Ամենաշատը, ինչից բողոքում են հայրենի ընդդիմության ներկայացուցիչները, թերեւս այն է, որ իրենք զրկված են հեռուստաեթերով այս կամ այն հարցի վերաբերյալ տեսակետ արտահայտելու հնարավորությունից, ու այդ պատճառով էլ հենց ասելիք են ունենում, հանրահավաք են հրավիրում` մարդկանց իրենց տեսակետներին այդկերպ հասու դարձնելու համար:
Ոմանք էլ իրենց ասելիքը փորձում են հանրությանն ասել այս կամ այն ակումբին հյուր գնալով եւ կամ ասուլիս տալով, թերեւս, հույս ունենալով, որ որոշ հեռուստաընկերություններ ինչ-որ կերպ այնուամենայնիվ կանդրադառնան նաեւ այդ ասուլիսում իրենց արտահայտած մտքերին: Այս տեսանկյունից հետաքրքիր էր, թե ինչի՞ մասին է խոսելու «Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը` ԱԼՄ հոլդինգի ու «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) ղեկավար Տիգրան Կարապետյանը, երբ վերջինս տրամադրության տակ մի ամբողջ հեռուստաընկերություն ունի, որի միջոցով մարդիկ ամեն օր ծանոթանում են ամենատարբեր հարցերի վերաբերյալ Տ. Կարապետյանի հայտնած մտքերին` անկախ նրանից, թե տվյալ հարցը որ բնագավառին է վերաբերում: Ինչեւէ, դժվար է ասել, թե կոնկրետ ի՞նչ թեմայի շուրջ էր երեկվա քննարկումը, քանզի Տիգրան Կարապետիչը խոսեց գրեթե ամեն ինչի մասին` սկսած առաջիկա ընտրություններից, դոլարի կուրսից ու ականներից, վերջացրած Հայաստանի օրհներգով, «Եվրատեսիլով» ու «ժողովրդական ֆոլկլորով»: Սակայն ամեն ինչի մասին` հերթով: Ասուլիսի սկզբում, անդրադառնալով «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի այն պնդումներին, թե իրեն ոչ մի հեռուստաընկերություն նույնիսկ փողով եթեր չի տրամադրում, ԱԼՄ հեռուստաընկերության սեփականատերը նշեց, թե Ա. Կարապետյանին Հայաստանում ճանաչել են իրենց եթերի միջոցով: «Եթե չլիներ մեր եթերը, Ա. Կարապետյանին չէին ճանաչի: Այն ժամանակ ինքը կոնստրուկտիվ, նորմալ քաղաքական գործիչ էր»,- ասաց Տ. Կարապետյանը` հավելելով, թե Ա. Կարապետյանը եթեր ստանալու համար իրեն չի դիմել: Իսկ հիմա հաջորդ թեմայի մասին. Կարապետիչի խոսքերով` դոլարի կուրսը «պատվեր է», եւ դա հուշում է, որ «ինչ կցանկանան, այն էլ կանեն եւ պատիժ չեն ստանա»: Ընդհանրապես, երեկվա ասուլիսում ԺԿ ղեկավարը քննադատական խոսքեր էր ասում թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության հասցեին: Նրա հավաստմամբ` այսօր չկա այնպիսի գաղափար, որի հետեւից հենց այնպես գնան: «Մենք ընդդիմություն չունենք: Փորձեք ընդդիմադիր որեւէ առաջնորդի վարչապետի պաշտոն տալ: Չի մտածի, չի խորհրդակցի իր կուսակիցների հետ: Երկու վայրկյանից կասի` այո: Միայն թե այդ միտքը տեղ հասնի, կասի` այո»,- վստահեցնում է Տ. Կարապետյանը` հավելելով, թե եւ՛ ներկա ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը փորձում են վերարտադրվել: Հետաքրքիր է, առաջիկա ընտրություններից առաջ Տ. Կարապետիչի գլխավորած կուսակցությունը քաղաքական որեւէ ուժի հետ դաշինք կազմելո՞ւ է: ԺԿ ղեկավարի խոսքերով` ինքը ոչ մեկի հետ դաշինք չի ստեղծի, որովհետեւ միայն իրենց կուսակցությունն է, որը հակառակ նժարին դնելու է իր արժանապատվությունը, եւ կուսակցության ղեկավարի հավաստմամբ` իրենք գումարներ չեն տալու եւ ոչ մի բան չեն խոստանալու: «Մենք նժարին դնելու ենք մեր վաստակը: Այն, որ չորս տարվա ընթացքում մենք վաստակեցինք, եւ մեր արժանապատվությունը: Ոչ մեկը թող չերազի, որ ես որեւէ մեկի հետ դաշինք կստեղծեմ կամ որեւէ մեկին իմ ձայները կտամ: Եթե ես իշխանական կամ ընդդիմադիր դաշտում որեւէ մեկի հետ դաշինք կազմեմ, ժողովուրդն ինձ ուղղակի չի հավատա»,- հակադաշինքային իր տրամադրվածությունն այսպես է բացատրում ԺԿ ղեկավարը, ում համոզմամբ` իրենց կուսակցությունն այսօր մոտավորապես 30% ձայն ունի: Նրա խոսքերով` իշխանություններն այսօր հզոր են եւ հզոր են «ոչ թե իրենցով», այլ` որովհետեւ հակադիր ուժ չունեն: Իսկ արդյո՞ք Տիգրան Կարապետիչը որեւէ քաղաքական գործչի իր գործունեության համար կցանկանար ադամանդ շնորհել: «Ես երեխաներին եմ միայն ադամանդ շնորհում: Եթե քաղաքական դաշտում երեխաներ են, ես պատրաստ եմ, բայց կսկսեմ զմրուխտից»,- նշեց նա: Վերջինս վստահ է, որ իր գլխավորած կուսակցությունն ապագա խորհրդարանում հաստատ լինելու է, իսկ եթե հանկարծ չլինի, դա կլինի Տ. Կարապետյանի «հաղթանակը», որովհետեւ, նրա խոսքերով, երբ նախորդ անգամ ինքը պատգամավոր չի դարձել, «շատ ու շատ կողմնակիցներ է ձեռք բերել»: Չնայած այս բացատրություններին, նա հաղթանակ է համարում նաեւ ԱԺ-ում հայտնվելը: Բայց միայն ԱԺ-ում հայտնվելով` նա չի բավարարվելու. նա ուզում է դառնալ Հայաստանի նախագահ: Դա նրա երազանքն է, ինչին հասնելու համար նա առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն անպայման առաջադրելու է: Բացի այս, նա երեկ կանխատեսումներ էլ արեց: «Կլինեն եւ՛ վրաններ, եւ՛ նարնջագույն դրոշներ: Ամեն ինչ էլ կլինի, բայց արդյունավետ չի լինի»,- ընդդիմության գործընթացների այսպիսի ձախողում կանխատեսեց ԱԼՄ-ի ղեկավարը:
Վերջինս, ինչպես նշեցինք, խոսեց նաեւ ականների մասին: Փաստելով, որ ԿԳ նախկին նախարար եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախկին փոխնախագահ Սերգո Երիցյանը նշանակվել է հանրապետության նախագահի խորհրդական, Տ. Կարապետյանը եզրակացնում է, որ Ս. Երիցյանը «վաղուցվանից «դեսանտ» էր»: «Եթե չլիներ, էլ ինչի՞ էին վերցնում, ուրեմն` ինքն իր աշխատանքն արեց: Ինքն ամենասկզբից, երբ հիմնադրել էին այդ կուսակցությունը, այն ժամանակվանից այնտեղ էր: Ական էր»,- կարծում է ԺԿ ղեկավարը՝ հերթական անգամ հայտարարելով, թե ինքն իրեն «կենտրոնամետ է զգում»: Հիշեցնենք, ապրիլի 9-ին Մատենադարանին հարակից հրապարակում «ժողովրդի հետ հայրենասիրության մասին» խոսելու նպատակով հրավիրված հանրահավաքում Տ. Կարապետյանը, դիմելով հավաքված հարյուրավոր ադամանդներին ու զմրուխտներին, հայտարարել էր. «Հարգելիներս, մենք ընդիմադիրներ ենք»: Այն ժամանակ չբացատրվեց, թե ինչո՞ւ մինչ այդ «կենտրոնամետ» ԺԿ-ն որոշեց դառնալ ընդդիմություն: Երեկ էլ Տ. Կարապետիչը չբացատրեց, թե ինչո՞ւ է որոշել նորից «կենտրոնամետ» դառնալ:
Կարապետիչն իր կարծիքը հայտնեց նաեւ A-320-ի վթարի պատճառների մասին: «Եթե մեզ չտեղեկացնեն, ուրեմն` մենք չենք իմանա, եւ այդ խնդիրը կմնա ոչ բացահայտված, ինչպես «Հոկտեմբերի 27»-ը, ինչպես շատ ու շատ խնդիրներ, որոնք չեն բացահայտվել»:
Ինչեւէ, երեկ պարզվեց, որ Տ. Կարապետյանը կողմ է ՀՀ օրհներգի գործող տարբերակին եւ, որ «Եվրատեսիլը» նա գեղեցիկ շոու է համարում: Սակայն ԱԼՄ-ի ադամանդներին Տիգրան Կարապետյանը չի պատրաստվում «Եվրատեսիլ» ուղարկել, քանզի նրանք «միամիտ, անկեղծ, մաքուր երեխաներ են»: «Դա ժողովրդական ֆոլկլոր է»,- նշեց Տ. Կարապետյանը: Վերջինս երեկ փորձում էր համոզել, թե ԱԼՄ-ի եթերում երգող, պարող ու ասմունքող երեխաներին իր տված նվերները ոչ մի դեպքում չի կարելի ընտրակաշառք համարել, մանավանդ, որ նրանք երեխաներ են եւ ընտրական իրավունքից չեն օգտվում: Փաստենք սակայն, որ թեեւ երեխաներն ընտրելու իրավունք չունեն, սակայն այդ իրավունքն ունեն, ասենք, նրանց ծնողները:
Հ.Գ. Տիգրան Կարապետյանը երեկ նաեւ նշեց, որ իր ղեկավարած հեռուստաընկերության եթերում երգել, պարել ու ասմունքել է մոտ 100 հազար երեխա: