Հայաստանում շոգ ամառ է: Առայժմ ազգը միահամուռ հետեւում է Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին (սա այն քիչ դեպքերից է, երբ մեր ազգն ինչ-որ հարցում միահամուռ է): Սակայն բնությունն այնպես է ստեղծված, որ ամառվանից հետո գալու է աշունը: Եվ հենց այդ ժամանակ մեր միահամուռ ազգը կբաժանվի տարբեր կուսակցությունների եւ թեկնածուների պոտենցիալ ընտրազանգվածի: Ընտրազանգվածի սպասելիքներն էլ են տարբեր: Բայց տարբերությունն ամենեւին էլ գաղափարական կամ սկզբունքային չի լինելու: Տարբերությունը սպասվող ընտրակաշառքի չափի եւ որակի մեջ է: Այո, վերջին տողը վրիպակ չէ, քանի որ մեր` պարբերաբար ընտրազանգվածի վերածվող (իհարկե, տվյալ պարագայում ավելի տեղին կլիներ ոչ թե` «ընտրազանգված», այլ` «զանգված» բառը) ժողովուրդը վաղուց արդեն ընտրություններից այլ բան չի ակնկալում, բացի ընտրակաշառքից, ելնելով «շնից մազ պոկելն էլ քյար ա» սկզբունքից: Ինչեր ասես, որ չի տեսել մեր բազմաչարչար ընտրողը` էլ պարարտանյութ, էլ լոբի, էլ ալյուր ու ձեթ, էլ աթար («Օրինաց երկրի ականջը կանչի»): Բայց ժամանակներն անցնում են: Հայաստանը զարգանում է երկնիշ թվերով: Մենք դառնում ենք տարածաշրջանի ամենազարգացած երկիրը: Դոլարն արժեզրկվում է եւ դառնում «տուֆտա» փող: Եվ քանի որ ժողովուրդը կույր չէ եւ չի կարող այդ ամենը չտեսնել, հետեւաբար` ապագա ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի եւ որակը, եւ քանակը կլինի մեր երկրի զարգացմանը համապատասխան: 2007-08թթ., ի տարբերություն անցած տարիների, բիզնես կուսակցությունների քանակն անհամեմատ շատ է լինելու: Դա, իր հերթին, բիզնեսի բոլոր կանոնների համաձայն` կբերի առողջ մրցակցության: Իսկ դրանից միշտ էլ ժողովուրդն է շահում: Եվ կարծում եմ, որ այս անգամ ընտրակաշառքը կլինի բացառապես փողի տեսքով, որի քանակն այլեւս չի լինի $ 10-20: Խոսակցություններ կան, որ որոշ օլիգարխներ պատրաստ են մեկ ձայնի դիմաց վճարել $ 100 եւ ավելի: Այնպես որ, հարգելի ընթերցող, պետք չէ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին մեղադրել բազմազան մեղքերի մեջ: Նրա հարցերը հայրենի օլիգարխները կլուծեն այն ժամանակ, երբ կհասկանան, որ այդ գործընթացի հետեւանքով իրենք ստիպված կլինեն նախընտրական պայքարի ժամանակ, «իրենց գաղափարախոսությունն առաջ բրթելու» համար, վճարել տասնապատիկ ավելի: Ինչ վերաբերում է բարեգործությանը, ապա բոլորին ուզում եմ բացատրել, որ այսօրվանից սկսված, այն ինչ արվում է` չի կարող կոչվել բարեգործություն: Նախ` առեւտուրը երբեք եւ ոչ մի տեղ բարեգործություն չի կոչվել (երբ ինչ-որ բան գնելու համար մարդ վճարում է որոշակի գումար կամ կատարվում է ապրանքափոխանակություն, նման գործարքը կոչվում է առեւտուր): Այսինքն` կուսակցությունը կամ թեկնածուն որոշակի գումար պետք է վճարեն ձեր ձայնը գնելու համար: Ուզում եմ հիշեցնել, որ մենք ապրում ենք ազատ շուկայական (իսկ ավելի ճիշտ` վայրի շուկայական) հարաբերությունների պայմաններում, եւ յուրաքանչյուր ոք ինքն է որոշում, թե «ինչ արժե» իր սեփական ձայնը: Եվ երկրորդը` մի քանի տարի առաջ ԱԺ պատգամավոր, ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ ԱԺ-ում ՄԱԿ-ի հայտնվելը հաջող իրականացված բիզնես նախագծի հետեւանք է:
Ինչ վերաբերում է բարեգործությանը, ապա կարող եմ կոնկրետ օրինակներ բերել, թե որն է բարեգործությունը: Բարեգործ էր Մանթաշովը, ով տաղանդավոր հայ երիտասարդներին անցած դարի սկզբին ուղարկում էր սովորելու լավագույն եվրոպական բուհեր` նրանցից եւ նրանց ծնողներից չպահանջելով, որ դառնան իր կուսակցության անդամ: Բարեգործը Քըրքորյանն է, ում տրամադրած գումարներով սարքվեցին Հայաստանի «միջնադարյան» մայրուղիներն ու փողոցները (չհաշված, թե ինչքան էլ կերան): Պատկերացնո՞ւմ եք՝ այդքանից հետո նա կոչ չարեց` քվեարկել ԱՄՆ Հանրապետական կուսակցության օգտին: Ավելին, հայկական հեռուստաալիքներն օրը հիսունութ անգամ չէին ցուցադրում, թե ինչպես են, օրինակ, Արտաշես Թումանյանը կամ Արմեն Գեւորգյանը («Լինսի մոմենտով») շնորհակալություն հայտնում պարոն Քըրքորյանին, եւ ոչ ոք չասաց, որ Քըրքորյանից բացի` նրանք ուրիշ թեկնածու չեն տեսնում:
Բայց ես ուրախ եմ, որ լավատես եմ: Որովհետեւ տեղեկատվության այս դարում մեր երեխաները հասկանում են` ո՞րն է բարեգործություն եւ ո՞րը` բիզնես, ո՞վ է իսկապես մտածում ժողովրդի մասին եւ ո՞վ է ավանդների վրա «աչոկ» ուզում հավաքել, ո՞վ է իսկապես պատերազմում հաղթել եւ ո՞վ է բարիքներից օգտվում, ո՞րն է իսկական կուսակցությունը, ո՞րը` «զակազնոյը»: Այդ իսկ պատճառով այս հոդվածը ես ուզում եմ ավարտել իշխանամետ լրատվամիջոցների սիրած արտահայտությամբ` «Մի քիչ էլ սպասեք եւ, իրոք, ամեն ինչ լավ է լինելու»: