Ֆուտբոլ. հակադիր զգացմունքներ

21/06/2006

Նկարում պատկերված են երկու մրցակցող թիմերի՝ Ֆրանսիայի եւ Հարավային Կորեայի հավաքականի երկրպագուները։ Ընդհանրապես, երկրպագուների մեջ միշտ լինում է գրեթե թշնամանքի հասնող հակամարտության մթնոլորտ, եւ այսպիսի տեսարանների միշտ չես հանդիպի։ Ուս ուսի, այն էլ խաղի ժամանակ։ Սակայն Օբելիքսի նման հագնված ֆրանսիացու դեմքի արտահայտությունից երեւում է, որ ի տարբերություն կորեացու, նա այնքան էլ ուրախ չէ։ Իսկ ուրախ լինելու առիթ, իրոք, չկար։

Առաջին խաղում Շվեյցարիայի հետ ոչ ոքի խաղալուց հետ Ֆրանսիայի երկրպագուները հույս ունեին, որ իրենց թիմը կկարողանա հաղթել կորեացիներին։ Խաղասկզբում Անրիի խփած արագ գոլից հետո թվում էր՝ ֆրանսիացիները հեշտությամբ կհասնեն իրենց նպատակին, սակայն երկրորդ խաղակեսում Կորեայի ֆուտբոլիստները խառնեցին խաղաթղթերը։ Նրանք կարողացան հավասարեցնել հաշիվը եւ 4 միավորով տեղափոխվեցին խմբի առաջին հորիզոնականը։ Վերջին տուրից առաջ ֆրանսիացիներն ունեն ընդամենը 2 միավոր եւ անպայման պետք է հաղթեն Տոգոյի ընտրանուն։ Անգամ հաջողության հասնելու դեպքում ֆրանսիացիներն ապահովագրված չեն լինի փլեյ-օֆֆ դուրս գալու հարցում, դրա համար էլ պետք է աֆրիկացիների դարպասը որքան հնարավոր է շատ գնդակ ուղարկեն։ Իսկ դա ամենեւին էլ հեշտ չի լինի, մանավանդ` այսպիսի խաղով եւ մանավանդ, որ հանդիպմանը դեղին քարտ ունենալու պատճառով չի մասնակցելու Զինեդին Զիդանը։

Ֆրանսիայի խաղացած ոչ-ոքիները թեեւ անակնկալ էին, սակայն Մեքսիկայում եւ Իտալիայում ոչ պակաս անակնկալ են համարում իրենց թիմերի ոչ-ոքիները, համապատասխանաբար, Անգոլայի եւ ԱՄՆ-ի հետ։ Մեքսիկացիները թեեւ քննադատել են իրենց հավաքականին, սակայն, միեւնույն ժամանակ, լավատեսորեն են տրամադրված։ Թիմը վերջին տուրում հանդիպելու է Պորտուգալիայի ընտրանուն, որն արդեն հաղթահարել է խմբային փուլի արգելքը։ Անգամ ոչ-ոքի խաղալու դեպքում մեքսիկացիները դուրս կգան հաջորդ փուլ։

Իսկ ահա E խմբում ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Առաջնության ամենամեծ անակնկալի հեղինակը դարձավ այս խմբում ընդգրկված Գանայի հավաքականը, որը 2-0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Չեխիայի նկատմամբ։ Գանան այժմ ունի 3 միավոր եւ վերջին տուրում հանդիպելու է ԱՄՆ հավաքականի հետ։ Եթե գանացիները կարողանան հաղթանակ տանել, իսկ դա անհավանական չի թվում, ապա նրանք դուրս կգան 1/8 եզրափակիչ։ Այդ դեպքում խմբի երկու ֆավորիտներից մեկը՝ Իտալիան կամ Չեխիան, պետք է հրաժեշտ տան առաջնությանը։ Վերջին տուրում այս թիմերն ուժերը չափելու են միմյանց հետ։ Ոչ-ոքի արդյունքը ձեռնտու կլինի իտալացիներին, քանի որ նրանք 5 միավորով դուրս կգան խմբից։ Այդ իսկ պատճառով իտալական ԶԼՄ-ները հանգիստ են վերաբերվել ԱՄՆ-ի հետ արձանագրված ոչ-ոքի արդյունքին։

Ինչ վերաբերում է չեխերին, ապա ապահովագրված լինելու համար նրանց պետք է միմիայն հաղթանակ։ Իսկ իտալացիներին պարտության մատնելը հեշտ գործ չէ։ Ինչեւէ, չեխերը նույնպես հույսը չեն կորցրել եւ վստահում են գլխավոր մարզիչ Կարել Բրյուկներին։ Չեխերին ոգեւորում է նաեւ այն հանգամանքը, որ խաղադաշտ դուրս կգան վնասվածքից ապաքինված հարձակվողները՝ Յան Կոլլերն ու Միլան Բարոշը։

F խմբում լարվածությունը նույնպես շարունակում է պահպանվել։ Բրազիլացիներն այս անգամ ավելի վստահ հանդես եկան եւ առավելության հասան Ավստրալիայի նկատմամբ 2-0 հաշվով։ Չնայած այն հանգամանքին, որ «պենտակամպեոններն» արդեն ունեն 6 միավոր եւ ապահովել են հաջորդ փուլի ուղեգիրը, նրանց հասցեին նույնպես քննադատություններ են հնչում։ Դա այն պատճառով է, որ երկրպագուները բրազիլացիներից ակնկալում են ոչ միայն հաղթանակ, այլեւ գեղեցիկ խաղ։

Վերջին տուրում այս խմբի շրջանակներում հանդիպելու են Ավստրալիայի եւ Խորվաթիայի հավաքականները։ Այս խաղը կանցնի շատ լարված պայքարում, քանի որ հաղթողը ձեռք կբերի 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Ավստրալիային կարող է ձեռնտու լինել անգամ ոչ-ոքի արդյունքը՝ 4 միավորով երկրորդ տեղը զբաղեցնելու համար։ Այս դեպքում նրանց կարող է խանգարել միայն հրաշքը. եթե վերջին տուրում Ճապոնիան կարողանա հաղթել Բրազիլիային։ Թեեւ Ճապոնիայում այդպիսի արդյունքն ամենեւին էլ անհանավական չեն համարում։ Հիշեցնենք, որ Ճապոնիայի մարզիչն անվանի Զիկոն է, եւ ճապոնացիները հույս ունեն, որ խմբի առաջին տեղն ապահովագրած բրազիլացիներն ընդառաջ կգնան իրենց հայրենակցին եւ կզիջեն խաղը։

Իսկ մենք հույս ունենք, որ բրազիլացիներն, արդեն վախենալու առիթ չունենալով, կխաղան իրենց հատուկ գեղեցիկ եւ հարձակողական ֆուտբոլ՝ հաճույք պատճառելով ֆուտբոլասերներին։ Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչի ուղեգիր արդեն ապահովել են Գերմանիայի, Էկվադորի, Անգլիայի, Արգենտինայի, Հոլանդիայի, Պորտուգալիայի եւ Բրազիլիայի հավաքականները։