«Ո՛չ ֆուտբոլի՞ն»

16/06/2006

Այս օրերին, երբ աշխարհը տարված է Գերմանիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունով, իսպանուհիները ստեղծել են «Ո՛չ ֆուտբոլին» անունը կրող ընկերակցություն: «Ձեր ֆուտբոլի պատճառով մենք չենք կարողանում դիտել մեր սիրած հեռուստասերիալները: Դուք ավելի շատ գնդակի մասին եք մտածում, քան ձեր կանանց, եւ ողջ երեկո տարված եք նրանով, որ հետեւում եք, թե ինչպես են 22 անբանները գնդակ գլորում»,- «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` հայտարարել են նորաստեղծ կազմակերպության անդամները: Իսպանացի կանայք պահանջել են արգելել ֆուտբոլի աշխարհի առաջնությունները: Երեւի զգալով, որ չափն անցել են, իսպանուհիները մեղմել են իրենց պահանջները: Նրանք հայտարարել են, թե տղամարդիկ այնուամենայնիվ կարող են հետեւել աշխարհի առաջնությանը, սակայն մի շարք պայմաններով: Ըստ այդմ, ֆուտբոլ դիտելու յուրաքանչյուր ժամը հավասարվում է երկու ժամ հեռուստասերիալի, այսինքն, եթե տղամարդը մեկ ժամ ֆուտբոլ է դիտում, կանայք իրավունք ունեն երկու ժամ սերիալ դիտել: Երկրորդ պայմանն այն է, որ ազգային հավաքականի խփած յուրաքանչյուր գոլի դիմաց տղամարդը պետք է խանութ կամ շուկա գնա: Եվ վերջապես, եթե տղամարդն ընկերների հետ գնում է սպորտային բար ֆուտբոլ դիտելու՝ որպես փոխհատուցում հաջորդ առավոտյան պարտավոր է կնոջն անկողնում նախաճաշ մատուցել: Քանի որ Իսպանիայի հավաքականը երեկ 4։0 հաշվով հաղթել է Ուկրաինայի թիմին, իսպանացի ֆուտբոլիստներն այսօր չորս անգամ պիտի խանութ գնան։ Կամ էլ` չորս անգամ անկողնում նախաճաշ մատուցեն իրենց կանանց։