Քառասուն օր անց

16/06/2006 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Ինչպես մեզ տեղեկացնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը՝ «ժամանելով Թբիլիսի՝ վերջիններս Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանի, հյուպատոս Արթուր Սարգսյանի, դեսպանատան խորհրդականների հետ մասնակցեցին Վիրահայոց թեմի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում անցկացվող հոգեհանգստյան արարողությանը։ Հանուն թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ հոգեւոր դասի, Հայր Սուրբը ցավակցեց եւ օրհնության իր խոսքը բերեց զոհվածների հարազատներին: Նա պատգամեց հետեւել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դրույթներից մեկին, որի համաձայն` մահացածը լոկ ննջեցյալ է, իսկ հոգին թեւածում է երկնային արքայության մեջ. «Կգա մի օր, – ասաց Հայր Սուրբը, – երբ մենք էլ` հայտնվելով այնտեղ, անպայմանորեն կհանդիպենք նրանց: Իսկ մինչ այդ, ապրենք աղոթելով ու նրանց բարի գործերը հիշելով»,- ասվում է Վիրահայոց թեմի հաղորդագրությունում:

Թբիլիսիից հայկական ավտոբուսները շարժվեցին Սոչի, որտեղ Ա-320 կործանված օդանավի զոհերի ընտանիքները հունիսի 14-ին դուրս եկան Սեւ ծով եւ ծաղիկներ նետեցին այն վայրում, որտեղ ընկել է «Արմավիա» ընկերությանը պատկանող հայկական օդանավը։ Ավելի քան 300 մարդ է մասնակցել ավիավթարից հետո 40 օրվա սգո արարողությանը, որն, ի դեպ, պետք է տեղի ունենար հունիսի 12-ին, սակայն Ռուսաստանի օրվա տոնի կապակցությամբ 2 օրով հետաձգվել է։ Միայն Հայաստանից ժամանածների թիվը հասնում էր 180-ի։ Ադլերի հայկական եկեղեցում ծիսակատարություն է անցկացվել՝ նվիրված Ա-320-ի զոհերի հիշատակին, որից հետո մատուցվել է հիշատակման ճաշ։

Օդանավը տեխնիկապես լավ վիճակում էր, իսկ օդանավի անձնակա՞զմը

Միջպետական ավիացիոն կոմիտեն ընդհանուր առմամբ ավարտել է Ա-320 օդանավի սեւ արկղերի վերծանման աշխատանքները։ Այս մասին անոնիմ կարգով ռուսական լրատվամիջոցներից մեկին է հայտնել հետաքննող մասնագետներից մեկը։ Սակայն պաշտոնական արդյունքները դեռեւս չեն հրապարակվելու։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ պարզ է դարձել, որ վթարի պատճառը չէր կարող լինել տեխնիկական անսարքությունը, քանզի ինքնագրերի վերծանումն ապացուցել է, որ օդանավը տեխնիկապես լավ վիճակում է եղել։ Չի հաստատվել նաեւ վառելիքի պակասի վարկածը։

Ռուսական լրատվամիջոցներին անոնիմ կարգով տեղեկատվություն հաղորդած մասնագետները որպես օդանավի կործանման պատճառ նշում են մարդկային գործոնը։ Ընդ որում, ռուսները շարունակում են մեղքը հայկական կողմի վրա գցել՝ նշելով, որ օդանավի անձնակազմը կորցրել է տարածքային կողմնորոշումը։ Այսինքն՝ հայ օդաչուները չեն կարողացել հասկանալ` որտեղ է ամպը եւ որտեղ՝ գետինը։ «Այսպիսի բան կարող է լինել այն դեպքում, երբ շեղվում է օդաչուի ուշադրությունը կամ եղանակային պայմանները շատ վատն են լինում»,- գրել է «Մոսկովսկի Կոմսոմոլեց» (ՄԿ) թերթը։

 Ռուս լրագրողների այսպիսի վարկածին տրամաբանական բացատրություն գտնելը դժվար է, քանզի բազմիցս ասվել է, որ հայկական կործանված օդանավի օդաչուներն «աս» են եղել։ Սակայն թերթը շարունակում է անոնիմ հաղորդագրության վրա հիմնվելով՝ իր ենթադրություններն անել, ու ավելացնում է, որ գուցե ավիավթարի ամենահավանական պատճառը եղել է վատ եղանակը։ «Սեւ արկղերի վերծանումը հաստատել է, որ երբ դիսպետչերն Ա-320-ին ուղարկել է երկրորդ պտույտ կատարելու, այդ պահին օդաչուները օդանավը ձեռքով են ղեկավարել, այսինքն, միացված չի եղել «ավտոպիլոտ ռեժիմը»,- գրել է ՄԿ-ն։ Թերթը նաեւ նշում է, որ երկրորդ պտույտի ժամանակ օդանավի կողաթեքումը շատ բարձր է եղել։ Եվ ըստ մասնագետների՝ այս երկու գործոնը բավական էին ավիավթարի համար։

«Ներկայումս Միջազգային ավիացիայի կոմիտեն փորձում է օբյեկտիվ ձեւակերպում տալ մեղադրանքներին, որպեսզի օդանավի անձնակազմի մեղքը մեղմացվի»,- շարունակում է թերթը։ Իհարկե, մահացած մարդկանց վրա մեղադրանքներ նետելը հեշտ է։ Նրանք արդարանալու հնարավորություն չունեն։ Իսկ ինչո՞ւ են ռուս լրագրողներն այս վարկածների մեջ մոռանում նշել դիսպետչերի հավանական սխալների մասին։ «Դիսպետչերը հարբած է եղել» նախադասության հեղինակը հայկական կողմը չի եղել, այն նորից անոնիմ կերպով գրվել է ռուսական թերթերում։ Իսկ եթե մենք հավատում ենք անոնիմ վարկածներին, ապա պետք է հաշվի առնել յուրաքանչյուր անոնիմ նամակ, կամ էլ առհասարակ անտեսել յուրաքանչյուր անոնիմ վարկած՝ մինչեւ պաշտոնական տվյալների հրապարակումը, եթե, իհարկե, վերջիններս հրապարակվեն։

Այս մեղադրանքների խառնիճաղանջում յուրաքանչյուրիս համար էականն այն չէ՝ օդաչո՞ւն էր սխալ, թե՞ դիսպետչերն էր հարբած։ Խնդիրը միայն մեղավոր գտնելը չէ, այլ այն, որ Ա-320-ի տխուր պատմությունն այլեւս չկրկնվի։ Եվ ամեն անգամ օդանավ մտնելիս մեզանից յուրաքանչյուրը համոզված լինի, որ օդաչուն իր գործում «աս» է, դիպետչերը` ուշադիր, եւ օդանավակայանի բոլոր աշխատողներն իրենց աշխատանքն անում են կատարյալ։