Երեկ նախագահական նստավայրում Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է կոալիցիայի ներկայացուցիչների հետ: Նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի փոխանցմամբ, սա եղել է ընթացիկ աշխատանքային հանդիպում: Նրա խոսքերով` հանդիպմանը մասնակցել են ԱԺ-ում մեծամասնություն կազմող խումբ-խմբակցությունների ղեկավարները` ՀՀԿ-ից Անդրանիկ Մարգարյանն ու Տիգրան Թորոսյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանն ու Վահան Հովհաննիսյանը, ՄԱԿ-ից` Գուրգեն Արսենյանը, «Ժողպատգամավորից»` Կարեն Կարապետյանը: «Ամփոփվել են գարնանային նստաշրջանի արդյունքները եւ խոսվել արտահերթ նստաշրջանի հարցերի մասին»,- փոխանցեց Վ. Սողոմոնյանը: Հետաքրքիր է, որ նիստի մասնակիցները խուսափում են տեղեկություններ հայտնելուց: ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը մեր բոլոր հարցերին ի պատասխան` նշեց, թե ինքը որեւէ մեկնաբանություն չունի տալու: «Հաղորդագրություն կլինի, կիմանաք»,- դաշնակի գաղտնապահությամբ ասաց նա:
Նկատենք, որ այսուհետ կոալիցիայի նիստ կոչվածին նախագահականում հավաքվում է ՀՀԿ-ՀՅԴ-ՄԱԿ-Ժողպատգամավոր կազմը: Թեեւ, Ժողպատգամավորը հրաժարվել է վերցնել ՕԵԿ-ի` կոալիցիայի կազմից դուրս գալուց հետո թափուր մնացած պաշտոնները: