Յուղ, կարագ

21/06/2006

Այրվող յուղը ոչ մի դեպքում չի կարելի ջրով հանգեցնել։ Պետք է վրան առատորեն ալյուր ցանել կամ ծածկել հին լաթով։

Տապակելուց առաջ թավան լավ տաքացրեք եւ հետո լցրեք յուղը, այդպիսով դուք ավելի քիչ յուղ կծախսեք։

Եթե թարմ յուղը ծանր հոտ ունի, այն հարկավոր է տաքացնել թույլ կրակի վրա, մեջը գցելով հացի մի փոքրիկ կտոր։ Յուղը կրակի վրա թողնել այնքան, մինչեւ հացի կտորը դառնա ոսկեգույն։ Հացի կտորը կլանում է յուղի ծանր հոտը։

Դառնացած յուղի տհաճ համն ու հոտը վերացնելու համար անհրաժեշտ է կրակին դրած յուղի մեջ (յուրաքանչյուր 1 կգ համար) գցել 2 գլուխ սոխ։

Կարագը տաք եղանակին չի հալվի, եթե կարագամանը փաթաթեք աղաջրով տոգորված անձեռոցիկով։

Ծանր հոտ ունեցող հալած յուղը կարելի է թարմացնել` նրա մեջ գցելով գազարի կտորներ։

Կարագը արագ հալելու համար այն բաժանեք մասերի եւ խորը ամանով դրեք տաք ջրով կաթսայի մեջ։ Երբ կարագը փափկի (բայց ոչ հալվի), ամանը հանեք կաթսայից եւ հարեք։

Արգանակները, սոուսները եւ բանջարեղենը հաճելի համ ձեռք կբերեն, եթե մատուցելուց առաջ դրանց մեջ մի քիչ կարագ գցեք։

Որպեսզի տապակելու ժամանակ յուղն այսուայնկողմ չցայտի, ուժեղ տաքացնելուց հետո վրան աղ ցանեք։

Նույնիսկ սառնարանում պահելու դեպքում որոշ ժամանակ անց կարագը կորցնում է համը։ Թարմությունը վերականգնելու համար կարագի մեջ դրեք մաքրած եւ լվացած գազար, թողեք 3-4 ժամ։

Յուղը, որի մեջ արդեն որեւէ բան եք տապակել, կարող եք նորից օգտագործել։ Դրա համար այն պետք է քամել եւ մեջը լցնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։ Այն չեզոքացնում է տհաճ համն ու հոտը։

Կարագը դաղելիս գույնը չի փոխի, եթե տապականու մեջ նախապես կաթեցնեք մի քանի կաթիլ բուսական յուղ։

Կերակուրը եռալիս չի թափվի կաթսայից, եթե վերջինիս եզրերը պատեք յուղով։