Մի խումբ հայ մտավորականներ հունիսի 13-ին խիստ վրդովվել էին Ռուսաստանում հայերի նկատմամբ իրականացվող բռնությունների կապակցությամբ։ Դեռ լավ է, որ նախորդ օրը չէին վրդովվել, թե չէ անհարմար բան կստացվեր. հունիսի 12-ը Ռուսաստանի օրն էր եւ նշվում էր նաեւ Հայաստանում։ Ինչեւէ։ Հայ մտավորականները վրդովվել էին եւ որոշել, որ պետք է զանազան նամակներով եւ ուղերձներով ռուսներին համոզել, որ այն, ինչ այսօր կատարվում է Ռուսաստանում, սեպ է խրում հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ` խարխլելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։
Մի բան այնուամենայնիվ դրական էր` հայ մտավորականները որոշել էին այլեւս «նամակ ռուսաց թագավորին» չգրել։ Դրա համար էլ ենք շնորհակալ։ Բայց այն, որ անընդհատ շոշափվում էր «հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը», մի քիչ տարօրինակ էր։ Ընդ որում, խոսքը միայն վերջին իրադարձությունների մասին չէ։
Ընդհանրապես, մեզանում հայ-ռուսական հարաբերությունները քննարկելը մի տեսակ ընդունված չէ։ Այդ թեմայի վրա տաբու է դրված։ Ընդունված տեսակետ է, որ այդ հարաբերությունները «դարավոր բարեկամական» են, եւ վերջ։ Իսկ թե կոնկրետ ինչպես է արտահայտվել այդ բարեկամությունը, շատ չեն խորանում։ Խորացողը համարյա ազգի դավաճան է։ Պատճառը նույնպես հասկանալի է. մեջտեղը հայ-թուրքական հարաբերությունների խնդիր կա։ Մենք նույնպես շատ չենք խորանա։ Պարզապես կարձանագրենք, որ Ռուսաստանն արտաքին քաղաքականության մեջ երբեք չի առաջնորդվել ռոմանտիկ զգացմունքներով, եւ Հայաստանը (կամ հայերով բնակեցված տարածքները) միշտ ընկալել է կամ որպես պլացդարմ (եթե մտադիր է եղել նոր տարածքներ գրավել), կամ որպես ֆորպոստ (եթե անհրաժեշտ է եղել պաշտպանվել)։ Այսինքն` Ռուսաստանում հայերին սիրելու կամ չսիրելու հարց երբեւէ չի դրվել։ Այդ մենք ենք հարցն այդպես դնում` «ախր ինչո՞ւ հայերին չեն սիրում, ինչո՞ւ են միայն մեզ սպանում, ինչո՞ւ ադրբեջանցիներին չեն սպանում» եւ այլն։
Իրականում ակնհայտ է, որ Ռուսաստանում հայերի նկատմամբ բռնություններն ամենեւին էլ «օտարերկրյա հատուկ ծառայությունները» չեն կազմակերպում` հայերի եւ ռուսների միջեւ սեպ խրելու նպատակով։ Եթե այդպես լիներ, ռուս իրավապահները շատ արագ այդ ամենի դեմը կառնեին։ Ակնհայտ է նաեւ, որ Ռուսաստանի իշխանությունները հայերի նկատմամբ բռնություններով խիստ կոնկրետ քաղաքական հարց են լուծում, եւ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը դրան նպաստում է։ Պարզաբանենք։
Հայաստանը գրեթե պաշտոնապես հայտարարված է որպես տարածաշրջանում Ռուսաստանի ֆորպոստ։ Ավելին` Ռուսաստանը ներկայումս «փաստաթղթային ձեւակերպում» է տալիս այդ կարգավիճակին. այսինքն` իր սեփականությունն է դարձնում տնտեսության կարեւորագույն ոլորտները։ Բայց այս ծրագրի գլխին սեւ ամպեր են կուտակված. ֆորպոստի բնակչությունը գնալով նվազում է։ Ո՞ւմ է պետք այդպիսի ֆորպոստը, որը մի քանի տասնամյակ հետո կարող է ընդհանրապես դատարկվել։ Բնականաբար, խնդիր է առաջանում «համալրել ֆորպոստի անձնակազմը»։ Բայց ինչպե՞ս։ Ելքը միակն է. Ռուսաստանում հայերին նեղել եւ հասկացնել, որ այդ երկիրը հայերի համար չէ։ Ոնց էլ լինի, Ռուսաստանից հեռացող հայերի կեսը հենց Հայաստան կվերադառնա…
Ի դեպ, ռուսները միշտ էլ «իրենց տարածքների» բնակչության թիվը նման մեթոդներով են մեծացրել։ Ե՛վ ցարական Ռուսաստանում, եւ՛ 30-ականներին այդ պետության խնդիրը ոչ այնքան հասարակությունը ոճրագործներից ազատելն էր, որքան Սիբիրն ու Հեռավոր Արեւելքը բնակեցնելը։ Երբ 1949-ին հայերին Ալթայ էին աքսորում, ոչ թե հայերին չէին սիրում, այլ Ալթայի երկրամասն էր պետք բնակեցնել։
Նույնն էլ կատարվում է այսօր։ Իսկ մենք զարմանում ենք, որ Ռուսաստանը որպես պետություն լրջագույն պրոբլեմներ ունի, ասենք, Վրաստանի հետ, բայց Մոսկվայի փողոցներում սպանում են ոչ թե վրացիներին, այլ հայերին։ Զարմանալու բան չկա։ Եթե տարածաշրջանում Ռուսաստանի ֆորպոստը Վրաստանը լիներ, Մոսկվայում վրացիներին կհալածեին, որպեսզի սրանք վերադառնան Վրաստան եւ համալրեն «ֆորպոստի անձնակազմը»։
Այնպես որ, հայերի նկատմամբ իրականացվող բռնությունների մեջ «հայերին չսիրելու» բաղադրիչ չկա։ Ռուսները երբեք էլ ավելի լավը չեն եղել, եթե, իհարկե, քաղաքականության մեջ ընդհանրապես կարելի է օգտագործել «լավ» եւ «վատ» բառերը։ Պարզապես պետք է հասկանալ, որ այդ բռնությունների բուն պատճառը Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունն է։