Ընդդիմադիր որոշ ուժեր գտնում են, որ ՕԵԿ-ն ընդդիմություն դառնալուց առաջ պետք է «ապաշխարհի իշխանության մեջ եղած տարիներին գործած մեղքերի» համար, ոմանք էլ դա պարտադիր չեն համարում ու չեն բացառում այլեւս ընդդիմադիր ՕԵԿ-ի հետ համագործակցությունը: Սակայն կա ընդդիմության մի հատված, որի ներկայացուցիչները խիստ կասկածում են, որ ՕԵԿ-ի՝ ընդդիմություն դառնալն իրոք անկեղծ քաղաքական գործընթաց էր, եւ ոչ թե իշխանությունների հետ քաղաքական գաղտնի պայմանավորվածության արդյունք: Ընդդիմության այս հատվածում կարծում են, որ իրականում ՕԵԿ-ը ոչ թե դարձել է ընդդիմություն, այլ «գործուղվել է» ընդդիմություն: ՕԵԿ-ի՝ ընդդիմություն լինելու վերաբերյալ լուրջ կասկածներ ունեցողների թվին է պատկանում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Պետրոս Մակեյանը: «Լուրջ կասկածներ ունեմ, որ դա իշխանական վերնախավի հետ համաձայնեցված, կազմակերպված գործընթաց է,- ՕԵԿ-ի հետ կատարվածն այսպես է մեկնաբանում Պ. Մակեյանը՝ հավելելով,- այն, ինչ Քոչարյանը վերջերս ժխտեց, թե իրենք նման տեխնոլոգիաների չեն տիրապետում, որ ուղարկեն ընդդիմության մեջ… Բայց կյանքը ցույց է տվել, որ վերջին տարիներին իրենք միշտ էլ այդ տեխնոլոգիան օգտագործել են: Եվ եթե իրենք հերքում են այդ վարկածը, ուրեմն այն ավելի հավանական է»: Անդրադառնալով ՕԵԿ ներկայացուցիչների այն պնդումներին, թե քաղաքական ուժի ընդդիմություն լինել-չլինելը ժողովուրդն է որոշում, ոչ թե քաղաքական ուժերը, ԺՀԿ ղեկավարը նշում է. «Երբ ասում են, որ հասարակությունը, ժողովուրդն է ընդդիմություն ջոկողը… Բայց վաղուց ժողովրդին զրկել են այդ իրավունքից: Գիտենք, որ իրականում ժողովուրդն ընտրում է մեկին, սակայն ձեւակերպում են այլ բան: Այսինքն՝ սպասել, որ թույլ տան, որ ժողովուրդը տեսնի, արդյոք նրան կընդունի՞, թե՞ չէ, մի քիչ աբսուրդ է, մեր իրականությունից դուրս է»: Պ. Մակեյանն այն կարծիքին է, որ Հայաստանում եկել-հասել ենք մի իրավիճակի, որ էվոլյուցիոն ճանապարհը լուծում չի տալիս, եւ քաղաքական գործընթացները պետք է գնան ցնցումային տարբերակով: Մեր զրուցակցի խոսքերով՝ տրամաբանական ու ճիշտ կլիներ, որ եթե ՕԵԿ-ն այդքան լուրջ մտահոգված է երկրում ընթացող պրոցեսներով, ապրիլյան դեպքերից, նոյեմբերյան «հանրաքվեից» հետո հանդես գար այդ մտահոգություններով: «Բայց այդ ամբողջ կաթսայի, այդ ամբողջ գործընթացների մեջ եղել է այդ կուսակցության բոլոր անդամների մասնակցությունը»,- նշում է մեր զրուցակիցը, ավելացնելով, թե կյանքը ցույց կտա, թե իրենք ( ՕԵԿ-ականները) ոնց են ընկալում իրենց անցած իշխանական ճանապարհը:
Անդրադառնալով ՕԵԿ-ի՝ «ապաշխարելու» անհրաժեշտության մասին որոշ ընդդիմադիրների պնդումներին՝ Պ. Մակեյանը նշում է, թե այդ դեպքում Հայաստանում ամեն մեկը «պետք է քավարան անցնի»: «Բոլորին օրվա իշխանություններն իրենց անօրինական ռեժիմի մասնակից են դարձրել, այսինքն՝ դուրս է գալիս, որ ամբողջ հայ ժողովուրդը քավարա՞ն պետք է անցնի, որ հանդուրժում է վերջին 7-8 տարվա այս ռեժիմի գոյությունը»,- հարցնում է նա: Ինչեւէ, վերջին օրերին լուրեր են շրջանառվում այն մասին, թե ընդդիմության ներսում Արամ Զ. Սարգսյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի միջեւ արեւմտամետ դաշինք ձեւավորելու նպատակով գաղտնի բանակցություններ են ընթանում: Հետաքրքիր է, ԺՀԿ ղեկավարն ունի՞ նման տեղեկություններ: «Գաղտնի բանակցություն ասվածը մի քիչ չափազանցված է: Բանակցությունները, գործընթացներն ընդդիմության շարքերում անընդհատ գնում են: Նման բանակցություններ եղել են ու այսօր էլ կան»,- նշում է նա: «Այսինքն՝ Ա. Բաղդասարյանի մասնակցությամբ ընդդիմության ներսում այսօր բանակցություննե՞ր են տեղի ունենում» հարցին ի պատասխան, Պ. Մակեյանն ասաց. «Դա մի քիչ չափազանցված է եւ ֆանտազիայի արդյունք է»: Վերջինիս խոսքերով՝ Հայաստանում, ինչպես ամեն բան, քաղաքականությունն էլ է նորմալ հունից դուրս եկել, եւ մեզ մոտ քաղաքականությունը տարվա եղանակների հետ է փոխվում՝ թեժ աշուն, թեժ գարուն, խաղաղ ամառ… Պ. Մակեյանը վստահեցնում է, որ ընդդիմությունը ձեռքերը ծալած նստած չէ: «Բայց իրոք ընդդիմությունն ունի պրոբլեմ, հատկապես ընդդիմության որոշ լիդերներ, ովքեր վերջին տարիներից դասեր չքաղեցին: Այսինքն՝ չկարողացան ընդհանուր պետական, ժողովրդական, հասարակական գործընթացն ավելի վեր դասել, քան իրենց ներքին, անձնական գործերն ու ամբիցիաները»,- ասում է ԺՀԿ ղեկավարը՝ առանց որոշակիացնելու ընդդիմության այդ լիդերների անունները: Նրա համոզմամբ՝ մինչեւ որոշ ընդդիմադիրների մոտ այդ ամբիցիան չհաղթահարվի, ընդդիմությունը կշարունակի պրոբլեմներ ունենալ: Իսկ ինչո՞ւ ընդդիմության այն հատվածը, ովքեր ամբիցիաների հետեւից չեն ընկնում, չի փորձում գործընթացներն առաջ տանել առանց այդ ամբիցիոզ լիդերների: «Գործընթացները հենց դրան էլ գնում են: Մենք փորձում ենք քաղաքական այն ընդդիմության հետ գործընկեր դառնալ, թիմ ձեւավորել, որոնց համար այդ ամբիցիաները շատ ավելի երկրորդական են, կամ գոնե հաղթահարելի են»,- նշում է ԺՀԿ ղեկավարը: Նրա գնահատմամբ՝ այսօր մեր երկրի պրոբլեմը ոչ միայն իշխանության որակն է, այլեւ ընդդիմության որոշակի լիդերների անհաղթահարելի ամբիցիոզությունը: Մեր զրուցակցի խոսքերով՝ բացի ընդդիմության ամբիցիոզ մասից, կան նաեւ որոշ «ընդդիմադիրներ», ովքեր մի ոտքով ընդդիմության մեջ են հանդես գալիս՝ իրենց ներկայացնում են ընդդիմության կերպարով, իսկ մյուս կողմից՝ նոր ձեւավորվող իշխանական կուսակցությունների կառույցներ են ձեւավորում: Այս դեպքում եւս Պ. Մակեյանն անուններ նշելուց ձեռնպահ է մնում:
Ինչեւէ, Պ. Մակեյանի գնահատմամբ՝ Հայաստանում վերջին բոլոր ընտրությունները «չընտրություններ» են: «Գալիք ընտրություններից արդեն մեկ տարի առաջ սկսել են ընտրակաշառքներ բաժանել տարբեր օլիգարխիկ կուսակցություններ, այսինքն՝ ընտրությունից-ընտրություն այդ տեխնոլոգիան փոխվում է, ավելի ընկալելի են դարձնում, եւ ընտրություն ասվածը չի լինելու Հայաստանում, այսինքն՝ էվոլյուցիոն ճանապարհը բացառված է»,- եզրափակում է մեր զրուցակիցը: