«Սաղմոսի» շարժիչ ուժը` երգչուհի Աննա Մայիլյանն, ասաց, որ փառատոնը ոչ մի կոմերցիոն նպատակ չի հետապնդում. «Մենք ուզում ենք ցույց տալ, որ էնտուզիազմն ու սերն այս աշխարհից դեռ չեն վերացել եւ ընկերների օգնությամբ կարելի է անգամ ամենախելագար նախագծերն իրականացնել»: Աննա Մայիլյանի ընկերները, ովքեր տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են, նրա հավաստմամբ, շատ են եւ բազմաշնորհ: Էլեկտրոակուստիկ գործիքների օգնությամբ երաժշտություն ստեղծող փարիզեցի Միշել Կարսկին «Նարեկացի» կենտրոնում կներկայացնի իր ստեղծագործությունները, որոնք ըստ հեղինակի` կատարելու համար շատ բարդ են, քանի որ ստեղծված են կոլաժային սկզբունքով. «Ես շատ զարմացա եւ ուրախացա, երբ երիտասարդ հայ դաշնակահար Հայկ Մելիքյանն ասաց, որ կկատարի դրանք»,- ասաց նա: Ժամանակակից երաժշտական կոմպոզիցիաներն ազգությամբ ռուս Մ.Կարսկին համակարգչով է ստեղծում եւ հիմնականում կենդանի չի կատարում. միայն ձայնագրում է: Երեւանյան կատարումն ուղեկցվելու է Նարեկացու տեքստով, որը կարդալու է ֆրանսահայ դերասան Սերժ Ավետիքյանը:
Աննա Մայիլյանը ցանկանում է, որ «այս փոքրիկ փառատոնը մի փոքր անկազմակերպ լինի», քանի որ շատ է գնահատում նույն պահին մի քանի մարդու ստեղծագործական պրոցեսի արդյունքում ստեղծված էքսպերիմենտները: Հայ երգչուհին եւ գերմանացի երաժիշտ ու կոմպոզիտոր Հայնց Էրիխ Գյոդեկեն դուդուկի եւ թավջութակի օգնությամբ երաժշտական էսպրոմտներ են անելու: Հայնց Էրիխ Գյոդեկեին հայկական մշակույթի հետ է ծանոթացրել կոմպոզիտոր Ավետ Տերտերյանը, ում հետ նա հանդիպել է Եկատերինբուրգում: Գերմանացի կոմպոզիտորը Երեւանում շատ բազմաբնույթ երաժշտական գործիքներ է նվագելու` տրոմբոն, տիբեթյան շեփոր, հարվածայիններ: Երաժշտական համերգները մեծ դահլիճներում չեն կատարվի, իսկ մուտքն ազատ կլինի:
Գերմանացի լուսանկարչուհի Կոռնելիա Գյոդեկոն հրավիրում է մասնակցելու շատ հետաքրքիր լուսանկարչական էքսպերիմենտի։ Նա դեռ անցյալ տարվա իր այցի ժամանակ շատ է լուսանկարել Հայաստանն ու հայերին: Սակայն այդ լուսանկարները զուտ տուրիստական, իլյուստրատիվ դիտարկումներ չեն. տիկին Կոռնելիան փորձել է հասկանալ «այն բոլոր մանր իրավիճակներն ու ֆենոմենները, որոնք միայն հայերին են հատուկ»: Իր հայացքը նա կներկայացնի «Դռներ» եւ «Ժավելի սպիրտ» շարքերում: «Ես շատ եմ ճամփորդում եւ գիտեմ, որ շատ բաներ կան, որոնք տուրիստների համար աննկատ են մնում: Ես փորձեցի հասկանալ` թե ո՞րն է հայերին ամենաբնորոշ իրավիճակը: Եվ այդպիսի իրավիճակը ես ժավելի սպիրտի վաճառքի մեջ տեսա: «Ժավելի սպիրտը» հայկական նորագույն էֆեմիզմ է»: Անցյալ տարի լուսանկարչուհին 400-ից ավելի հայկական դռներ է լուսանկարել: Դրանք դռներ էին, որոնք տուն, բակ կամ փողոց էին տանում: Եվ հիմնականում բոլորը ծանր մետաղյա ձուլվածքներ են, որոնց վրա հեղինակը մոնտաժի օգնությամբ փակցրել է հայերի պատկերացումներն իրենց կյանքի մասին. «Յուրաքանչյուր դուռ մարդու զգացմունքն է»,- ասում է նա: Տիկին Կոռնելիան նկատել է, որ հայերը ոչ մի տեղ չեն շտապում, դանդաղ ու շատ արտահայտիչ շարժումներ ունեն: Իսկ փողոցներում եւ խանութներում՝ աղմկոտ ու բարձր խոսելով, նրանք ավելի շուտ իրենց մտքերն են թաքցնում, այլ ոչ թե` արտահայտում: «Աղմուկի մեջ լռության շատ թանկ մի պահ է գալիս, երբ կարող ես մարդու աչքերի մեջ շատ բան կարդալ»,- ասում է նա: Հայերի ժպիտները, նրա կարծիքով` շատ բազմաշերտ են. «Գերմանացիները եւ ընդհանրապես եվրոպացիները շատ են մտածում իրենց պրեստիժի մասին, իսկ հայերի համար դա կարծես նշանակություն չունի»:
Մեկ այլ ցուցահանդես է պատրաստել
Ա. Մայիլյանը, ով հավաքել է իր հոր` ֆոտոլրագրող Լեոնիդ Մայիլյանի 300 նեգատիվները եւ վերատպել` արդեն ավելի ժամանակակից տեխնիկայի օգնությամբ: