Նոր վեպ

18/06/2006 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Անցյալ շաբաթ «Նարեկացի» մշակութային կենտրոնում մի գրքի շնորհանդես էր, որ հայ գրականության մեջ հեղափոխական կարելի է համարել:

30-ամյա Շուշան Ավագյանի՝ «Գիրք անվերնագիր» վեպը նորություն է եւ՛ թեմայով, եւ՛ կառուցվածքով: Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ֆեմինիստական գաղափարներով հագեցած գրական ստեղծագործություն, որում «հանդուգն աղջիկները փնտրում են իրենց հանդուգն մայրերին»: Ճիշտ է, 20-րդ դարի սկզբին ֆեմինիստական թեմաներով բանաստեղծություններ է գրել Շուշանիկ Կուրղինյանը, բայց դրանք գրականագիտությունը մոռացության է մատնել:

Անցյալ տարի Շուշան Ավագյանը հրատարակեց Կուրղինյանի ֆեմինիստական բանաստեղծությունները հայերեն եւ անգլերեն: Այս վեպը վերականգնում է հայ կին մտավորականների ընդհատված կապը: Հերոսներից երկուսը մոռացության մատնված գրող կանայք են` Կուրղինյանը եւ 1941 թվականին բանտում սպանված արձակագիր Զապել Եսայանը: Մյուս երկուսը նրանց փնտրող ժամանակակիցներն են` Լառան եւ հեղինակը: Վեպը չունի սյուժե, որ նորություն է հայ գրականության մեջ, այն բաղկացած է ֆրագմենտներից, որոնց ներքին կապը պետք է կարողանա գտնել ընթերցողը:

Մի հերոսի գործերը միտումնավոր մոռացության են մատնված, մյուսին ֆիզիկապես ոչնչացրել են, ու կանանց միջեւ սիրո եւ համերաշխության գաղափարների ժառանգորդությունը փրթված է. այն, ինչ պետք է արտահայտվեր սյուժետային գծով, կտրված է, եւ տեղը մնացել են ֆրագմենտներ, որ հեղինակը արխիվներից, զրույցներից, մեջբերումներից, իր եւ Կուրղինյանի բանաստեղծություններից, մտքերից, գրականության մասին դատողություններից, իրավիճակներից, իր երեւակայությամբ վերականգնված պատառիկներից, նամակներից հավաքում ու շարադրում է:

Վերականգնվում է կապը, ժառանգորդությունը, բայց ոչ սյուժետային կառույցով, այլ ֆրագմենտների միջոցով: Հայտնաբերվում են Կուրղինյանի` կնոջը նվիրված տողերը («Մենք` որպես երկու տարբեր մոլորակ /Նոր կյանքի շեմին իրար գրկեցինք»), որոնք պիտի փոխանցված լինեին, ու հեղինակի բանաստեղծությունը` որպես նոր ընկալման արտահայտություն, պիտի դրա վրա հենված լիներ. «Թող գիրքս փռեմ քո շենքերի տակ, թող այն դիպչի քո սրունքներին: Թույլ տուր գրել սիրո մասին: Արձակվիր: Եվ արձակիր ինձ»: Ինչպե՞ս մեր ժամանակի կինը ճանաչի ինքն իրեն. հայրիշխանության ներկայացրած պատմությա՞մբ, որ մի խաբեություն է, որում ոչնչացված են հայ իրականության մեջ կանանց ազատության գաղափարները («Եվ ինչպե՞ս սովորել մի պատմություն, որ ամեն անգամ, երբ փորձում է արմատներ ձգել հողում, արմատախիլ է արվում»): Թե՞ հնագետի պես փնտրի իրական պատմությունը, որի ֆրագմենտները թաղված են ոչնչացված սյուժեի ավերակներում: Իսկ ո՞վ պիտի անի աշխատանքը. միայն կինը, որ կարիք ունի ինքնաճանաչման ու ինքնաբացահայտման:

«Գիրք անվերնագիրը» ասես հնագիտական պեղումների ֆրագմենտների ու դրանք իրար կապող վերականգնողական մեկնաբանությունների ու բանաստեղծությունների տեքստ է: Մի ֆրագմենտ կարող է բացել վեպի ամբողջ էությունը, օրինակ. «Կենսագրության եւ ինքնակենսագրության տարբերությունն այն է, որ առաջինն ավարտված է, իսկ երկրորդը դեռ գրվում է», այսինքն` վեպը ինքնակենսագրությունն է հայ կին գրողի, որ իր մեջ մարմնավորում է չորս սերունդներ (մի սերունդ ներկայացնում է Զապել Եսայանի դուստրը` Սոֆին):

Ահա թե ինչու Կուրղինյանից, Եսայանից, նրա դուստրից, Լառայից արված մեջբերումները չունեն չակերտներ, չակերտները վերանում են, ու հերոսները նույնանում են: Միայն կանայք չեն նույնանում. վեպում նկարագրված է Չեկայում Զապել Եսայանի հարցաքննությունը. երկու քննիչներ հարցեր են տալիս, նախաքննական պրակտիկայում ընդունված մեթոդով այստեղ էլ առաջինը լավ քննիչ է, երկրորդը` վատ: Հարցերի բնույթը փոփոխական է, երբեմն հարցաքննությունը դառնում է գրական խոսակցություն. առաջին քննիչն ասում է. «Ես ուղղակի զմայլված եմ, թույլ տվեք համբուրել ձեր ձեռքը», երկրորդը` «Համաձայնեք, որ վարել եք հակապարտիական կյանք: Ստորագրեք այստեղ, որ չեղյալ եք համարում ձեր բոլոր գրվածքները»:

Քննիչները նույնանում են հայ գրողների հետ` «երկրորդ քննիչին անվանենք Կոստան Զարյան»։ Ինչո՞ւ։ Զարյանը մի հոդվածում Զապել Եսայանին անվանել է ազգային հնդկահավ։ Իսկ առաջինը` Նշան Պեշիկթաշլյանը։ Ուրեմն, պետական, հասարակական, մտավորական իշխանությունները նույնանում են մի ընդհանուր իշխանության՝ հայրիշխանության մեջ։

Հեղինակը ստալինյան բռնությունները դիտում է ֆեմինիստական դիրքերից։ Այդ հայացքով կնոջը՝ Զապել Եսայանին պատժում են ոչ միայն վերին իշխանության թելադրանքով, որ արտաքին թշնամի էր դարձնում ամեն քիչ թե շատ ինքնուրույն մտավորականի, այլեւ` ինքնուրույն կին լինելու համար, որ համարձակվել է վստահորեն մրցակցել տղամարդ գրողների հետ։ Սակայն ինչո՞ւ է քննիչ, թեկուզ բարի, բայց, այնուամենայնիվ, քննիչ Նշան Պեշիկթաշլյանը, որ հիմնականում դրական վերաբերմունք է ունեցել Եսայանի նկատմամբ։ Գնահատական տալը նույնպես տղամարդկանց մենաշնորհն է, գնահատել կնոջ հմայքը, տաղանդը։ Հետեւաբար գնահատելը իշխանության մի արտահայտություն է։

Քննիչների խոսքերը նույնացնում են նաեւ կին գրողներին, դրանք կարելի է ընկալել խոսքեր` ուղղված 3 հերոսներին, որոնք ստվերում են տղամարդ բանաստեղծի գործերն ու նախանձ առաջացնում. «Աչքի տակով անցկացրի ձեր վերջին գործերից մեկն ու զզվանքով դեն շպրտեցի»: Այդպիսի քննիչներով ողողված է հայ գրական միջավայրը, որոնք կնոջ գրականության նկատմամբ անտարբեր են կամ էլ նույնիսկ ողջունում են այն այնքան ժամանակ, քանի դեռ չի գրավում գրական մայրուղին: Իսկ հենց կին գրողի անունը հայտնի է դառնում, նրան փորձում են որեւէ գաղափարախոսության կամ բարոյականության դիրքերից ոչնչացնել: Սյուժեին սովոր ընթերցողը գուցե վեպը դժվարությամբ կարդա:

Սակայն եթե գրողի համար ստեղծագործությունը ինքնաճանաչման սահմաններն ընդլայնելն է, ապա ընթերցողն էլ, որ կարիք ունի ընդլայնելու իր ընթերցանության հնարավորությունները, վեպից հաճույք կստանա:Վեպի հրատարակությանն աջակցել է «Կանայք հայոց աշխարհի» հասարակական կազմակերպությունը, որտեղից էլ այն կարելի է ձեռք բերել (www.armenianwomen.am):

www.armenianow.com