Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության շուրջ ՄԱԿ-ն ընդունել է 4 բանաձեւ, որոնք այսօր չեն կատարվում: «Ներկայումս ՄԱԿ-ը չունի արդյունավետ մեխանիզմներ՝ սեփական որոշումներն ի կատար ածելու համար: Այժմ խոսվում է ՄԱԿ-ի բարեփոխումների մասին, եւ ես գտնում եմ, որ առաջինը պետք է բարեփոխվեն որոշումների կատարման մեխանիզմները»,- «Trend»-ի փոխանցմամբ՝ Բաքվում Իսլամական համաժողովի կազմակերպության արտգործնախարարների 33-րդ նիստի բացման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահը: «Ներկայումս Ադրբեջանը մտադիր է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով, սակայն մյուս բոլոր տարբերակները նույնպես պետք է սեղանին լինեն»,- ասել է Իլհամ Ալիեւը: Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլն էլ հայտարարել է, թե նիստի մասնակիցները «հատուկ ուշադրություն են դարձրել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների մի մասի օկուպացիայի խնդրին»: «Յուրաքանչյուր ելույթ ունեցող հրապարակավ պաշտպանել է Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում: Ես նույնպես հատուկ շեշտել եմ հակամարտության արդարացի լուծման եւ օկուպացված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտությունը»,- ասել է Գյուլը՝ հավելելով, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ պատրաստվել է լուրջ փաստաթուղթ, որը համաձայնեցվել է Իսլամական համաժողովի կազմակերպության փորձագետների մակարդակով: