Կաթ, պանիր

18/06/2006

Կաթը խորհուրդ է տրվում եռացնել ալյումինե ամանի մեջ։ Ալյումինե ամանեղենը չի ժանգոտում եւ, որ ամենակարեւորն է, նրանում C վիտամինը շատ ուշ է քայքայվում։ Ահա թե ինչու խորհուրդ է տրվում այլումինե ամանի մեջ պատրաստել նաեւ բանջարեղենից ճաշեր, արգանակ։ Նախընտրելի է, որ կաթի ամանը առանձին լինի։ Եփելուց հետո անհրաժեշտ է թե ճաշերը, թե կաթը դատարկել ուրիշ ամանի մեջ։

Կաթի փոշին խտացրած, լիարժեք կաթնամթերք է։ Այն պատրաստում են թարմ, պաստերիզացված կաթից։ Փոշին պարունակում է 3,5%-ից ավելի խոնավություն, 26%-ից ավելի ճարպ, 35-38% կաթնային շաքար, 26-28% սպիտակուցներ։ 1 կգ կաթի փոշու կալորիականությունը 4500-5000 կիլոկալորիա է։ Ջրով բացված վիճակում այն գրեթե չի զիջում բնական կաթին։

Կաթի փոշին օդից շատ արագ է ներծծում խոնավությունը եւ փչանում։ Խոնավությունից պաշտպանելու համար այն արտադրում են հատուկ հերմետիկ տուփերով, որոնց մեջ կաթի փոշին պահպանվում է մինչեւ մեկ տարի։ Եթե տուփը բացել եք, ապա փոշին անպայման պետք է դատարկել ապակյա տարայի մեջ եւ ամուր փակել։ 1 բաժակ ջրին պետք է լցնել 2-2,5 ճաշի գդալ փոշի։ Որպեսզի գնդիկներ չառաջանան, սկզբում այն պետք է լուծել քիչ ջրով, այնուհետեւ լցնել մնացած ջուրը եւ եռացնելուց հետո օգտագործել ինչպես բնական կաթը։ Դրանից կարելի է պատրաստել կաթնաշոռ, մածուն։

Պանիրը սառնարանում պետք է պահել առանց աղաջրի, եւ որպեսզի այն չչորանա, անհրաժեշտ է փաթաթել թաց շորով եւ դնել փակ ամանի մեջ։

Չորացած պանիրը կարելի է թարմացնել այն 30-40 րոպե պահելով կաթի կամ մածունի մեջ։

Թղթով փաթաթված պանիրը շուտ է չորանում սառնարանում, այն կարելի է պահել պլաստմասսայե ամանի մեջ։

Որպեսզի պանիրը երկար ժամանակ թարմ մնա, պանրի ամանի մեջ պետք է դնել 2-3 կտոր շաքար։

Պանիրը կտրատեք միայն օգտագործելիս, այլապես շերտերը շուտ են չորանում եւ կորցնում են համն ու հոտը։

Ռոկֆորը կտրելիս դանակը թրջեք ջրով։

Յուղը պետք է պահել հախճապակյա կամ կավե ամանի մեջ, բերանը փակ, որպեսզի այն պաշտպանված լինի լույսի եւ օդի հետ շփումից։

Արեւածաղկի յուղը սենյակային պայմաններում խցանված շշի մեջ կարելի է պահել երկու ամսից ոչ ավելի։ Կիսատ շշի պարունակությունը պետք է օգտագործել մեկ ամսվա ընթացքում, այլապես յուղը կդառնա դառնահամ։

Բուսական յուղի կեղտոտված շշերը կարելի է լավ մաքրել տաք ջրով, ավելացնելով մի բուռ լվացքի սոդա եւ նույնքան էլ ավազ։

Յուղը, որի մեջ որեւէ բան եք տապակել, մի թափեք։ Այդ յուղի մեջ տաքացրեք կեղեւահան մի կարտոֆիլ եւ յուղը նորից կդառնա համեղ եւ օգտագործելու համար միանգամայն պիտանի։

Երկարատեւ տաքացնելուց բուսական յուղերը կորցնում են իրենց արժեքավոր հատկությունները։ Չի կարելի նաեւ նույն յուղը մի քանի անգամ օգտագործել, քանի որ ճարպային թթուներն օքսիդանում են, իսկ դա կարող է այրուցք առաջացնել, գրգռել ստամոքսը, աղիները։