Կանանց քաղաքը

16/06/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

«Սկսվեց մեր ամիսը,- ասաց գործընկերուհիս,- այլեւս ազատ ենք կենցաղային հոգսերից, եւ քաղաքն էլ մերն է»: Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկն էր ոգեւորել նրան: Կանայք ուղիղ մեկ ամիս ազատ են իրենց ամուսնու, ընկերոջ, հոր, եղբոր խնամք-հոգսերից: Որեւէ մեկի համար անհանգստանալ պետք չէ` տղամարդիկ, եթե տանը չեն, ապա որեւէ տեղ ընկերովի ֆուտբոլ են նայում: Տղամարդիկ նույնիսկ սնվելու հարցն են ինքնուրույն լուծում, որ ճաշի կամ իրիկնահացի սեղանն անգամ նրանց չկտրի ֆուտբոլից: Հրվ. Կորեա – Տոգո խաղը զոհաբերեցի: Զբոսնում էի քաղաքում: Փողոցում ու սրճարաններում միայն կանայք էին: Հատուկենտ հանդիպող տղամարդիկ փնթփնթալով շտապում էին որեւէ տեղ` հեռուստացույց գտնելու: Առողջ տղամարդուն ոչինչ չի շեղում Աշխարհի առաջնությունից: Անգամ` կանանց քաղաքը: Գեղեցիկ կանանցով լի ամառային քաղաքը: Ամբողջ երեկո ֆուտբոլ է` երեք ժամը մեկ, որ ընդմիջվում է մեկժամանոց քննարկում վերլուծություններով: Առավոտյան ֆուտբոլ չկա: Փոխարենը կան թերթեր, ու ամեն առավոտ թերթերից ես տեղեկանում, թե ինչ է կատարվել քո երկրում: Ինչ-որ տեղ կրակել են, կան տուժածներ: Բայց ոչ ոստիկանությունն է արձանագրել, ոչ շտապ օգնությունը: Բոլորը ֆուտբոլով են տարված: Բոլորը` բացի հարազատ իշխանություններից: Հայրենանվեր աշխատանքից նրանց ոչ ֆուտբոլն է կարողանում կտրել, ոչ կանայք: Իշխանություններն ուշադրությամբ հետեւում են, թե ինչպես է ընթանում «ԱրմենՏելի» վաճառքը: Հունական սեփականատերը վաճառքի է հանել իր մասնաբաժինն ամբողջությամբ: Հունական ՕՏԵ-ն «ԱրմենՏելի» 90 տոկոսի սեփականատերն է: Հայաստանի իշխանությունների հետաքրքրությունն այս գործարքի նկատմամբ պայմանավորված է մի քանի գործոններով: Նախ` վաճառվում է Հայաստանում ամենաբարձր գնահատված ապրանքը: 1998թ. Հայաստանի կառավարությանը պատկանում էր «ԱրմենՏելի» 51 տոկոսը, օֆշորային գոտում գրանցված ՏՎՏ ընկերությանը` 49 տոկոսը: Նույն տարվա մայիսին ՏՎՏ-ն ամբողջությամբ, ՀՀ կառավարությունը` 41 տոկոսը, կարծեմ մոտ 140 մլն դոլարով վաճառեցին հունական ՕՏԵ-ին: Հիմա հույներն «ԱրմենՏելը» վաճառում են` ակնկալելով 500 մլն եվրո: Մեր իշխանությունների հետաքրքրվածությունը բացատրվում է նաեւ նրանով, որ ՀՀ կառավարությունը շարունակում է մնալ «ԱրմենՏելի» 10 տոկոսի սեփականատեր: Երրորդ պատճառը, թերեւս, ամենակարեւորն է մեր իշխանությունների համար։ «ԱրմենՏելը» գնելու հայտ ներկայացնողների թվում նախ հայաստանյան ծագում ունեցող ընկերություն կա` «Սիլ-գրուպը»` ամերիկյան մի ընկերության հետ համատեղ։ Հետաքրքիրն իհարկե Սարգսյան-գրուպի հավակնություններն են։ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, կարծես, «Ալկատել» ընկերության հետ փորձում է մտնել Հայաստանի հեռահաղորդակցման շուկա։ Սա դժվար է ասել` տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական հետաքրքրություն ներկայացնող խնդիր է։ Արմեն Սարգսյանը մեր քաղաքական շրջանակներում միշտ ընկալվել է Արեւմուտքի մարդ։ Այս պատճառով նրա նկատմամբ խանդի դրսեւորում ցուցաբերում են քաղաքական այն ուժերը, որոնք Արեւմուտքի աջակցությունն են տենչում։

Ֆուտբոլային տրամադրություններից, պարզվում է, փորձում են օգտվել իշխանության բոլոր օղակները։ ԿԲ-ն, օրինակ, իր լողացող կուրսը պաշտպանեց խորհրդարանում։ Տիգրան Սարգսյանը նորից անկոտրում էր։ Դրամի արժեւորումը նրա կարծիքով ձեռնտու է տնտեսության ու ժողովրդի համար։ Որովհետեւ, պարզվում է, Հայաստանում գտնվող դոլարի զանգվածը հիմնականում գտնվում է հարուստների մոտ։ Հետաքրքիր բացատրություն է։ Սա` այն դեպքում, երբ ՀՀ Կառավարությունը փորձում է ԱԺ-ում օրենքի նախագիծ անցկացնել։ Նախագիծը ենթադրում է տարեկան 6 մլն դրամից ավելի եկամուտ ունեցող անձանց պարտադրել հայտարարագիր լրացնել։ ՀՀ Հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքերով` 2008թ. այս օրենքը կվերաբերի շուրջ 20 հազար մարդու։ Այսինքն, մեր երկրում ընդամենը 20 հազար մարդ ամսական մոտ 1500 դոլարից ավելի եկամուտ ունի։ Իսկ Տիգրան Սարգսյանը կոչ է անում խնայողությունները կատարել ազգային դրամով։ Եթե երկրի բնակչության հիմնական զանգվածի դրամական եկամուտները տարեկան չեն գերազանցում 6 մլն դրամը, անհասկանալի է, թե ում է ուղղված այս կոչը։ Բոլոր փորձագետները նշում են, որ բնակչության կենսամակարդակի վրա էական ազդեցություն ունեն հիմնականում տրանսֆերները։ Արտասահմանից որպես օգնություն ուղարկվող գումարը, որ գերազանցում է երկրի տարեկան բյուջեն, հիմնականում ստանում է ոչ գործարար խավը։ Տրանսֆերի տեսքով ստացվող տարադրամը հիմնականում ԱՄՆ դոլար է եւ անմիջապես հանվում է փոխանակման։ Փորձագետներից շատերի համար պարզ է, որ դոլարի արժեզրկումը Հայաստանում պարզապես էժան դոլար ձեռք բերելու լրացուցիչ հնարք է։ Տիգրան Սարգսյանը հպարտորեն նշում է, որ այն մարդիկ, ովքեր իրեն լսել եւ խնայողություններն արել են դրամով, 30 տոկոսի չափով շահել են։ Ցավոք, չի հրապարակում այդ մարդկանց անունը։ Այլապես դժվար է պատկերացնել, թե 40-60 հազար ստացող ուսուցիչը, բժիշկը, պետական չինովնիկը, 260 հազար ստացող պատգամավորն, ինչպես են հաջողացնում դրամ ետ գցել, որ դեռ խնայողություն էլ անում են։

Ֆուտբոլային անուրջները լավ օգտագործում է նաեւ քաղաքապետարանը։ Պարզվում է` Աշխարհի առաջնության այս թունդ պահին քաղաքում ինչ-որ անհասկանալի փողոցներ են նախագծվում։ Սրանից զատ` նախատեսվում է արձաններ դնել. ճիշտ է, քանդակագործների համար էլ առայժմ պարզ չէ, թե որտե՞ղ, ի՞նչ միջավայրում են դրվելու այդ արձանները։ Բայց դրանք դրվելու են։ Պարզապես որոշ հեղինակների հանձնարարված է լրամշակել Մհեր Մկրտչյանի ու Գեւորգ Չաուշի արձանների իրենց տարբերակը։ Սա հարիր է մեր քաղաքի այսօրվան։ Տարիներ առաջ քանդվեց սոցռեալիզմի ոճով կերտված Բանվորի արձանը։ Քանդվեց, որ հետո մեկ այլ վայրում տեղադրվի Սուրբ Գրիգոր Նարեկացու սոցռեալիստական քանդակը։

Այնպես որ, մեր հասարակական կյանքում տեղի ունեցող անհասկանալի գործընթացները միայն ֆուտբոլի առաջնությունով բացատրել չի կարելի։ Եթե մեկ ամիս հետո մենք` տղամարդիկս, դուրս գանք քաղաք ու տեսնենք, որ դոլարի կուրսը 300 դրամ է, այստեղ-այնտեղ անհեթեթ արձան է դրված, քաղաքը դարձել է ավելի գույնզգույն, քանց գյուղական լվացքը, զարմանալ պետք չէ։ Պետք չէ նաեւ կանանց մեղադրել։ Այս օրերին Երեւանն ավելի գեղեցիկ է, քան երբեւէ, որովհետեւ կանանց քաղաք է։