Ազատ անկում

21/06/2006 Մարինե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Վերջին ամիսների ու, հատկապես, վերջին շաբաթների իրադարձությունները, դոլարի ու դրամի հարաբերակցությունը, շուրջ 30 տոկոսով իրենց պահուստների ավելացումը, սղաճն ու գարնանային նստաշրջանի վերջին նիստերում փոխանակած «հաճոյախոսությունները» կրկին ու կրկին հիշեցնում են, թե ուր ենք գլորվում. ավելի ճիշտ` սա արդեն գլորվել չէ, այլ ազատ անկում:

Դրամ-դոլար

Կարելի է նախանձել, թե ինչպիսի անմեղ ժպիտով ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացավ Ազգային ժողով եւ նույն անմեղությամբ էլ խորհուրդ տվեց պահել եկամուտները միայն դրամով: Այդպես պարզվում է` ոչ միայն ապահով է, այլեւ եկամտաբեր, դրանք արդեն, ըստ համեստ հաշվարկների, աճել են 30 տոկոսով: Պարզվեց նաեւ, որ Կենտրոնական բանկի նախագահը դոլարի լողալու հետ որեւէ առնչություն չունի, հաստատ զարմանում է, թե ինչո՞ւ են այդ հիմար հարցով իրեն դիմում: Եթե Տիգրան Սարգսյանը բարեհաճի բացատրել նաեւ, թե ինչպես ըմբռնեն ու օգտագործեն շարքային քաղաքացիներն իրենց եկամտային ավելցուկները նման չհիմնավորված գնաճի պայմաններում, ապա երախտագիտության խոսքերը հաստատ չեն ուշանա: Բայց մի պարզաբանում. եթե այս ամենից տուժում են միայն հարուստները, ինչո՞ւ մյուսներս չենք զգում մեր շահեկան վիճակը: Որովհետեւ ո՞ր մի հարուստն է ամառային հանգիստն անցկացնում Հանքավանում կամ Ծաղկաձորում, թեեւ սրանք էլ էժանագին հաճույք չեն: Այդ տուժած հարուստները կյանքը վայելում են արտասահմանյան հանգստավայրերում, ուր դրամի մասին չեն էլ լսել. այսինքն, էժան դոլարը ձեռք է բերվում այստեղ ու հանգիստ ծախսվում այնտեղ: Իսկ հայրենական հանգստավայրերում մեկ շաբաթյա հանգստի համար դրսի հարազատների ուղարկած դոլարն ու ռուբլին կրկին խեղճությամբ նայում են դրամին: Իզուր, ԿԲ նախագահի «խորհրդով», ասեք, թող ձեր հարազատները ամերիկաներից ու ռուսաստաններից միայն դրամ ուղարկեն, դեռ էստեղից ստացված ավելցուկն էլ կարող եք հետ ուղարկել:

Աշխատանքի տեղավորման գրասենյակ

Կենտրոնական բանկում աշխատանքի տեղավորման համար կարող եք դիմել միանգամից ԿԲ նախագահին, բայց մի շտապեք. նախ, թող ներեն ինձ բոլոր հավաքարարները, բայց աստված վկա, եթե բոլորը հարգեին հավաքարարի աշխատանքն այնպես, ինչպես ես, ապա չէինք ապրի այն աղբակույտում, ուր հայտնվել ենք: Բայց ինչպես ասվում է հայտնի անեկդոտում, սա է մեր հայրենիքը: Ինչեւէ, վերադառնանք աշխատանքի տեղավորվելու հնարավորությանը: Ինչպես ասացի, պետք չէ շտապել, քանի որ ԿԲ-ում առաջարկվող աշխատանքը հավաքարարի աշխատանքն է, եւ այն էլ ստանալու համար առնվազն պետք է պատգամավոր լինել: Այ, այստեղ է, որ ԿԲ նախագահը հաշվի չէր առել այն ներուժը, որ թաքնված է Աժ ներսում: Փաստորեն, բացահայտվեց, որ Տիգրան Սարգսյանը, ըստ խորհրդարանականների` խարդախ, շուլլեր, ֆինանսական հանցագործ եւ այլն… լինելուց զատ` տառապում է նաեւ «կարճատեսությամբ», քանի որ միայն այդ հիվանդությամբ տառապող անձը կարող էր հաշվի չառնել, որ ոչ հեռու անցյալում ՕԵԿ-ականների հետ բախումներն արդեն բացահայտել են խորհրդարանական այն հզոր ներուժը, որը մեղմելու համար հարկ եղավ նույնիսկ մտածել Էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին: Պատգամավոր Վ.Դալլաքյանի ելույթը հաստատեց վարկածը, որ այլեւս չենք գլորվում:

Անկումն այլեւս ազատ է, իսկ վկայությունը`անցած շաբաթվա վերջին օրերի հրապարակումներն էին, որոնք կարդալը պարզապես նողկալի էր: Ինչ եմ ուզում ասել. վերը հիշատակվածը, թերեւս, այս մի վերջին նախադասության համար է: Ամեն ինչ կմոռացվի, ու վերը նշված անձինք շատ շուտով կհայտնվեն քեֆի միեւնույն սեղանի շուրջ, գինովցած` ջերմագին կողջագուրվեն, այդ մասին գուցեեւ պատմությունը լռի, բայց մեզ համակած նողկանքի զգացումը դեռ երկար կհիշվի:

Հ.Գ. Հրապարակման հոնորարը փոխանցեք ԿԲ նախագահին` որպես իր անշնորհակալ աշխատանքի մասնակի փոխհատուցում: