«Սահակաշվիլին իշխանությանը հասած Համլետն է»

18/06/2006

«Ռուսաստանի գլխավոր հայը» լքեց բեմը: Եվ հիմա իր ժամանակը Մոսկվայում եւ Դալասում (ԱՄՆ-ի Տեխաս նահանգում) է անցկացնում: Սակայն Մոսկվայից ընդմիշտ հեռանալն Արմեն Բորիսովիչի պլանների մեջ չի մտնում: Մոսկվայում նա իր սեփական թատրոնն ունի, որտեղ եւ՛ գեղարվեստական ղեկավար է, եւ՛ ռեժիսոր, եւ՛ տնօրեն: Հիմա Շեքսպիրի «Հենրի Չորրորդն» է բեմադրում: Օրերս ԽՍՀՄ ժողովրդական արտիստին եւ աշխարհում ամեն-ամեն ինչի դափնեկրին հերթական պարգեւը` Սուրբ Ալեքսանդր Նեւսկու շքանշանը շնորհեցին: Հումորով լի եւ իմաստուն ռուս դերասանը կարողանում է վայրկենական երեւույթներին հավերժության տեսակետից նայել: Դա նրան հարազատացնում է Շեքսպիրին…

– Արմեն Բորիսովիչ, շնորհավորում եմ, թեեւ մեկ շքանշան ավելի թե պակաս, կարծում եմ, ձեզ համար սկզբունքային չէ:

– Իմ շքանշանի հետ կատակերգական պատմություն է կապված: 60-ամյակիս նախագահ Ելցինն ինձ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշան տվեց: Անցավ 10 տարի: Նախագահ Պուտինը դերասան Ա. Ջիգարխանյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան տվեց: Ինչո՞վ բացատրել, որ իմ վաստակն ավելի ու ավելի ցածր է դառնում: Մի մարդ ինձ խորհուրդ տվեց, թե երբ շքանշանը կհանձնեն, դու քո 3-րդ աստիճանինը կրծքիդ կախիր ու այդպես գնա… Ասում են, պետք է խնդրել կամ գոնե զանգահարել: Ասել` մի ձեւ գտե՛ք եւ աստիճանը բարձրացրեք, որովհետեւ ես լավ դերասան եմ, ու ժողովուրդը շատ է սիրում ինձ: Չեմ ստի, եթե ասեմ` ինձ դա պետք չէ: Այ, եթե կարող եք առողջություն տալ, տվե՛ք: Նույնիսկ փող չեմ խնդրում: Փողը ես ինքս էլ կաշխատեմ: Ինձ առողջությո՛ւն տվեք: Ես ելույթներ կունենամ, երկրով մեկ կշրջագայեմ…

– Ի՞նչ եք մտածում թատրոնի ռեֆորմների մասին:

– Ինչ գեղեցիկ խոսքեր էլ որ ասեմ, ենթատեքստը պարզ է: Պետությունն անկեղծորեն ասում է` մեզ թատրոն պետք չէ: Եթե ուզում եք, կպատասխանեմ` Ռուսաստանում եկեղեցի ու թատրոն կա: Երկուսն էլ նույն ֆունկցիաներն են կատարում: Եվ մարդկանց դրանցից զրկել չի կարելի: Ես հասկանում եմ, որ թատրոններում նույնպես գողություն են անում: Իմ նախկին վարչակազմի օրինակով կասեմ` գողանում են: Բայց այդ գողին գտնել ու վռնդել է պետք: Այլ ոչ թե` ռեֆորմներ անցկացնել եւ բոլորին դժբախտ սարքել:

– Փող խնդրելը տհաճ գործ է: Ինչպե՞ս եք նման իրավիճակներից դուրս գալիս:

– Նախօրոք տրամադրվում եմ, որ եթե ոչինչ չեն տալու` կասեմ. «Ավելի վատ ձեզ համար», ու կհեռանամ: Փորձում եմ կատակել: Ինձ ասում են. «Օ, մենք հիմա շատ պրոբլեմներ ունենք, դժվարություններ են…»: Պատասխանում եմ. «Ափսոս, որ չգիտեի դրանց մասին, թե չէ տնից գումար կբերեի…»: Ես պատրանքներ չունեմ: Երբ լսում եմ. «Ձեզ մոտ գրեք, ասենք, «Տրախբուխնավթի», ոմն Պուպուլկինի կամ Պապալկինի հեռախոսահամարները, որոնք Կուտկինային, Պուտկինային, Տյուտյուլկինային օգնել են…», սկսում եմ պարզել` կոնկրետ ինչպե՞ս են օգնել: Պարզվում է, ամեն ինչն էլ սուտ է: Կամ էլ` համարյա թե ամեն ինչը:

– Բայց օգնում են, չէ՞...

– Օգնում են: Վաճառականների պես:

– Ինչո՞ւ դա ձեզ դուր չի գալիս:

– Որովհետեւ կուլտուրան է ցածր: Հանդուգն կթվամ, բայց կարծում եմ, որ իմ բառերը նաեւ Սավվա Մորոզովին են վերաբերում: Որովհետեւ փոխարենն ի պատասխան ինչ-որ բան կպահանջեն: Ես նման մարդկանց կինոյում եմ հանդիպել: Սկզբում քեզ ասում են. «Դուք վարպետ եք, ինքներդ գիտեք` որն է լավը…»: Դա առաջին քայլն է: Իսկ երկրորդ քայլը սա է. «Ի՞նչ կլինի, եթե իմ ընկերուհի Մումուլկինան այս դրվագում նկարահանվի…»: Եվ այլն, եւ այլն:

– Դուք կարող էիք շարունակել «Մայակովկայում» կամ «Լենկոմում» աշխատել, ոչ մի հոգս չէիք ունենա, հակառակը` ուրիշները հոգ կտանեին ձեր մասին…

– Համաձայն եմ:

– Ափսոսո՞ւմ եք, որ 10 տարի առաջ կտրուկ փոխեցիք ձեր կյանքը:

– Այո: Ես ստիպված եմ զբաղվել այն գործով, որը միշտ ատել եմ: Տարբեր գերատեսչություններ նամակներ եմ գրում, հաշվապահական գործից եմ փորձում գլուխ հանել: Դա ինձ համար ան-հե-տա-քըր-քիր է: Թեեւ հիմա էլ եմ շատ սիրում դերասանների հետ զրուցել, փորձերի մասնակցել: Ես միեւնույն է՝ մնում եմ թատրոնի մարդ: Պարզապես եկավ մի պահ, երբ սկզբում հիասթափվեցի Գոնչարովից, հետո էլ` Մարկ Զախարովից…

– Վիրավորված չե՞ք զգում, որ բոլորի ուշադրության կենտրոնում լինելուց հետո ճամփեզրին հայտնվեցիք:

– Ոչ: Ամեն դեպքում ես կհեռանայի բեմից: Միայն կշարունակեի նկարահանվել` գումար աշխատելու համար: Անկեղծ ասած, ես որոշել էի մինչեւ 75 տարեկանը խաղալ, լեփ-լեցուն դահլիճներում լավ փող վաստակել… Սակայն պարզվեց` ոչ: Ֆիզիկապես չեմ կարող: Ես սկսեցի նկատել այն, ինչը մինչ այդ չէի նկատում: Նույնիսկ այն, որ ամենալավ հյուրանոցի համարում մահճակալը ճռռում է, եւ այդ պատճառով ես ամբողջ գիշեր չեմ քնում: Կամ էլ նկատում եմ, որ թատրոնում հաճախ պատուհանից փչում է:

– Իսկ ո՞ւր մնացին երկարակյաց դերասանների գաղտնիքներն ու լեգենդները:

– Այդպիսի գաղտնիքներ չկան: Երկարակեցությունը խոտան է: Կան դերասաններ, որոնք գրգռում են հանդիսատեսին: Եթե այդ հատկությունը կորում է, շատ վատ բան է սկսվում` ներողամտությունը: Ես 3 ժամ շարունակ գոռում էի «Ներոն» ներկայացման մեջ եւ բեմից թարմացած դուրս գալիս: Ինձ պետք չի, որ ինձ խղճան: Ես ինձ համար մի բանաձեւ եմ հնարել` 60-ից հետո հեռանալ է պետք: Ես այդ բանաձեւը ոչ միայն հնարել եմ, այլեւ` վերապրել: Դերասանի դարը 35-60-ն է: Իհարկե, եթե առողջությունդ է ամուր: Ինձ համար չափանիշ էր Յուրի Նիկուլինը: Նա ուղիղ 60-ում հեռացավ: Մենք միասին գնացքով Կիեւ էինք մեկնում, նա ասաց. «Վերջ, Կիեւից հետո հեռանում եմ»: Ասացի. «Յուրի Վլադիմիրովիչ, չեն թողնի»: «Ինչպե՞ս թե չեն թողնի, եթե ես որոշում եմ կայացրել»: Տղամարդիկ միշտ իրենց կյանքի ներուժի մասին չափազանցված պատկերացում ունեն: Բայց հանկարծ մի պահ է գալիս, երբ մտածում ես. «Է, պետք չէր այս գործը սկսել, չեմ «ձգում»…»: Դրանք շատ օբյեկտիվ բաներ են: Երբ մեր ընկեր Դանթե Ալիգիերեւիչը գրում էր՝ «Կյանքիս ուղին կիսով չափ անցա», նա 35 տարեկան հասակը նկատի ուներ: 70-ը բարեպաշտների կյանքն է, իսկ 70-ից հետո անապատ է: Աստված չանի, մարդը 300 տարի ապրեր…

– Դուք արեւելյան մարդ եք, շատ եք վստահում հեղինակություններին: Հետո՞ ինչ, որ Դանթեն է ասել:

– Հավատա, ես խելացի տղա եմ: Եթե նույնիսկ հանճարն է ասել, բայց իմ պրոբլեմների հետ չի համընկնում, ինձ համար միեւնույն է: Ես մեջբերումներ եմ անում միայն այն դեպքում, երբ նվազագույնը 5 անգամ ինքս իմ վրա ստուգել եմ նրա ասածը: Ես հո չե՞մ ասում՝ բերեք դագաղը, պառկեմ նրա մեջ: Բայց 9 տարի առաջ ինքս ինձ արգելեցի ծխելը: Իսկ հիմա, եթե զգամ, որ 100 գրամ վիսկին, որը սիրում եմ քնից առաջ խմել, վնասում է ինձ՝ կհրաժարվեմ:

– Իսկ եթե զգաք, որ սեփական թատրոնը ղեկավարելը խանգարում է ապրելուն, կհրաժարվե՞ք:

– Կհրաժարվեմ, բայց սկզբում 5 անգամ կստուգեմ: Ինձ վախեցնում է այն, որ թատրոնի երեխաները բառիս բուն իմաստով` որբ կմնան: Եթե ես վաղն իմ հրաժարականն ուղարկեմ Մշակույթի կոմիտե, վաղը չէ մյուս օրը թատրոնը կփակեն: Արդեն իսկ փողոցում կանգնած սպասում են: Կարող եմ շատ ծիծաղելի բան ասել` մեր տարածքը, որն ըստ Մոսկվայի կառավարության հրամանի` մեզ է պատկանում, ինչ-որ մարդիկ բանկին են վաճառել: Ես ուրիշ նման երկիր չեմ տեսել…

– Հանդիսատեսն առանց ձեզ ձանձրանում է: Իսկ դո՞ւք` առանց հանդիսատեսի: Եվ ո՞ր պահին եք հագենում ճանաչված լինելուց:

– Դեռ չեմ հագեցել: Ինձ համար շքանշաններ-մքանշանները քիչ բան են նշանակում: Բայց քայլում եմ փողոցով եւ իմ առջեւից դեմքի ծանր արտահայտությամբ մարդ է գալիս: Ինչպես կասեր Դովլաթովը` դեմք` հավերժական սառածության ախտանշաններով: Տեսնում է ինձ ու ժպտում է: Դա ամենամեծ պարգեւն է: Ուրեմն, իմ մեջ ինչ-որ բան կա: Նույն կերպ չինովնիկներն են ժպտում: Իհարկե, այն պահին, երբ ես ուզում եմ օգտագործել դա, նրանք դադարում են ժպտալ: Ժպիտ առաջացնելու համար ես ոչ մի հատուկ բան չեմ անում: Խոխմաներ չեմ կարդում, հետույքս չեմ պտտում: Ընդհակառակը` շատ լուրջ բաներ եմ խաղում: Ավելի ճիշտ, խաղում էի…Իմ մասնագիտության ամենասարսափելի դրսեւորումներից մեկն այն է, որ ես միշտ ինձ կողքից եմ նայում:

– Ձեր Ֆիլ կատուն մահացավ: Քանի՞ տարեկան էր:

– 18: Նրանից բացի իմ կողքին ոչ ոք չկար: Երեխաներ չունեմ: Թոռներ չունեմ: Հիմա նա էլ գնաց…

– Արմեն Բորիսովիչ, դուք հավատացյա՞լ մարդ եք:

– Ոչ, Աստծուն չեմ հավատում: Մեզ ոչ ոք չի ղեկավարում: Այսինքն, մեզ հազարավոր անհասկանալի բաներ են ղեկավարում: Մեզ համար անհասկանալի:

– Քրիստոսի անձնավորությունը ձեզ հետաքրքի՞ր է:

– Շատ: Կարծում եմ, նա պատմության մեջ ամենախոշոր գաղափարախոսն է: Ավելին` աշխարհում երբեւիցե գոյություն ունեցող ամենախոշոր էքստրասենսը: Կենդանի եւ շատ ուժեղ մարդ էր:

– Որեւէ մեկի համար դժվար է 2 հազարամյակ շարունակ մարդկանց հիշողության մեջ մնալ: Կարծում եմ, նման օրինակներ այլեւս չկան:

– Կարծում եմ, կային նաեւ ուրիշները, սակայն նրանց, ինչպես այսօր են ասում` «ռասկրուտկա» չեն արել… Դա չի նշանակում, որ ես թերագնահատում եւ ոչնչացնում եմ… Պարզապես շատ բան իրականում դրանից է կախված: Եվ ոչ միայն մեր մասնագիտության մեջ, թեեւ մեր մասնագիտության մեջ` առաջին հերթին:

– Ինչի՞ մասին է լինելու ձեր «Հենրի Չորրորդը»:

– Կյանքի տերերի եւ այլ կյանքի մասին, որը մեր կողքով է ընթանում: Արդյունքում բոլորը հասկանում են, որ իսկապես արժեքավոր 2-3 բան կա. երեխայի ծնունդը, սերը, մահը: Հասկանալի չեմ ասում, բայց Շեքսպիրի, նաեւ Չեխովի բարդությունը նրանց բազմաշերտ լինելու մեջ է:

– Բայց մյուս կողմից բեմադրիչին է հեշտ, Շեքսպիրին փչացնելը դժվար է: Ես իմ կյանքում տապալված «Համլետ» չեմ տեսել:

– Իսկ դու գիտե՞ս` ով է Համլետը: Սահակաշվիլին: Համլետ, որը թագավոր է դարձել: Ընդդիմությունը չի կարող թագավոր դառնալ: Հոգեբուժության մեջ նույնիսկ այսպիսի տերմին կա` «հետապնդողի հետապնդում»: Վառ օրինակները Չե Գեւարան ու Ֆիդել Կաստրոն են: Իշխանության եկան եւ 3 րոպե հետո թշնամիներ դարձան: Երկուսն էլ հետապնդող էին: Կաստրոն էլ սկսեց հետապնդողին հետապնդել: Եվ Շեքսպիրն այդ մասին պիես է գրել…

– Ձեր սիրելի Ամերիկան դեռ չի՞ հասցրել ձեզ հիասթափեցնել:

– Ոչ, ի՞նչ եք ասում: ԱՄՆ-ը նման է Շեքսպիրին: Որքան խորն ես ճանաչում, այնքան շատ ես հավանում: ԱՄՆ-ում նույն խնդիրներն են` իշխանության, պետության հետ: Սակայն այնտեղ կենցաղն է ուրիշ: Բարձր է, հարգալից: Իմ ետեւից քայլում են, ինձ ուղղում են: Ես մարդ եմ: Հետո վերադառնում եմ, իսկ ինձ ջրի հետ խառնած բենզին են վաճառում: Բենզինը դեռ ոչինչ, դեղերն են ժամկետանց: Դա բարբարոսություն է, ուրիշ բառ գտնել չեմ կարող: Երբ ինքնաթիռով պետք է Ռուսաստան գայի, մտա Դալասի ռուսական դեղատներից մեկը, որ նիտրոգլիցերին գնեմ: Դեղը տվեցին, փող չվերցրին, դե, գիտեք` որքան է ինձ ժողովուրդը սիրում…«Բարի ճանապարհ, երջանիկ եղեք, բլա-բլա…»: Դուրս եկա դեղատնից ու տեսա, որ դեղի ժամկետը վաղուց անցել է: Այդպիսի բան միայն մեր դեղատնում կարող է պատահել:

Պատրաստեց Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ
Ըստ «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցի
(կրճատումներով)