Թբիլիսիում մի շաբաթ անց միայն հնչեցին նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Միխայիլ Սահակաշվիլու պետերբուրգյան հանդիպման գնահատականները: Եվ այդ համատեքստում ավելի ու ավելի հաճախ է հնչում «անարդյունավետություն» բառը:
Խոսելով այդ մասին՝ փորձագետները մի քանի բան են հաշվի առնում: Նախ եւ առաջ՝ նրանք տարբերություններ են տեսնում երկու նախագահների՝ տարածքային խնդիրների հետ կապված իրավիճակի ընկալումների հարցում: Միխայիլ Սահակաշվիլին, խոսելով աբխազական եւ ցխինվալիական «գլխացավանքի» մասին՝ հնչեցրեց «բռնակցում» տերմինը: Վլադիմիր Պուտինն` «ի պատասխան» դրան՝ ընդունեց Վրաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն նկատեց, որ խնդիրը պետք է լուծել՝ հաշվի առնելով ինքնահռչակ հանրապետությունների բնակչության կարծիքը: Թերեւս ավելորդ է բացատրել, թե ինչ է դա նշանակում: Բացի այդ, Ռուսաստանի նախագահը խորհուրդ տվեց նկատի առնել Չեչնիայում հանրաքվե անցկացնելու Ռուսաստանի փորձը, որի ընթացքում «չեչենների մեծ մասը քվեարկեց ինքնավար հանրապետության՝ Ռուսաստանի կազմում մնալու օգտին»: Հատկապես ի՞նչը պետք է նկատի ունենա Վրաստանի ղեկավարությունը: Չեչնիայի սպա՞նդը: Դրանից հետո Չեչնիայի վզին փաթաթված հանրաքվե՞ն, որի արդյունքներն այդպես էլ միանշանակ գնահատական չստացան աշխարհում: Բաժանված տարածքները, մոսկովյան քաղաքական շրջանակների կողմից անջատողական ռեժիմներին գրեթե անթաքույց աջակցությունը՝ հենց այս թեմաներն էլ դարձան գլխավորը նախագահների բանակցությունների ժամանակ: Եվ երկու նախագահների դիրքորոշումները, ինչպես երեւում է, այդպես էլ չմոտեցան:
Պուտինն ու Սահակաշվիլին, իրենց իսկ խոստովանությամբ, մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին միայն առեւտրային բեռնարգելքի մասին: Եվ այստեղ պարզվեց, որ Ռուսաստանը բոլորովին էլ չի ձգտում բացել իր սահմանը վրացական ալկոհոլային խմիչքների, գյուղմթերքների եւ հանքային ջրի առջեւ: Չնայած Վրաստանի նախագահի ջանքերին՝ «թեթեւ» բնույթ տալու այդ հարցերի շուրջ մեկնաբանություններին, նրա ռուսաստանցի գործընկերը, ընդունելով «թեթեւ» տոնը, պատասխանում էր, որ շուկան կբացեն, բայց միայն այն բանից հետո, երբ Թբիլիսին խիստ կարգուկանոն կհաստատի այդ ոլորտում եւ կարտահանի միայն բարձրորակ արտադրանք:
Մի խոսքով՝ արդյունք, որպես այդպիսին, այս բանակցությունները չտվեցին: «Աջ ընդդիմություն» ֆրակցիայի նախագահ Դավիթ Գամկրելիձեն տեղի ունեցած հանդիպման մեջ ընդամենը տեսնում է Ռուսաստանի նախագահի «ռեւերանսը» «մեծ ութնյակի» առաջիկայում կայանալիք գագաթաժողովի նախաշեմին: «Արեւմուտքն ուզում էր, որ Պուտինը խոսի Սահակաշվիլու հետ: Նա արեց դա, եւ, այսպես ասած՝ պարտքը կատարեց: Հանդիպումը Վրաստանին ոչ մի դրական բան չտվեց եւ չի տալու: Ավելին, գագաթաժողովից հետո հնարավոր է Կրեմլի դիրքորոշման խստացում Վրաստանի նկատմամբ,- լրագրողներին հայտարարեց Գամկրելիձեն: -Պուտինը ոչ թե նահանջեց, այլ ուղղակի ձեւակերպեց իր վերաբերմունքը հակամարտությունների կարգավորման մասին: Իմ կարծիքով՝ դա շատ մտահոգիչ է, եւ նախագահ Սահակաշվիլու խոսքերն այն մասին, որ Վրաստանը մտադիր չէ զիջելու իր հողերը եւ թույլ չի տա բռնակցում, ավելի շուտ ուղղված էին հենց վրացական ընտրողներին, ոչ թե հակամարտությունների կարգավորմանը: Անհաջող բանակցություններից հետո Վրաստանի նախագահին այլ բան չէր մնում, քան զբաղվել PR-ով վրացական ընտրողների համար»,- կարծում է Գամկրելիձեն: Հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը՝ Իվլիան Խաինդրավան, նույնպես կարծում է, որ պետերբուրգյան հանդիպման ընթացքում ոչ մի էական բան տեղի չի ունեցել: «Դա ընդամենը հերթական հանդիպում էր, որի ընթացքում նախագահները մնացին ամեն մեկն իր տեսակետին»,- ասում է նա: Դրա անուղղակի ապացույցն այն է, որ Պուտինը եթե ուղղակիորեն չմերժեց էլ Թբիլիսի գալու առաջարկը, ապա համաձայնություն էլ չտվեց՝ բավարարվելով ՌԴ ԱԳՆ-ին մեջտեղ բերելով, իբր՝ ինչպես որ գերատեսչությունը հարմար կգտնի:
Վրաստանի առաջատար քաղաքագետներից մեկը՝ Ռամազ Սաքվարելիձեն, բարձր մակարդակի այդ հանդիպումը շոշափելի ձեռքբերում է համարում: «Երբ, օրինակ, երկու մարդ վիճել են ու դրանից հետո իրար հետ չեն խոսում, ապա նրանց առաջին հանդիպումը հազվադեպ է գործնական բնույթ կրում: Հետեւաբար հանդիպման փաստն արդեն հրաշալի է, եթե դրանից հետո մեր հարաբերություններում սառույցը շարժվի: Իմ սուբյեկտիվ գնահատականն օրիգինալ չէ. տպավորություն է ստեղծվում, որ կողմերը մնացին ամեն մեկն իր տեսակետին: Ընդ որում, միամտություն կլիներ ենթադրել, որ Պետերբուրգում կգտնվեին ցավոտ խնդիրների լուծումները: Նախագահները պայմանավորվեցին դրանք լուծելու անհրաժեշտության մասին, եւ դա արդեն վատ չէ»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում հայտարարեց Սաքվարելիձեն:
Սակայն սա ակնհայտորեն լավատեսական գնահատական է: Արդեն անցած շաբաթ-կիրակի հնչեց վերջին շրջանին հատուկ ճոռոմախոսությունը: Վրաստանի միանգամից երկու ուժային կառույցներ պահանջներով եւ մեղադրանքներով հարձակվեցին Ռուսաստանի վրա: Պաշտպանության նախարարը հայտնաբերել էր ռուսական ինքնաթիռ, որը խախտել էր Վրաստանի օդային սահմանը, իսկ ՆԳՆ-ն հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Կոբա Դավիթաշվիլու դեմ նախապատրաստվող մահափորձը բացահայտելու մասին, որի հետեւում կանգնած են ռուսական հատուկ ծառայությունները:
Մի խոսքով, լարվածությունը չի թուլացել, եւ, ինչպես Օդեսայում են ասում, հայտնի չէ, թե ինչ կլինի: