռեւս չեն իրացրել:

Չնայած անցյալ տարվա «անհաջողություններին», ցորեն արտադրողներն այս տարի նույնպես որոշել են հացահատիկ ցանել` ակնկալելով բերքատվության նորմալ ցուցանիշ: Գյուղացիների շրջանում անցկացրած մեր հարցումներից պարզեցինք, որ անցյալ տարվա համեմատ այս տարի բերքատվությունն ավելի բարձր կլինի, եթե, իհարկե, եղանակային պայմանները թույլ տան: Իսկ ինչ վերաբերում է գներին, ապա պետք է նշել, որ որոշ տեղերում արդեն ցորենի վաճառքով զբաղվողները (հիմնականում` Հայաստանից) գյուղացիներից ցածր գներով` 65-70 դրամով ցորեն են գնում: Իսկ գյուղացիները ցածր գներով ցորեն են վաճառում հիմնականում այն պատճառով, որ ամբարելու տեղ կամ էլ տրանսպորտի միջոց չունեն` արտադրանքն այլ տեղ իրացնելու համար:

«1-2 ամիս անց, ամենայն հավանականությամբ, ցորենի գները կբարձրանան մինչեւ 100 դրամ»,- օրերս հրավիրած մամուլի ասուլիսում ասել է Ղարաբաղի «Ալրաղաց» եւ «Հացի գործարան» ընկերությունների գործադիր տնօրեն Արարատ Հայրիյանը: Վերջինս միաժամանակ գյուղացիներին խորհուրդ է տալիս ցորենի իրացման գործում չշտապել: Նրա հավաստմամբ, Հայաստանից եկող ցորեն գնողները, օգտվելով նրանից, որ Ռուսաստանի ցորենի շուկայական գինը դեռ հայտնի չէ, Ղարաբաղի գյուղացիներից ցածր գներով են ցորեն գնում, դրանով իսկ արհեստականորեն իջեցնելով ցորենի գինը:

Իսկ ցորենից ստացված եկամուտը ղարաբաղցի գյուղացիներից շատերի համար ողջ տարվա ապրուստի միջոցն է, եւ գյուղացու համար խիստ կարեւոր նշանակություն ունի 1 կիլոգրամի մեջ նույնիսկ մի քանի դրամը, ուստի «Ալրաղաց» ձեռնարկությունը հայտարարել է, որ 1 կգ ցորենն ընդունում է 85 դրամով` նույն օրը վճարելով գնի 25 տոկոսը:

Ինչպես նշեց Ալրաղացի տնօրենը, ընկերությունը կարող է մինչեւ 15-20 հազար տոննա ցորեն ընդունել: «Իսկ ինչո՞ւ է Ալրաղացի տնօրենը, ով, տրամաբանորեն, պետք է շահագրգռված լինի, որպեսզի ցորենի գներն իջնեն, որոշել ցորենն ընդունել ավելի բարձր գներով» հարցին ի պատասխան` Ա.Հայրիյանը փաստեց, որ ինքը հանդես է գալիս նաեւ որպես ցորենի վաճառքով զբաղվող ընկերություն, որն ունի շուրջ 2-3 հազար հեկտար վարձակալած տարածք, որտեղ հացահատիկ են ցանում: Ըստ Ա. Հայրիյանի, գյուղացու վրա ազդում է ոչ միայն Հայաստանից եկած գնորդը, այլեւ Ղարաբաղի պետությունը: «Շատերը վարկ են վերցրել կամ հող վարձակալել, ինչի համար պայմանագրերն այնքան կոշտ պայմաններով են կնքվում, որ մինչեւ ցորենն իրացնելը գյուղացին արդեն ստիպված է լինում պարտքեր վճարել: Այդ իսկ պատճառով նա ցորենը ստիպված էժան գներով է վաճառում: Հակառակ դեպքում՝ Դատախազությունից «թուղթ է գալիս», նման «թղթեր» հիմա կլինի ցանկացած հողօգտագործողի տանը»,- ասել է Ա. Հայրիյանը:

«Ես ստիպված եմ շուտ վաճառել ցորենը, քանի որ ահագին պարտքեր են կուտակվել, իսկ պարտքատերերն էլ չեն սպասում: Եթե ոմանց նման ուրիշ տեղից էլ եկամուտ ունենայի` կսպասեի մինչեւ ցորենի թանկացումը: Բայց հիմա այլ ելք չունեմ»,- մեր զրույցի ժամանակ նշեց Կ. Գրիգորյանը, որն այս տարի 8 հա-ից միայն 4,5-ն է ցանել: