Բնակավայրերի այրման փաստեր չկան

16/06/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ըստ ադրբեջանական աղբյուրների, բնակավայրերը դեռեւս այրվում են, հրդեհները տեսանելի են հարեւան ադրբեջանական գյուղերի բնակիչների եւ «դեպքի վայրի» մատույցներ ժամանած պատգամավորների համար:

Ադրբեջանական աղբյուրների տեղեկատվության առնչությամբ պարզաբանումների համար դիմեցինք համապատասխան մարմիններին:

ԼՂՀ Արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ սահմանամերձ տարածքներում բռնկված հրդեհների պատճառների ուսումնասիրման համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը ներկայումս տեղում աշխատանքներ է իրականացնում: Ըստ ականատեսների վկայությունների, այդ հրդեհները բռնկվել են հակառակորդի կողմից ստացված կրակոցներից: «Հանձնաժողովն ուսումնասիրություններ կատարելուց հետո կտա իր եզրակացությունը»,- ասացին ԼՂՀ ԱԻՎ-ի մամուլի ծառայությունում:

ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատրյանի խոսքերով, հրդեհներ ընդհանրապես շատ կան: «Իսկ ինչ վերաբերում է վառողներին, դրանք հենց ադրբեջանական բանակի զինվորներն են, որոնք, այրելով սահմանին մոտ տարածքները, մեծ վնաս են հասցնում նաեւ հայկական կողմի բնակիչներին»:

Իսկ ԼՂՀ Ազգային ժողովի Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահության մշտական հանձնաժողովի նախագահ Ռուդիկ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց. «Մենք չենք զարմանում Ադրբեջանի լրատվամիջոցների հերթական ստահոդ հայտարարություններից: Հրդեհները պարզապես ամառային բերքահավաքի շրջանում տեղի ունեցող լոկալ հրդեհներ են, որոնք այս կամ այն դրդապատճառն ունեն, եւ այստեղ դիտավորյալ հրդեհ ստեղծելու փաստ չկա:

Տեղում մեր հակահրդեհային ծառայության ուժերը հսկում են, որպեսզի բնակչությունը բերքահավաքը նորմալ կազմակերպի: Կառավարությունը պահուստային ֆոնդից գումարներ է հատկացրել հակահրդեհային ծառայությանը` նման հրդեհները կասեցնելու համար: Այնպես որ՝ մենք իրավիճակին տիրապետում ենք, գիտենք, որ նման հրդեհների փաստեր կան, եւ որքան հնարավոր է` այդ ուժերը կասեցնում են հրդեհները: Պարզապես ադրբեջանցիները փաստերը ծուռ հայելու տակ են ընդունում եւ ուզում են հերթական քաղաքական «տրյուկները» կատարել:

Իսկ ինչ վերաբերում է գյուղեր կամ տներ վառելուն, նման փաստեր ընդհանրապես չկան»: