Այս օրերին ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն էլ ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող գործընթացներն են: Նախօրեին կրկին իրար են հանդիպել ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Անդրադառնալով այդ հանդիպմանը, Անդրանիկ Մարգարյանը նկատեց, որ այսօր կողմերը պետք է նոր քայլերի դիմեն: «Իմ կարծիքով, Բուխարեստից հետո նոր քայլերի անհրաժեշտություն կա, եւ դա տեղի է ունենում: Առաջինը Փարիզում եղավ նախարարների հանդիպումը: Ըստ իս, այն, ինչ ձեռք չբերվեց Բուխարեստում, փորձում են բանակցությունների միջոցով հասնել այնպիսի իրավիճակի, որ երկու պետությունների նախագահները նորից հանդիպեն իրար հետ»: Ու քանի որ օրերս ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Ադրբեջանը Բուխարեստից հետո կորցրել է հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը, վարչապետից հետաքրքրվեցինք, թե ինքն է՞լ է կիսում այդ տեսակետը: «Հնարավորությունը մեծ էր, որպեսզի մենք առաջընթաց ունենայինք, ցավոք, այդ հնարավորությունն Ադրբեջանի կողմից չօգտագործվեց»: