Սեր եւ համերաշխություն

16/06/2006

Երեկ ԱԺ-ի եւ ԿԲ-ի միջեւ քիչ էր մնում բավական լուրջ սկանդալ հասունանար: Պատգամավորները բավականին լարված էին ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի հայտարարությունների շուրջ: Բանն այն է, որ Վ. Դալլաքյանն իր ելույթում ասել էր, որ ԿԲ հավաքարարների աշխատավարձերն ավելի բարձր են, քան պատգամավորների աշխատավարձը: Դրան ի պատասխան, Տիգրան Սարգսյանը հակադարձել էր, թե պատրաստ է ցանկացող պատգամավորներին որպես հավաքարար ընդունել աշխատանքի, միայն թե, նրանք պետք է համապատասխան վերապատրաստում անցած լինեն: Եվ երեկ Վ. Դալլաքյանը պահանջում էր, որ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն անհապաղ միջոցներ ձեռնարկի, որպեսզի Տ. Սարգսյանին բերման ենթարկեն ու ստիպեն, որ վերջինս «ներողություն խնդրի»` խորհրդարանին վիրավորելու համար: Դալլաքյանի այս առաջարկին նախ միացավ ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը, հետո նաեւ` մյուս պատգամավորները:

Տ. Թորոսյանը պատգամավորներին խնդրեց լինել ավելի կոռեկտ, եւ հարգանքը ԱԺ հանդեպ ձեւավորել հենց ներսում: Ի դեպ, երեկ ԱԺ էր եկել Տիգրան Սարգսյանը, սակայն պատգամավորներից հրապարակավ ներողություն նա այդպես էլ չխնդրեց: Տ. Սարգսյանն ընդամենը գնաց-նստեց Վ. Դալլաքյանի կողքին ու երկար ժամանակ փորձում էր համոզել, որ պատգամավորներին վիրավորելու միտում չի ունեցել: Եվ երկար ժամանակ Վ. Դալլաքյանն ու Տ. Սարգսյանը ժպտալով, հաշտ ու համերաշխ զրուցում էին։