Հակադարձ քայլերի սպառնալիք

16/06/2006

Անդրադառնալով ՌԴ-ում վերջերս այլազգիների, այդ թվում` հայերի հաճախակի դարձած սպանություններին, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նկատեց, որ սա կոնկրետ հայերի դեմ սանձազերծված քաղաքականություն չէ: «Իհարկե, շատ վատ եմ գնահատում դա, բայց դա վերաբերում է ոչ միայն հայերին: Եթե այս գործընթացը շարունակվի, ապա բազմաթիվ ռուսներ ապրում են ԱՊՀ տարբեր երկրներում, եւ հնարավոր են հակադարձ քայլեր: Այնպես որ, ռուսական իշխանությունները, իրավապահ մարմինները պետք է հստակ իրենց դիրքորոշումը ցույց տան»: Ըստ վարչապետի` ՌԴ-ում միշտ էլ եղել են նման դեպքեր: «Ուղղակի ինչ-ինչ պատճառներով այժմ ավելի հրապարակային են դառնում այդ երեւույթները»: Այնպես որ՝ վարչապետը չի կարծում, թե պետք է ՀՀ իշխանությունները ՌԴ նախագահին կամ կառավարությանը դժգոհություններ ներկայացնեն, քանի որ ՌԴ-ն էլ է դատապարտում այդ քայլերը: «Եթե պետությունն ինչ-որ ձեւով աջակցեր, մենք կարող էինք որպես պետություն, կառավարություն մեր բողոքն արտահայտել պետական քաղաքականության վերաբերյալ: Բայց ռուսական իշխանությունները, կառավարությունն իրենց քայլերով ցույց են տալիս, որ դեմ են դրան: Իսկ մենք մեր մտահոգությունը կարտահայտենք»: