«Ինֆորմացիոն արտահոսքն արվել է միտումնավոր եւ տգետ ձեւակերպմամբ»

18/06/2006 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Սեւ ծովում աղետի ենթարկված A-320 ինքնաթիռի սեւ արկղերի վերծանման աշխատանքներին որպես հայերենի գիտակ մասնակցած ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանն իր առաքելության ավարտից հետո որքան էլ ջանացել է լրագրողներին ոչինչ չասել, նկատել է սակայն, որ վթարի պատճառը «մարդկային գործոնն» էր: Դրանից մեկ-երկու օր անց «Մոսկովսկի կոմսոմոլեցը» («ՄԿ»)` ներկայացնելով սեւ արկղերի ինքնագրիչների վերծանման աշխատանքներին մասնակցած մի անանուն աղբյուրի տեղեկատվությունը՝ դարձյալ որպես վթարի պատճառ նշում է «մարդկային գործոնը»՝ վարկածը հիմնավորելով օդանավի անձնակազմի այնպիսի վիճակով, երբ վերջիններս «լավ չեն պատկերացրել՝ որտեղ է երկիրը եւ որտեղ՝ երկինքը»: Ըստ անանուն աղբյուրի՝ երկրի ու երկնքի տարբերությունը լավ չընկալելու պատճառները երկուսն են՝ կա՛մ անձնակազմի ուշադրությունը շեղված է եղել, կա՛մ եղանակային պայմանները թույլ չեն տվել: Բորտային ինքնագրիչի վերծանումը նաեւ վկայել է, որ տեխնիկան աշխատել է անխափան, վառելիքի պակաս եւս չի եղել: Դատելով վերոնշյալ հաղորդագրությունից՝ մասնագետներն այժմ «նրբանկատորեն» փորձում են գտնել հնարավորինս մեղմ ձեւակերպումներ՝ անձնակազմին հարվածներից եւ մեղադրանքներից զերծ պահելու համար: Եթե ինֆորմացիոն այս արտահոսքը ճշմարիտ է, նախ՝ կասկածի տակ են հայտնվում «Արմավիայի» ղեկավարության պնդումները, թե ինքնաթիռի անձնակազմը պրոֆեսիոնալ էր: Մեր այս հարցադրմանը «Արմավիայի» մամլո խոսնակ Ժասմեն Վիլյանը միայն պատասխանեց. «Մինչեւ ուսումնասիրությունն ամբողջապես չավարտվի, իսկ արդյունքները չամփոփվեն, որեւիցե վարկած ներկայացնելն ու այն մեկնաբանելը ճիշտ չենք համարում»: Իսկ եթե ա՛յս վարկածը ներկայացվի որպես պաշտոնական, «Արմավիան» կփորձի՞ այն վիճարկել: «Կտեսնենք»,-եղավ պատասխանը: Ամեն դեպքում, ՌԴ-ում մեր երկրի դեսպանի եւ «ՄԿ» թերթի անանուն աղբյուրի նշած «մարդկային գործոնը» տեսականորեն կարող էր եւ որպես մաքուր ճշմարտություն ընկալվել, եթե ավիացիայի բնագավառի պրոֆեսիոնալներն ինֆորմացիոն այս արտահոսքի հեղինակներին տգետ չհամարեին: Մասնավորապես, ըստ Ազգային ավիացիոն միավորման նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանի՝ տեղեկատվական այդ արտահոսքը կազմակերպողը շատ անգրագետ հայտարարություն է արել, ինչին ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Բանն այն է, որ «մարդկային գործոնի» եւ «օդաչուի սխալի» մեջ շատ մեծ տարբերություն կա: Օդաչուի սխալը կարող է տեղի ունենալ թերուսության դեպքում: «ՄԿ»-ի տեղեկատվության մեջ ասվում է, որ օդաչուն կորցրել է տարածության ընկալումը: Սա խոսում է օդաչուի տգիտության, այլ ոչ թե մարդկային գործոնի մասին: «Օդաչուին նման մեղադրանք առաջադրելը կնշանակի, որ նա անգամ տարրական կրթություն չունի: Սակայն այն, ինչ առաջինը սովորեցնում են օդաչուին, իր տարածքային դրությունը ճիշտ իմանալն ու պատկերացնելն է՝ սարքավորումների օգնությամբ: Սարքավորումները, համաձայն նույն աղբյուրի, եղել են սարքին, տեխնիկան աշխատել է անխափան, հետեւաբար` օդաչուն չէր կարող կորցնել տարածության ընկալումը»: Դմիտրի Ադբաշյանը վստահ է, որ տեղեկատվության արտահոսքն արել է կա՛մ լրիվ անգրագետ մարդ, կա՛մ նման ձեւակերպումն ընտրվել է միտումնավոր. «Մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում՝ ասելով, որ դժվար է մեղադրել մարդկանց, մանավանդ օդաչուին, զոհվածին, սակայն, ի՜նչ արած, ստիպված ենք դա անել՝ մեղավորն օդաչուն էր: Սակայն ես այս վարկածը չեմ ընդունում: Ես պնդում եմ այն վարկածը, որի մասին ասել եմ՝ օդանավն անկառավարելի վիճակում ընկել է, այսինքն՝ օդաչուները չէին կառավարում ինքնաթիռը ընկնելուց առաջ: Ինչո՞ւ է ընկել ինքնաթիռը: Որովհետեւ կորցրել է արագությունը: Իսկ արագությունը կորցնելու պատճառը կարող էր լինել այն, որ օդանավը կարող էր մտնել վտանգավոր օդային հոսանքների մեջ: Օրինակ, եթե մտնի դեպի վեր բարձրացող օդերի հոսքի մեջ»: Եթե աղետի պատճառներից մեկը տեսականորեն կարող էր դա լինել, այդ դեպքում ինչո՞ւ պետք է հանձնաժողովը թաքցնի այն եւ չհրապարակի: «Այդ դեպքում կհայտնաբերվի, որ Սոչիի օդանավակայանում չեն ապահովվում թռիչքային անվտանգության բոլոր պայմանները: Օրինակ՝ նրանք չունեն միջոցներ նման օդային հոսքերը հայտնաբերելու համար: Հիմա 21-րդ դարն է, եւ ծովի մեջ պետք է ունենան սարքեր, որոնք 6 կմ, 4 կմ հեռավորության վրա կարող են հայտնաբերել կա՛մ հոսքերը, կա՛մ դրանց առաջացման հնարավոր պատճառները»,- ասում է Դմիտրի Ադբաշյանը: Ինչ վերաբերում է «դիսպետչերի գործոնին», ապա նա պարզապես արել է իր գործը. «Նրան օդերեւութաբանական կենտրոնից ասել են, որ ամպերի ներքին շերտի բարձրությունը մինիմումից ցածր է, բայց ոչ այնքան ցածր, որ գնային ու զոհվեին»: Անանուն աղբյուրի հավաստմամբ՝ տարածության զգացողության կորստի պատճառ կարող էր լինել օդաչուի ուշադրության շեղումը: Ինքնաթիռում ի՞նչը կարող էր շեղել օդաչուի ուշադրությունը. «Դա հնարավոր չէ: Օդաչուն նստած՝ մտածում է վայրէջքի մասին»,- պնդում է Դմիտրի Ադբաշյանը: Իսկ ուղեւորների, բարձրաստիճան պաշտոնյաների ճնշումը կարո՞ղ էր շեղել օդաչուի ուշադրությունը կամ սխալ կողմնորոշվելու պատճառ դառնալ. «Պրոֆեսիոնալ մարդու համար այդպիսի բան հնարավոր չէ: Գրիգոր Գրիգորյանի համար էլ, կարող եմ ասել, հնարավոր չեմ համարում. նա իսկական պրոֆեսիոնալ էր: Եթե իր վրա ճնշում լիներ, դա կձայնագրվեր»: Իսկ որ անգամ սեւ արկղերի վերծանումից հետո մենք այդպես էլ չենք իմանա ճշմարտությունը, վստահ է նաեւ Դմիտրի Ադբաշյանը. «Ես վստահ չեմ, որ կասվի իրականությունը: Այստեղ հնարավոր են խաղեր, որոնք բխում են տարբեր կողմերի շահերից: Օրինակ, ինֆորմացիոն այդ արտահոսքից ես հասկացա, որ «Էյրբասին» մեղավորության շրջանակից դուրս են դրել՝ ասելով, որ ինքնաթիռ արտադրող ընկերությունը մեղավոր չէ: Իսկ ես դրա հետ համաձայն չեմ. օդանավը կարող է վատ հաշվարկված լինի, եւ հաշվարկներից դուրս հաշվի չառնված ինչ-ինչ գործոններ կարող են ազդել օդանավի վրա: Օրինակ, իմ նշած հոսանքների պահը: Եթե հայտարարեն, որ մարդկային գործոնն էր աղետի պատճառը, դրանով կաջակցեն նման տիպի վթարների կրկնությանը: Գտնում եմ, որ օդանավը որքան էլ սարքին լինի, կարող էր ունենալ այնպիսի թերություն, որոնց մասին դրա նախագծողներն օբյեկտիվորեն տեղյակ չլինեին: Ինֆորմացիոն արտահոսքի հեղինակը գիտի, որ ինքը հանցագործություն է արել: Համոզված եմ, որ դա արվել է դիտավորյալ, կառավարելի ձեւով՝ իրեն ասել են՝ գնա ու արա այդ արտահոսքը, տեսնենք՝ ինչով կավարտվի: Ես ասում եմ, այդ մարդը կա՛մ անգրագետ է, կա՛մ մեզ դնում է, ներեցեք, շլանգի տեղ»: