Օրերս ՀՀՇ անդամ Արամ Մանուկյանը հայտարարել էր, թե ՕԵԿ-ից թռած պատգամավորները լավ չեն ապրելու, «որովհետեւ իրենց տղաների ընկերները պետք է ասեն՝ քո պապան քցող է»։ Եթե անգամ հարգարժան Արամ Մանուկյանը ճիշտ ենթադրություն է անում, շատ դժվար է պատկերացնել նախկին ՕԵԿ-ական օլիգարխիկների զավակներին մինչեւ ականջների ծայրը կարմրելուց կամ էլ ամոթից գետինը մտնելուց, որովհետեւ ընտանիքը սուրբ հաստատություն է, որտեղ զավակները հայրերի ներկայությամբ չեն ծխում, ուր մնաց թե` որեւէ բացասական բան մտածեն իրենց կերակրող, հագցնող, գրպանը` փող, տակն` ավտո դնող, համալսարան ընդունել տվող եւ բանակից ազատող պապաների մասին։
Արամ Մանուկյանի ենթադրությունը ճիշտ չէ ոչ միայն այս պատճառով, այլ նաեւ այն, որ «քցողների» տղաները սովորաբար ընկերություն են անում ուրիշ «քցողների» տղաների հետ, եւ ուրիշ «քցողների» տղաները բնականաբար այնքան խոհեմություն եւ շրջահայացություն կունենան, որպեսզի իրենց ընկերոջը չասեն` «քո պապան քցող է»։ Եթե անգամ նման բան տեղի ունենա, առաջինի մեղադրանքը հակադարձվելու է, եւ բանավեճը (ռազբորկան) ընթանալու է ոչ թե մարդկային արժեքների շուրջ, ինչը հավանաբար նկատի ունի Արամ Մանուկյանը, այլ պարզապես մանրամասների։ Այսինքն՝ մեկի տղան ասելու է` «իմ պապան հինգն անց կես է դուրս եկել ՕԵԿ-ից, քոնը՝ երեքն անց տասնհինգ», կամ էլ առաջինն ասելու է` «իմ պապային անձամբ Արմեն Գեւորգյանն էր խնդրել, իսկ քոնը վախեցել էր ձեր օբյեկտ ստուգման եկած հարկային տեսուչներից»։ Բայց սա ընդամենը ենթադրություն է, նման բանավեճ չի կարող լինել երկու տղաների միջեւ, որոնց հայրերը եւ առաջ, եւ հիմա նույն ճամբարում են։
«Քցող» պապաների զավակների շրջապատում «օտար հոգիների» ներկայությունը բացառել չի կարելի, թեեւ իմ անձնական փորձը, այսինքն՝ տղայական ժամանակների իմ փորձառությունը հիշեցնում է, որ «օտար հոգիներ» նման շրջապատում չէին լինում։ Սովետական «երանելի» ժամանակներում «օտար հոգիներն» իրենց շրջապատն ունեին, ցեխավիկների, կուսակցական ու պետական մեծահարուստ չինովնիկների, դատախազների, դատավորների, միլիցապետերի եւ այլոց զավակներն` իրենցը։ Դրանք տարբեր կղզիներ էին նույն օվկիանոսում, որոնց «բնիկները» երբեւէ իրար չէին տեսնում (կամ տեսնում էին միայն նույն ֆակուլտետի նույն կուրսի ուսանող լինելու դիպվածով) եւ իրար հետ չէին շփվում։
Ճիշտ է, «օտար հոգիների» մեջ կային այնպիսիք, ովքեր ջանում էին հարաբերություններ հաստատել «վերնախավի» ժառանգորդների հետ, լինել նրանց «կռուգում», զգալ ու վայելել նրանց կյանքի որակը, բայց այդպիսիք, որպես կանոն, լինում էին խոնարհ ու հեզ, «վերնախավի» ընտրյալներին վերաբերվում էին ակնածանքով եւ մտքներով անգամ չէին անցկացնում ակնարկել նրանց ծնողների հասարակական դիրքի հանցավոր ծագումը։
Վստահ եմ, այդպիսիք այսօր էլ կան եւ այսօր էլ նրանք նույն վարքն են դրսեւորում։ Ուրեմն նրանք՝ օտար այդ հոգիները, որ հայտնվել են «քցող պապաների» զավակների կողքին, չեն եկել «պապադ քցող է» ասելու, այլ եկել են այն արժեքների հրավերով, որոնք հասանելի են միայն «քցող» լինելու պարագայում։ Նրանց հետաքրքրում է ոչ թե իրենց ընկերների հայրերի անբիծ կենսագրությունը, այլ «Ֆոլկսվագենի» սալոնը, որի դրախտային երանավետությունն անհնար կլիներ զգալ առանց նշված մոդելի տիրոջ զավակի հետ լավ հարաբերություններ ունենալու։
Ընկերների կողմից նման բան ասելու հավանականությունը կարծես թե բացառվեց, բայց միայն ընկերներով աշխարհը հո չի՞ սահմանափակվում։ «Քցող պապաների» տղաները, ինչպես բոլոր մահկանացուները, նույնպես դպրոց են հաճախում, սովորում համալսարաններում, այս կամ այն հիմնարկությունում անցնում աշխատանքի։ Վառ, նույնիսկ հիվանդագին երեւակայություն է պետք ունենալ` պատկերացնելու համար, որ ուսուցիչը, դասախոսը կամ հիմնարկի պետն այդ տղաներին կարող են ասել. «Պապադ քցող է»։ Նրանք չեն ասում ոչ թե մանկավարժական սկզբունքներից կամ քաղաքավարությունից ելնելով, այլ չեն ասում, որովհետեւ գիտեն, որ պապան «քցող» է դարձել, որպեսզի շարունակի լինել ու մնալ իրավիճակի տերը։ Եվ քանի որ պապան շարունակաբար իրավիճակի տերն է, ուրեմն նրանց զավակների հետ պետք է զգույշ լինել, իսկ հավելյալ հոգատարությունը կարող է նույնիսկ օգտավետ լինել։
Մի խոսքով, Արամ Մանուկյանի պատկերացրած «քաղաքացիական պատերազմը» տեղի չի ունենալու, որովհետեւ մեր հասարակության մեջ, բացառությամբ աննշմարելիության աստիճանի փոքրամասնություն կազմող անհանդուրժող անհատների, մնացած բոլորը… Չէ, ոչ թե հանդուրժող են, այլ մասնակից, ոչ թե հանդիսատես են, այլ սերիալ նայող։
Ո՞րն է սերիալների հաջողության գաղտնիքը։ Այս հարցը բազմաթիվ պատասխաններ ունի՝ սկսած ցածրագույն ինտելեկտից, վերջացրած ուրիշի տան անցուդարձը բանալու անցքից ուսումնասիրելու խիստ մարդկային բնազդով։ Սերիալների հաջողության գաղտնիքն, իմ կարծիքով, ստանդարտ իրավիճակներն են, որոնց լուծումը մենք պատկերացնում ենք ճիշտ այնպես, ինչպես վարվում են դրանց հերոսները։ Այսինքն՝ եթե զայրացած հայրն արգելում է աղջկան հանդիպել որեւէ պորտաբույծ սրիկայի հետ, դրանով ոչ թե մեզ համար գաղտնիք է բացում, այլ պարզապես ջուր է խմում մեր սրտից։
Այսպես է նաեւ առնետավազքի դեպքում։ Երբ մարդն իր ունեցվածքը, տուն ու տեղը, զավակների ապագան փրկելու համար մի գիշերում ճամբար փոխելու որոշում է կայացնում, նա չի առաջարկում մի բան, որի շուրջ կարելի է մտածել։ Նա առաջարկում է մի բան, որը պետք է զգալ։ Այս իրավիճակում հանդիսատեսն ակամա մասնակից է դառնում, մտնում «հերոսի» մաշկի տակ, զգում նրա օրգանիզմի արտադրած ադրենալինը եւ մտածում, թե մեղադրելն առնվազն մարդկային չէ։ Որովհետեւ մեր հասարակության ամենաընդունելի իդեալը ոչ թե բարոյականությանն է առնչվում, այլ՝ արտասահմանյան հանրահայտ ֆիրմաների տարատեսակ արտադրանքին։
Եվ ուրեմն պետք չէ սեւ առնետ փնտրել մութ սենյակում, հատկապես առնետավազքի պահին։