Ասում է, որ այդ կնճիռների մեջ իր կյանքի պատմությունն է դաջված, որն իր համար այլեւս արժեք չունի: Նադյա տատը կարծում է, որ հաճախ երկար ապրելը մարդու համար տառապանք է: Իներցիայով է ապրում, սպասում է, թե երբ պիտի մահն իր հանդեպ բարեգութ լինի ու իրեն տանի: «Էս ի՞նչ արեցին մեր գլխին: Էս ի՞նչ դժբախտություն եկավ մեր գլխին, որ մարդիկ չեն կարում երջանիկ ապրեն: Բոլորս դժբախտ ենք, չենք կարում ապրենք, ուշք ու միտքներս մի կտոր հաց ուտելն ա: Ուտում ենք, թե չէ՝ հասկանում ենք, որ դժբախտ ենք, որովհետեւ անընդհատ ուտելու մասին ենք մտածում»,- թախծոտ հայացքով դժգոհում է Նադյա տատը, ով իր նեղսրտած վիճակից անընդհատ հարսի հետ կոնֆլիկտ է ունենում: 75 տարեկան այս կնոջ տրամադրությունը շատ տարօրինակ է: Խոսելիս մեկ լաց է լինում, մեկ ծիծաղում է, մեկ ինձ գրկում, համբուրում է, որովհետեւ իր մահացած աղջկա անունը նույնպես Լուսինե է: Ասում է՝ «Մոտ արի, գոնե կարոտս քեզնից առնեմ, արի մի հատ պաչեմ… Թոռներս հիվանդ են…»: Ինձ անընդհատ համբուրող Նադյա տատը պատմում է, որ իր հետ ապրող տղայի 4 երեխաները տուբերկուլյոզով հիվանդ են: Հարսը՝ Կարինեն, միջամտում է, որ իր 4 երեխաների մասին անձամբ պատմի, ինչը վերածվում է վիճաբանության, որովհետեւ միմյանց նկատմամբ ատելությամբ են տրամադրված: Այս ընտանիքն ապրում է Չարբախ գյուղի նորակառույց եկեղեցու բակում գտնվող մանկապարտեզի շենքում, որը կացարանի համար պիտանի չէ, քանի որ քաղաքային զուգարան է հիշեցնում: 74 թվին Նադյա տատն Արթիկից եկել է աշխատելու կոլտնտեսությունում, որի աշխատողներին այդ տարիներին ժամանակավոր տեղավորում էին նախկին մանկապարտեզի շենքում, մինչեւ պետությունը բնակարան կտար: Անկախությունից հետո, սակայն, այս ընտանիքն անտուն է մնացել ու մինչ օրս ապրում է նողկալի պայմաններում, որովհետեւ փոքրիկ սենյակում ապրում են 7 հոգով: «Դու իմ մոտ գայիր կոմունիստների օրոք, երբ որ Նադյա տատը կարգին կնիկ էր, երբ որ նամուս-թասիբով աշխատում, 4 երեխա էր պահում ու գլուխն էլ միշտ բարձր էր պահում: Հիմա ես ո՞վ եմ, չկամ, յա կենդանի, յա մեռած: Ես ինձ չեմ հարգում, դու ինձ ո՞նց կհարգես: Ամսվա մեջ մի հատ թոշակ ա մտնում էս տուն, էն էլ 4 թոռ կա տունը, նրանց կերակրե՞մ, թե՞… Ես դրանց թոշակը չեմ ուզում, էդ դրամները թող իրանց պահեն: Դրամ չեմ ուզում, թող ինձ էն կարմիր, Լենինի գլխով 10 ռուբլիանոցից տան, գնամ շուկա, սումկեքս ճկռած գամ տուն»,- ասում է Նադյա տատը, ով այնպես է նկարագրում, կարծես իր ստացած թոշակն աղբ է:
Չորս երեխաները տուբերկուլյոզով հիվանդ են
Հարսը՝ Կարինեն, ում պարանոցի երակներն ուռել են, որովհետեւ չի կարողանում լաց լինել, պատմում է, որ իր անչափահաս 4 երեխաները հերթով տուբերկուլյոզով հիվանդանում են: Սենյակն անտանելի խոնավ է, հիգիենիկ պայմաններն աննկարագրելի են, իսկ երեխաների սնվելու մասին խոսելն ավելորդ է: «Օրգանիզմները թույլ են, թերսնուցումից հիվանդությունը տանում ա երեխեքիս»,- պատմում է մայրն՝ ասելով, որ ամենավատ վիճակում 4-րդ դասարանցի դուստրն է՝ Նադյան: Ասում է, որ Նադյային տարել են Աբովյանի հիվանդանոց բուժման, որից հետո հերթով երեխաներին կանչել են, որովհետեւ պարզվել է` բոլորն էլ վարակվել են: Հիմա 4-ն էլ բժիշկների հսկողության տակ են եւ պարբերաբար հիվանդանոցում բուժվում են: «Հիմա եղանակի հետ պիտի նորից դեղորայք, սրսկումներ ընդունեն: Շատ ծանր բան ա, գիտե՞ք: 4 երեխաներիս տանում եմ, որ մի քիչ վիճակները թեթեւացնեն»: Արդեն երկրորդ տարին է, ինչ երեխաները 6 ամիսը մեկ անգամ գնում են բուժում ստանալու, իսկ նրանց մայրը թաքուն հույսեր է փայփայում, թե կառողջանան տուբերկուլյոզով հիվանդ իր երեխաները: «Ախր, էս հիվանդությունն էլ նենց ա, որ շատ ուշադիր պիտի խնամես, պիտի ամեն մեկի իրերն ու հագուստն առանձին-առանձին լինի: Սնունդը շատ մեծ նշանակություն ունի ոտքի կանգնելու համար, բայց ախր ո՞նց հասցնես, ասա՛, ո՞նց: Անճար ենք, ոչ մի բան չենք կարում անենք մեր երեխեքի համար, ապրել չի լինում»,- ասում է Կարինեն, ով չի կարողանում լաց լինել նաեւ այն պատճառով, որ երեխաների մոտ չպետք է թուլանա: Տուբերկուլյոզով հիվանդ Նադյան 4-րդ դասարան է փոխադրվել միայն այն պատճառով, որ դպրոցի ուսուցչական կազմը խղճում է նրան, հակառակ դեպքում` նույն դասարանում կմնար հաճախակի բացակայությունների եւ չսովորելու պատճառով: Աղջիկը պարբերաբար չի գնում դպրոց՝ բուժման եւ վարակի վտանգավորության պատճառով: Մայրն ասում է, որ պատահում է, երբ հոգեբանական ծանր ապրումների պատճառով հրաժարվում է դպրոց գնալ, քանի որ դասարանցիները գիտեն իր հիվանդության մասին, եւ տհաճ ռեպլիկները Նադյայի համար անխուսափելի են: Ժամանակ առ ժամանակ նրա մոտ գլխի սաստիկ ցավեր են սկսվում, որի պատճառով աղջիկը թավալվում է գետնին: Մեր այցելության ժամանակ Նադյան տանը չէր, մայրը գյուղ էր ուղարկել, որպեսզի հորական տանը նա մի քիչ խաղաղ մթնոլորտում ապրեր, քանի որ հանգստությունը նրա նման հիվանդի համար օդի պես անհրաժեշտ է: Այս ընտանիքում գերլարված մթնոլորտ է, որովհետեւ Նադյա տատը եւ Կարինեն անընդհատ գժտվում են անօգնական ու անապահով իրենց վիճակի պատճառով: Իրար մեղադրում են, իսկ հետո լռում, կարծես հասկանալով, որ ծանր վիճակից իրենց մեջ եղած բարկությունը միմյանց վրա են թափում:
«Իմ տված ձայնի հետեւից չեկան»
Նորից խոսակցությունն ընդհատում է Նադյա տատը, որովհետեւ ուզում է խոսել, թեթեւանալ: «Ամուսինս ջահել տարիքում մահացավ, ու ես մենակ 4 երեխա եմ պահել: 4-ն էլ գերազանցիկ են եղել, օրինակելի երեխեք եմ պահել: Կոլխոզում 30 տարի քրքրվելով աշխատել եմ, որովհետեւ ասում էին՝ տուն են տալու: Տեսա, որ հույս չկա՝ ասեցի` մի քիչ տարածք ավելացնենք դիմացը, ձեւափոխենք ապրենք, էլի չթողեցին: Ու հիմա սենց անտեր ու դուրս, մուրացկանի պես ապրում ենք»,- բարկությունից կտրուկ շարժումներ անելով ու բռունցքով սեղանին հարվածելով` պատմում է նա: Նադյա տատը քաղաքականությունից ու հարուստներից գլուխ չի հանում, բայց մի բան հաստատ գիտի, որ ինքը ձայն է տվել: Թեեւ իր տված ձայնի արժեքն այնքան էլ լավ չի պատկերացնում, բայց հաստատ գիտի՝ «Իմ տված ձայնի հետեւից մի օր պիտի գային, հետաքրքրվեին, սաղ էլ գիտեն ինչ վիճակում ենք: Ընտրվողը, եթե իրա թաղի ամենաաղքատ մարդով չի հետաքրքրվում, էլ ո՞ւմ ա պետք էդ ընտրվողը»: