Անցում աշակերտակենտրոն քաղաքականության

16/06/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Ես հերթական անգամ եմ նշանակված նախարար, որն ուղղակիորեն հնարավորություն է տալիս ինչ-ինչ խնդիրների պատասխաններ ունենալ»,- նկատեց Լ. Մկրտչյանը։ ՕԵԿ էքսնախարար Սերգո Երիցյանի դեմ չհնչեցնելով որեւէ մեղադրանք (չխախտելով էթիկայի կանոնները` Լ. Մկրտչյանն ասաց, թե յուրաքանչյուր նախարար արձանագրում կամ չի արձանագրում ինչ-ինչ արդյունքներ)` նախարարն այնուամենայնիվ փաստեց նախորդից եւ նախորդներից ժառանգված համակարգում առկա մի շարք բացթողումներ, հատկապես գիտության անմխիթար վիճակը, որը դեռեւս գնահատման եւ արժեւորման կարիք ունի։ «Գիտության մեջ համալիր եւ արմատական փոփոխությունների կարիք ունենք, խնդիրը ոչ թե ֆինանսների, այլ կառավարման մեջ է։ Կտրուկ կերպով կորցրել ենք աշխարհում ունեցած մեր դիրքերը, եւ եթե այսպես շարունակենք, մեր անկումը զգալի կլինի»,- նշեց նախարարը։ Ոլորտը պակաս խոցելի դարձնելու ակնկալիքով` նորանշանակ նախարարը հայտարարեց, որ այսուհետ նախարարության գործունեությունը հասարակության եւ ԶԼՄ-ների համար լինելու է թափանցիկ եւ հրապարակային. այս համատեքստում նշեց, որ բացի թեմատիկ ասուլիսներից, յուրաքանչյուր տասն օրը մեկ կլինեն ճեպազրույցներ, որտեղ կառավարական համապատասխան ստորաբաժանումները կներկայացնեն ամսական զեկույցներ։ Լ Մկրտչյանն ընդգծեց, որ հերթական անգամ ինքը պաշտոնավարում է երկրում անցկացվող ընտրություններից առաջ, եւ խոստացավ համակարգը զերծ պահել կուսակցականացումից, որպեսզի կուսակցական պատկանելությունն ու գաղափարական համոզմունքներն ամենօրյա աշխատանքում իբրեւ սուբյեկտիվ գործոն իրենց զգացնել չտան։ «Ես ամեն ինչ կանեմ, որ համակարգն աշխատի իբրեւ ամբողջական մասնագիտական համակարգ, որպեսզի վաղը մեր երեխաներին չուղարկենք «Օրինաց երկրի», հանրապետական կամ դաշնակցական դպրոց»,- խոստացավ դաշնակցական Լեւոն Մկրտչյանը։ Թվելով համակարգում առկա թերությունները, նախարարը նախանշեց նաեւ մի քանի նպատակային սկզբունքներ, որոնցից մեկի համաձայն` «կրթական բարեփոխումներ» բառակապակցության «բարեփոխումն» առաջարկեց փոխարինել մեկ այլ բառով, այդպես էլ չնշելով հարմար բառը։ Նրա առաջարկած արմատական փոփոխությունների մոդելը ենթադրում է փոփոխությունների շարժը դիտարկել երեխա-աշակերտ-ուսանող-գիտնական առանցքի շուրջ, եւ ուսուցչակենտրոն եւ դասախոսակենտրոն քաղաքականությունից անցում կատարել աշակերտակենտրոնի։ «Ի վերջո, եթե մեր քաղաքականությունը դարձնում ենք աշակերտակենտրոն, որն իրականացնելու է ուսուցիչը, ուրեմն առաջիկա 4-5 տարիների նշանակետը լինելու է ուսուցչի հեղինակության բարձրացումը եւ սոցիալական վիճակի բարելավումը»,- ասաց ԿԳ նախարարը։ Լեւոն Մկրտչյանի գնահատականով եւ պատկերացմամբ` 12-ամյա պետական կրթակարգն ընդամենը ձգձգված 10-ամյա կրթությունն է, եւ վերանայման կարիք ունի կրթակարգի վերջին` ավագ դպրոցի հատվածը, ինչն իր հերթին ենթադրում է որոշակի վերանայումներ նաեւ հիմնական դպրոցում։ Նրա դիտարկմամբ, վերանայման կարիք ունի նաեւ լիցենզավորման եւ հավատարմագրման համակարգը, որի սխալների սրբագրումը տարիների աշխատանք կպահանջի։ Ըստ նախարարի` վերանայման ենթակա է նաեւ գիտելիքների գնահատման համակարգը։ Նրա խոսքերով, գիտելիքի գնահատման տրամաբանության եւ մեթոդաբանության համաձայն, ուսուցման տարբեր աստիճաններում այն չպետք է կտրուկ փոփոխությունների ենթարկվի, որովհետեւ այն կոռուպցիոն ռիսկ է ներառում։ Լ.Մկրտչյանը տեղեկացրեց, որ գիտելիքների գնահատման տեխնիկական կենտրոնը տեխնիկապես եւ մասնագետների առումով դեռեւս պատրաստ չէ փոփոխություններ կատարելու, այնուամենայնիվ, հաջորդ տարի մեկ առարկա` հայոց լեզուն կներկայացվի համաքաղաքային փորձի։ Նրա համոզմամբ, պետք է ստեղծել կառավարման այնպիսի մեխանիզմներ, որտեղ պաշտոնյաների փոփոխությունը քաղաքականության ընդհանուր ուղղվածության ընդհատում չառաջացնի։ Լ. Մկրտչյանն անդրադարձավ նաեւ կրթական համակարգում գործող հարյուրավոր միջազգային եւ հասարակական կազմակերպությունների գործունեությանը, ընդգծելով, թե նրանց կողմից կատարված աշխատանքները չեն համակարգվում, ինչը բերում է միջոցների վատնման։ Նախարարի ներկայացմամբ, կրթության ոլորտի առջեւ ծառացած խնդիրներից է նաեւ կոմպլեկտավորված մասնագետների պակասը։ Նա փաստեց, թե Հայաստանի մոտ 1400 դպրոցներից 700-ն ունեն 300-ից քիչ աշակերտներ, որտեղ պետք է աշխատեն կոմպլեկտավորված (համալրված) մասնագիտությամբ ուսուցիչներ, սակայն մանկավարժական բարձրագույն կրթության ներկա վիճակը դա անհնար է դարձնում։

Ինչ վերաբերում է առաջիկա ընդունելության քննություններին, Լ. Մկրտչյանը նշեց, թե այն աշակերտը, որը գիտելիք ունի, պետք է սովորի, իսկ քննությունների ընթացքը, նրա գնահատմամբ, պետք է վերահսկվի առավելապես հասարակական սկզբունքներով եւ ոչ ուռճացված թվով պաշտոնյաների կողմից, ինչը նյարդայնացնում է դիմորդներին։

Հ. Գ. Մինչ ԿԳ նախարարը խարազանում էր 12-ամյա կրթակարգի որոշ հատվածներ, նույն ժամերին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Կրթության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին» նախագիծը, որը վերաբերում է նույն 12-ամյա կրթությանը։