ԱԺ վերջին երկու քառօրյաների ընթացքում պատգամավորների պահվածքից այնպիսի տպավորություն էր, որ գտնվում ես ոչ թե երկրի օրենսդիր մարմնում, այլ փողոցում, քանի որ միմյանց հասցեին հնչեցված ամենամեղմ որակումը «ոչխար, խոզարած, հիմար, ախոռապան» բառերն էին (ազգընտիրների մյուս գլուխգործոցները չենք տպագրում` զուտ ընթերցողի ականջները խնայելու համար): ԱԺ երեկվա ճեպազրույցների ժամանակ լրագրողները խումբ-խմբակցությունների ներկայացուցիչներից փորձում էին ճշտել, թե արդյոք էթիկայի հանձնաժողով ստեղծելու կամ հայհոյանք հնչեցնող պատգամավորին որեւէ կերպ պատժելու մասին օրենք ունենալու կարիքը չի՞ զգացվում: «Ես առաջ դեմ էի դրան, բայց հիմա համոզված եմ, որ ԱԺ-ին համապատասխան հանձնաժողով պետք է: Ցավոք սրտի, ամեն քառօրյայի ժամանակ մենք դրանում ավելի ու ավելի ենք համոզվում»,- իր մտահոգությունը հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը: Նրա խոսքերով, սակայն, ՀՅԴ-ն երբեք տեղի չի տվել նման իրավիճակներին, քանի որ, նրանց կարծիքով, պատգամավորները պարտավոր են ամեն նստաշրջանում առավել հարգալից վերաբերմունք ստեղծել խորհրդարանի նկատմամբ: Իսկ ԱԺ-ում տեղի ունեցող ռազբորկաները, Հ. Կարապետյանի կարծիքով, ցույց են տալիս, որ ժողովուրդը չի ճանաչում կամ սխալ է ընտրել այդ մարդկանց ու կուսակցություններին: Էթիկայի հանձնաժողով ստեղծելուն եւ նմանատիպ իրավիճակներում պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն դեմ էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Թեեւ վերջինիս համար եւս այդ կարգի խոսակցությունները չափազանց տհաճ են, սակայն ինքը դա որակում է որպես խորհրդարանական կյանքի մաս: «Հանձնաժողովի կարիք չկա: Ժողովուրդն ինքը տեսնում է խորհրդարանը եւ առաջիկա ընտրություններին համապատասխան հետեւություններ կանի,- ասաց նա`ավելացնելով,-պատգամավորներից ոմանք փորձում են շահեկան իրավիճակներ ստեղծել եւ ցույց տալ այն խրոխտ բանալին, որով պետք է գնան առաջիկա ընտրություններին եւ ինչ-որ դռներ բացեն»: «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի կարծիքով, նման հանձնաժողով կարելի է ստեղծել, բայց այն, ըստ նրա, չի կարող վերջնական լուծում լինել:
«Եթե որեւէ մեկին թվում է, որ բարաթը կօգնի, եւ անկիրթը կդառնա ուսյալ, ապա ես այդ տեսակետը չեմ կիսում: Այստեղ ուրիշ միտում է անհրաժեշտ դիտարկել. լրջագույն մեղադրանքներ ես հարուցում իշխանություններին, եւ բացահայտում ես խոշորածավալ կողոպուտը, այդ քննարկումները, չգիտես ինչու, տեղափոխվում են ուրիշ դաշտ»,- հայտարարեց Արտաշես Գեղամյանը՝ մոռանալով, որ ԱՄ-ՕԵԿ փոխհրաձգության ժամանակ իրենց ֆրակցիան էլ պակաս գռեհիկ չպահեց իրեն` Արթուր Բաղդասարյանի եւ մյուս ՕԵԿ-ականների հասցեին հնչեցնելով հայհոյախառն արտահայտություններ: Ինչեւէ, նշենք, որ շրջանառության մեջ է դրված ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի հեղինակած «ԱԺ Պատգամավորի պահվածքի մասին» օրինագիծը: Միգուցե ընդունվելուց հետո այն կկարողանա՞ կարգավորել նման իրավիճակները: