Այս խոսքերի հեղինակը ոչ թե լրագրող է, որին կարող են քննադատել ոչ պրոֆեսիոնալ մոտեցման համար, այլ հայտնի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մորիս Ալենը։ Եվ այսպիսի միտք նա արտահայտել է դոլարիզացված, զարգացող երկրների արժույթի շուկայի համար։ Մորիս Ալենին մենք դեռ մեկ անգամ էլ հղում կկատարենք, սակայն նախեւառաջ անդրադառնանք հայ եւ հայաստանաբնակ տնտեսագետներին, ովքեր իրենց ամենեւին էլ ավելի վատ մասնագետ չեն համարում։
Երեւի արդեն կռահեցիք, որ հերթական անգամ խոսքը գնալու է դոլարի մասին։ Գիտակցելով հանդերձ ընթերցողին ձանձրացնելու հնարավոր վտանգը՝ ցանկանում եմ նշել, որ այս թեմային այսքան մանրամասն երբեք չենք անդրադարձել եւ մոտ ապագայում հազիվ թե անդրադառնանք։
Վերջերս ԿԲ-ն հաճախ է քննադատության թիրախ դառնում՝ դոլարի փոխարժեքի անկման պատճառով։ Իսկ 2 օր առաջ լրագրողներին միացան նաեւ ԱԺ պատգամավորները, ովքեր իրենց արտահայտություններում ավելի անկեղծ էին, քան լրագրողները. «շուլեր», «մախինատոր» եւ այլն։ ԿԲ նախագահ Տ. Սարգսյանը ոչ միայն տեղի չտվեց Հմայակ Հովհաննիսյանի, Արտաշես Գեղամյանի եւ Վիկտոր Դալլաքյանի գրոհներին՝ պնդելով, որ փոխարժեքը կարգավորվում է շուկայական մեխանիզմներով, այլ նաեւ հավաստիացրեց, որ դրամի արժեւորման ընթացքում ՀՀ տնտեսությունն առաջադիմել է, ժողովրդի վիճակն էլ` լավացել։ Իր խոսքերի ճշմարտացիությունն ապացուցելու համար Տ. Սարգսյանը վկայակոչում էր միջազգային կառույցների գնահատականները։
Ինչեւէ, ԿԲ ղեկավարի բացատրությունները պատգամավորներին չէին բավարարել, եւ նրանք սկսել էին ստորագրահավաք՝ դոլարի արժեզրկման հետեւանքով տեղական արտադրողի եւ ազգաբնակչության վնասներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու համար։ Իսկ մինչ բավարար թվով ստորագրություններ կհավաքվեն, մյուս կողմը որոշել է ետ չմնալ։ Երեկ ԿԲ-ի շենքում սեմինար էր կազմակերպել այս կառույցի հիմնական «գոտեպնդող ուժը»՝ Արժույթի միջազգային հիմնադրամը։
«Ես ձեզ մանրամասն կբացատրեմ»
Խոստացավ ՀՀ-ում ԱՄՀ ներկայացուցիչ Ջեյմս Մաքյուն։ Բացատրության կարիք ուներ, իհարկե, այս օրերի ամենահրատապ հարցը՝ ինչո՞ւ է դոլարը սրընթաց արժեզրկվում։
Եվ այսպես, ինչո՞ւ է դոլարը 2004թ.-ից ի վեր արժեզրկվում։ Նշվեց, որ դոլարն արժեզրկվում է նաեւ մյուս արժույթների՝ մասնավորապես եվրոյի նկատմամբ։ Օրինակ, 2003թ. մեկ դոլարն արժեր 0,8 եվրո, իսկ այսօր` 1,3։ Սա տրամաբանական պատճառ է՝ երկարաժամկետ տեսանկյունից դիտարկելու դեպքում։ Սակայն մեկ-երկու ամսվա մեջ դոլարը դրամի նկատմամբ արժեզրկվեց մոտ 9%-ով՝ 450-ից հասնելով 410-ի։ Այս ընթացքում եվրո-դոլար փոխարժեքի կտրուկ տատանումներ չեն եղել։ Պրն Մաքյուն, ինչպես եւ ԿԲ նախագահ Տ. Սարգսյանը, դոլարի արժեզրկումը բացատրում են դրսից եկող տրանսֆերտների աճով։ Իսկ այդ աճն էլ ԱՄՀ ներկայացուցիչը բացատրեց այն հանգամանքով, որ տրանսֆերտների մեծ մասը գալիս է Ռուսաստանից։ Իսկ Ռուսաստանի եկամուտները (այդ թվում եւ` այնտեղ ապրող մեր հայրենակիցների) աճել են՝ ի հաշիվ նավթի արտահանման ծավալների մեծացման եւ նավթամթերքի համաշխարհային գների աճի։ Արդյունքում, Ռուսաստանում ապրող հայերը սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստանում ապրող իրենց հայրենակիցներին, դոլարի ծավալը մեծացել է, գինը՝ ընկել։ Այդ դեպքում առաջանում է բնական հարց, տրանսֆերտների աճին զուգահեռ եւ դրանից ավելի արագ տեմպերով մեծանում է մեր արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը, որն, ըստ կանխատեսումների՝ այս տարի կգերազանցի 1 մլրդ դոլարը։ Սա էլ պետք է հակառակ ազդեցություն ունենար փոխարժեքի վրա, սակայն դա տեղի չի ունենում, ինչո՞ւ։ Այս հարցին սպառիչ պատասխան այդպես էլ չհնչեց։ Մեր այն հարցին, թե ովքե՞ր են Հայաստանի արժութային շուկայի մասնակիցները, ովքե՞ր են որոշում՝ առաջարկը նվազե՞լ է, թե՞ մեծացել, պրն Մաքյուն պատասխանեց՝ շուկան մեծ հասկացություն է, որի մեջ մտնում են եւ՛ բանկերը, եւ՛ տարադրամի փոխանակման կետերը, եւ՛ “Western Union”-ի գրասենյակները, որտեղից բնակիչները ստանում են մեր փոխանցումները։ Եվ այնուամենայնիվ, տարադրամի փոխանակման կետի աշխատողը առավոտյան բացում է իր կրպակը եւ ընդամենը 2 ժամ անց հանկարծ որոշում, որ առավոտյան սահմանված 440 դրամը միանգամից պետք է դարձնի 430 դրամ։ Ինչո՞վ է դա պայմանավորված, «չեյնջի» աշխատողը՝ ավելի ճիշտ, բոլոր «չեյնջատերերն» այդ երկու ժամում պրոֆեսիոնալ հետազոտությո՞ւն են անում՝ հաշվի առնելով արժույթի փոխարժեքների համաշխարհային միտումները, օրվա տրանսֆերտների մեծությունը եւ այլ գործոններ։ Ջեյմս Մաքյուն դա բացատրում է շահույթ ստանալու մոտիվով, այսինքն, «չեյնջատերերը» ցանկանում են ավելի էժան գնով դոլար ձեռք բերել եւ «գցում» են դոլարի կուրսը։ «Իսկ ի՞նչ է, դուք այդտեղ դավադրությո՞ւն եք տեսնում, կարծում եք` փոխարժեքը թելադրվո՞ւմ է»,- հարցնում է պրն Մաքյուն։ Մենք ոչինչ էլ չենք կարող տեսնել, այլ կարող ենք միայն ենթադրել։ Ինչ վերաբերում է «շահույթի մոտիվներին», ապա պարզապես ծիծաղելի է. ստացվում է՝ մի քանի տասնյակ «չեյնջատերեր» մի քանի կոպեկ ավելի աշխատելու համար նշանակալի չափով ազդում են ողջ երկրի տնտեսության վրա։ Եվ ստացվում է, որ փոխարժեքը մեր երկրում որոշում են տարադրամի փոխանակման կետերի տերերը։ Մինչդեռ ընդհանուր սխեման հետեւյալն է. քաղաքի ծայրամասերում գտնվող փոխանակման կետերը պարբերաբար ինֆորմացիա են ստանում Կասյան եւ Տիգրան Մեծ փողոցների վրա գտնվող կետերից՝ փոխարժեքի տատանումների մասին։ Նշենք, որ ծայրամասերի «չեյնջերը» փոխարժեքը միշտ սահմանում են 2-3 դրամով ավելի ցածր, քան Կասյանի եւ Տիգրան Մեծի «չեյնջերը», իսկ օրվա վերջում նրանց մեծ մասը գնված դոլարները մի քիչ ավելի թանկ գնով վաճառում են հենց այդ կետերին։ Իսկ վերջիններս առաջնորդվում են առեւտրային բանկերի սահմանած փոխարժեքներով եւ գործարքները կատարում նրանց հետ։ Իսկ թե փոխարժեքը սահմանելիս եւ փոփոխելիս ինչո՞վ կամ ումո՞վ են առաջնորդվում բանկերը, այս հարցին պատասխանել չենք կարող։
Հենց դրամը լողալ սովորեց, դոլարը սկսեց «սկել»
Վերադառնանք մեր երկրում դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու երկու անձնավորությունների՝ Տ. Սարգսյանի եւ Ջեյմս Մաքյուի այն պնդմանը, որ Հայաստանում փոխարժեքը ձեւավորվում է շուկայական սկզբունքներով։ Մենք ընդունել ենք, այսպես կոչված, «լողացող» կամ ճկուն փոխարժեքի քաղաքականություն։
Ըստ Ջեյմս Մաքյուի, լողացող փոխարժեքն «ավելի առողջ է»։ «Եթե ԿԲ-ն հետեւի որոշ լրագրողների խորհրդին եւ սահմանի ֆիքսված փոխարժեք, ապա դա բացասական հետեւանքներ կունենա»,- նշեց պրն Մաքյուն։ Վերջինիս խոսքերով, ֆիքսված փոխարժեքի դեպքում ԿԲ-ն կարող է կարգավորել միայն ազգային դրամի զանգվածը, այլ ոչ թե դոլարինը։ «Դա կարող է բացասական ազդեցություն ունենալ նաեւ արտահանողների վրա»։
Ոչ ոք չի ասում, որ ԿԲ-ն պետք է հետեւի լրագրողների խորհրդին, ԿԲ-ի խորհրդում հավաքված են բավական լուրջ մասնագետներ, որոնք ոչ պրոֆեսիոնալ խորհուրդների կարիք չունեն։ Մարդկանց պարզապես պետք է համոզվել, որ դոլարի արժեզրկումն արհեստական չէ, իսկ նրանց ոչ ոք չի կարողանում սպառիչ կերպով դրանում համոզել։ Առավել եւս, երբ շատ հայտնի տնտեսագետներ ամենեւին էլ Ջ. Մաքյուի կարծիքին չեն։ Վերադառնանք նույն Մորիս Ալենին, որին ամենասկզբում հիշատակեցինք։
«Լողացող փոխարժեքի ռեժիմը ոչ միայն անկայուն իրավիճակներ է առաջացնում, այլեւ հանգեցնում է նրան, որ փոխարժեքը շուկայում չի ձեւավորվում»,- ասել է Նոբելյան մրցանակի դափնեկիրը, որն, ի դեպ, չի տեսել հայաստանյան «շուկան»։
Կարող ենք, բայց չենք անի
Թեեւ ԿԲ-ն արդեն որդեգրել է «լողացող» փոխարժեքի քաղաքականությունը եւ դրանից ետ կանգնելը, բացի հնարավոր բացասական հետեւանքներից` նաեւ պատվի խնդիր է, սակայն անգամ այս դեպքում կարելի է ազդել փոխարժեքի վրա եւ թույլ չտալ, որ այն սրընթաց իջնի։ Դոլարային մուտքերի ավելացման դեպքում ԿԲ-ն կարող է գնել «ավելցուկային» դոլարները։ Սակայն այդ դեպքում Կենտրոնական բանկը պետք է թողարկի լրացուցիչ դրամ։ Իսկ դրամի քանակի ավելացումը կարող է հանգեցնել ինֆլյացիայի։ Այսինքն, ԿԲ-ն ընտրություն է կատարում սղաճի եւ դոլարի արժեզրկման միջեւ։ Ընտրությունը կանգ է առել վերջինի վրա. ավելի լավ է դոլարն իջնի, քան սղաճը մեծանա։ Վերջիվերջո, ԿԲ-ի գլխավոր խնդիրը, ըստ ՀՀ օրենսդրության, գների կայուն մակարդակի ապահովումն է։ Մի կողմ թողնենք այն հարցը, որ սղաճի պաշտոնական թվերը հավատ չեն ներշնչում։
Տ. Սարգսյանն ու Ջ. Մաքյուն պնդում են, որ սղաճի զսպումն ավելի կարեւոր խնդիր է, քանի որ դոլարային եկամուտ ստացողները թեեւ կորցնում են, սակայն դրանք համեմատաբար ավելի ապահովված են։ «Սղաճն ավելի շատ ազդում է աղքատների վրա, քանզի նրանք թոշակները ստանում են դրամով»,- ասաց Ջ. Մաքյուն։ Հետաքրքիր է, հարգարժան ֆինանսիստը կհամաձայնի՞ ամիսը 10 հազար դրամով մի քանի ամիս ապրել։ Դժվար թե, որովհետեւ գիտի, որ դա պարզապես անհնար է։ Եվ այդ մարդիկ գոյատեւում են կողմնակի օգնության հաշվին, որոնց մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում դրսից եկող տրանսֆերտները։
Այժմ գանք տեղական արտադրողներին, որոնք, ըստ պրն Մաքյուի, կտուժեն փոխարժեքի ֆիքսումից։ Ներկաներից մեկի այն դիտարկմանը, թե վերջին ամիսների ընթացքում, դրամի արժեւորմանը զուգահեռ, արդյունաբերությունը անկում է ապրել, Ջեյմս Մաքյուն տվեց բավականին օրիգինալ եւ անկեղծ պատասխան. «Ինձ համար ՀՆԱ-ի աճի տեմպերն ավելի կարեւոր են, քան արդյունաբերությունը»։ Ախր մե՞զ ինչ, թե ձեզ համար ինչն է կարեւոր՝ դուք այսօր այստեղ եք, վաղը` ձեր հայրենիքում։ Իսկ մեզ մտահոգում է այն, որ 1989թ. արդյունաբերությունը կազմում էր ՀՆԱ-ի 50%-ը, 2004-ին՝ ընդամենը 22, իսկ առեւտրի եւ ծառայությունների ոլորտը 11%-ից հասել է 37-ի՝ ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող ոլորտը։ Այսինքն` արտադրող ազգից վեր ենք ածվում առեւտուր անող եւ ծառայություններ մատուցողի։ Արտասահմանցիներին դա կարող է չմտահոգել, վերջիվերջո, ԱՄՀ-ի գլխավոր խնդիրը ոչ թե տնտեսական աճին նպաստելն է, այլ ֆինանսական կայունության ապահովումը։
Եվ լիովին հասկանալի է, որ ԱՄՀ-ն մինչեւ վերջ պաշտպանում է ԿԲ քաղաքականությունը, որովհետեւ վերջինիս սխալները նաեւ իր սխալներն են։ Ու հենց սրա հետ է կապված, որ ոչ միայն չեն ցանկանում քայլեր ձեռնարկել դոլարի անկման դեմ, այլեւ դա համարում են դրական գործընթաց։ «Հայկական դրամի արժեւորումը կնպաստի վստահության ամրապնդմանը բնակչության շրջանում»։
Վստահիր ուժերիդ, հավատա դրամիդ
«Վստահություն» կոչվածի մասին ԱԺ-ում խոսել է նաեւ Տ. Սարգսյանը, ընդ որում, մեծ հպարտությամբ։ Հորդորելով խնայողությունները պահել դրամով՝ պրն Սարգսյանը հիշեցնում էր. «..Այն քաղաքացիները, որոնք մեր հորդորներին հավատացել են այս երեք տարիների ընթացքում, նրանք առնվազն 30 տոկոսով շահել են, իսկ այն քաղաքացիները, որոնք հավատացել են մեր ընդդիմախոսներին, նրանք առնվազն 30 տոկոսով տուժել են»։ Այսինքն, գրեթե Քրիստոսի քարոզների ոգով արվող հայտարարություն՝ հավատա հայկական դրամիդ եւ կփրկվես։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հավատալ։ Միայն այն պատճառով, որ դրա գինը դոլարի համեմատ բարձրանո՞ւմ է։ Դա քիչ է։ Ազգային արժույթը պետք է ապահովված լինի ինչ-որ բանով։ Ժամանակին դա ապահովվում էր ոսկով, այժմ միջազգային պրակտիկայում ոսկով ապահովվածությունը չի գործում, սակայն պետությունն իր թողարկած փողի համար պատասխանատու է իր ունեցվածքով՝ ակտիվներով, կապիտալով, արտադրվող ապրանքների եւ ծառայությունների ամբողջությամբ եւ այլն։ Վերջիվերջո, փողը դա շուկայում գոյություն ունեցող ապրանքների եւ ծառայությունների արժեքն արտահայտելու միջոց է, այն պետք է տնտեսության իրական հատվածի հետ գտնվի համամասնության մեջ։ Հակառակ պարագայում, երբ արժույթի «ետեւում» ոչինչ չկա, այն պարզապես թուղթ է, որը ցանկացած պահի կարող է արժեզրկվել։
Երկրորդ, սեփական արժույթի նկատմամբ վստահություն ձեռք բերելու համար քաղաքացին առաջին հերթին պետք է հավատա պետությանը։ Իսկ մեզ մոտ բնակչության մեծամասնությունը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում հեռանալ Հայաստանից։
Հետաքրքիր մի հանգամանքի մասին եւս խոսենք։ ԿԲ-ն եւ ԱՄՀ-ն հավաստիացնում են, որ դրամը վստահելի արժույթ է, փոխարժեքն էլ ձեւավորվում է շուկայում։ Իսկ այդ շուկայի մասնակիցները՝ առեւտրային բանկերը, դրամային դեպոզիտների դիմաց վճարում են ավելի բարձր տոկոսադրույք, քան դոլարի։ Եվ սա` այն պարագայում, երբ նրանց «ակտիվ մասնակցությամբ» է իջնում դոլարի գինը։ Հիմա ի՞նչ, բանկերն իրենք է՞լ չեն հավատում դրամին։
Մի խոսքով, խանութներում եւ կրպակներում «Առեւտուրը միայն դրամով» տիպի հայտարարություններ կախելով` ազգային դրամի նկատմամբ վստահությունը չի վերականգնվի, միեւնույն է՝ մարդիկ իրենց խնայողությունները պահելու են եթե ոչ դոլարով, ապա եվրոյով, կամ մեկ այլ արժույթով, բայց ոչ դրամով։ Անգամ այն մարդիկ, ովքեր այդքան «հավատում» են դրամին։ Իսկ վստահությունը սեփական արժույթի նկատմամբ կվերականգնվի այն ժամանակ, երբ ՀՆԱ-ն ոչ թե պարզապես կաճի, այլ կզարգանա արդյունաբերությունը, մարդիկ նորմալ աշխատանք կունենան եւ իրենց ապագան կկապեն ոչ թե ռուսաստանների ու ամերիկաների, այլ Հայաստանի հետ։ Իսկ առայժմ մարդիկ վախենում են դրամ կուտակելուց… Թեեւ շատ դրամ կուտակել, այսպես թե այնպես, հնարավոր չէ՝ քիչ է։