Գեղամյանը թաղեց հեղափոխությունը

18/06/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Երեկ հայրենի խորհրդարանը գնաց «վաստակաշատ» հանգստի. այսպիսով ավարտվեց ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանը: Եվ երեկ ԱԺ-ում այս նստաշրջանի վերջին բրիֆինգներն էին, որին, սակայն, այդպես էլ չմասնակցեցին «Օրինաց երկիրը», ՄԱԿ-ը, «Ժողպատգամավորն» ու նորաստեղծ «Գործարար» խումբը:

Վերջին շրջանում ամենակարեւոր իրադարձություններից մեկն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի փոփոխությունն էր, երբ Սթիվեն Մանի փոխարեն նշանակվեց ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան: Բացի այդ, առաջիկայում փոխվելու է նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանը. Ջոն Էվանսին փոխարինելու է գալու Ռիչարդ Հոգլանդը: Եվ երեկ խորհրդարանականներից հետաքրքրվեցինք, թե այդ փոփոխություններն ինչպես կանդրադառնան ԼՂՀ հակամարտության լուծման, ինչպես նաեւ` ներքաղաքական կյանքի վրա: Մանավանդ, որ տարեսկզբին ՀՀ կատարած այցի ընթացքում Մեթյու Բրայզան հայտարարել էր, թե ԱՄՆ-ը առաջիկայում օգտագործելու է իր ռեսուրսները` Հայաստանում ժողովրդավարությունը «ներքեւից վերեւ» սխեմայով զարգացնելու համար:

«Ազգային Միաբանություն» խմբակցության նախագահ Արտաշես Գեղամյանը երեկ ուղղակի բաց տեքստով վերջ դրեց ՀՀ-ում հեղափոխություն անելու վերաբերյալ խոսակցությանը: Ընդ որում, Արտաշես Մամիկոնիչն այդ մասին «ավետեց»` հղում անելով ամերիկյան հեղինակավոր «Գելապի» համալսարանի անցկացրած սոցիոլոգիական հարցումներին: «Վերջերս այդ նույն ԱՄՆ ամենահեղինակավոր հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոններից մեկը` Գելապի կենտրոնը, ինչպես նաեւ ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտն ու հայկական սոցիոլոգիական ասոցիացիան վերլուծություն են իրականացրել: Եվ այն հարցին, թե կողմնակի՞ց է արդյոք հայ ժողովուրդը իշխանափոխության, բայց հեղափոխության միջոցով, 67-70 տոկոսը գտել է, որ սա ՀՀ-ի համար զարգացման ճանապարհ չէ: Ի տարբերություն մերոնց, ամերիկացիները որեւէ քայլի դիմելուց փորձում են առաջնորդվել հասարակական կարծիքի վրա: Իսկ այդ հարցում հասարակական կարծիքը հեղափոխական ճանապարհով իշխանափոխության կողմնակից չէ»,- Հայաստանում հեղափոխության թեման այսպես փակեց պարոն Գեղամյանը: Ինչ վերաբերում է ամերիկացի համանախագահի եւ դեսպանի փոփոխությունից հետո ԼՂՀ հիմնախնդրում ակնկալվող տեղաշարժերին, ապա Գեղամյանի կարծիքով` այն նոր լիցք կհաղորդի հակամարտության կարգավորման գործընթացին: Սակայն Ա. Գեղամյանը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել «չափազանց բախտորոշ մի փաստաթղթի վրա, որ հավանության է արժանացել ամերիկյան Ներկայացուցիչների պալատի Կոնգրեսի Ստորին պալատի կողմից»: ԱՄ նախագահի մատուցմամբ, ամերիկացիներն, ըստ էության, դեմ են լինելու Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցմանն ու շահագործմանը: «Բայց այդ որոշումը մեր իշխանությունների սիրուն աչքերի համար չէ, որ կայացվել է: Դրանով, անտարակույս, ակնկալվում է լուրջ բեկում հայ-թուրքական հարաբերություններում. փաստորեն, Թուրքիային զրկում ես այդ երկաթուղուց, բայց պետք է առաջարկես այլընտրանքը: Իսկ այդ այլընտրանքը Գյումրի-Կարս երկաթգիծն Է»,- ասում է Գեղամյանը` իշխանություններին խորհուրդ տալով, որ «ճշգրիտ եւ հմուտ դիվանագիտության դեպքում» կարող են այս հարցը լուծել:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը նորմալ է վերաբերվում եւ դեսպանի, եւ համանախագահի փոփոխությանը: Սակայն, ըստ նրա, «ով էլ լինի այդ պաշտոնում, նա պետք է ելնի ԱՄՆ-ի ունեցած քաղաքական դիրքորոշումներից»: «Կարծում եմ, որ

ՀՀ-ում ժողովրդավարության հետագա զարգացումն ու արմատավորումը որեւէ կապ չի կարող ունենալ ՀՀ-ում գունավոր հեղափոխության լինել-չլինելու հետ: ԱՊՀ այդ երկրներում գունավոր հեղափոխություն իրականացրած նույն պաշտոնյաներն այսօր ընդունում են, որ գունավոր հեղափոխության ընթացքն այնքան էլ չի կապվում ժողովրդավարության արմատավորման հետ: Ընդհակառակը, թե՛ Վրաստանում, թե՛ Ուկրաինայում ժողովրդավարության ոտնահարման հետ կապված բազմաթիվ փաստեր կան: Եվ ես համաձայն չեմ, որ եթե գունավոր հեղափոխություն չեղավ, ուրեմն ՀՀ-ում ժողովրդավարություն չկա»,- գտնում է Հրայր Կարապետյանը: Նույն կարծիքին է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Իմ կարծիքով եւ՛ Ուկրաինայում, եւ՛ Վրաստանում հեղափոխական գործընթացները թելադրողներն իրենք են իրենց թելադրածի ձեռքը կրակն ընկել»,- գտնում է Գալուստ Գրիգորիչը: Ինչ վերաբերում է ԼՂՀ հակամարտությանը, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով` համանախագահի փոփոխությունը եւս որեւէ բեկում չի մտցնի հակամարտության կարգավորման «գործառույթներում»: «Ես չեմ ակնկալում, որ 2006թ. էական փոփոխություններ տեղի կունենան ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում»: «Արդարություն» խմբակցությունից երեկ ճեպազրույցների էր եկել անձամբ ֆրակցիայի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Ու քանի որ վերջինս մի քանի հանդիպում է ունեցել Մեթյու Բրայզայի հետ, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպիսի տպավորություններ է ստացել: «Չխոսեմ իմ անձնական տպավորությունների մասին: Մեկնաբանություն ես չունեմ»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը: Բայց քիչ անց նա հայտարարեց, որ, այնուամենայնիվ, տպավորությունները դրական էին: Պարոն Դեմիրճյանն առանձնապես չի ցանկանում մեկնաբանել ամերիկացի պաշտոնյաների փոփոխությունն ու ընթացող գործընթացների վրա դրա ունեցած հետեւանքները: «Այդ հարցը դրամատիզացիայի չէի ենթարկի: Պաշտոնյաներ են, կարող են փոխվել, այնպես որ, մեկնաբանելու խնդիր չկա: ԱՄՆ արտաքին քաղաքականության գիծը ֆունդամենտալ փոփոխություններ չի կրի»,- մեր հարցին ի պատասխան` նշեց նա` ավելացնելով, որ ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունը պետք է լինի Եվրոինտեգրումը:

Իսկ մինչ այդ նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են հունիսի 22-ին Վիեննայում հանդիպել: Համանախագահների հանդիպումը կայանալու է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի շրջանակներում: Դրանից հետո ակնկալվում է նաեւ համանախագահների այցը տարածաշրջան: