Ղազախստանը միանալու է մոտ օրերս

16/06/2006 Ռ. ՕՐՈՒՋԵՎ, «Էխո» (Ադրբեջան)

«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան հիմնական արտահանումային նավթատարին Ղազախստանի միանալու մասին պաշտոնական համաձայնագիրը կստորագրվի հունիսի 13-ին, Ալմա Աթայում»,- Աստանայում ներդրումային վեհաժողովում հայտարարեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

Ղազախստանի նախագահը նշեց, որ համաձայնագիրը կստորագրվի՝ Ասիայում գործունեության եւ փոխադարձ վստահության վերաբերյալ վեհաժողովի ընթացքում, որը կընթանա Ալմա Աթայում: «Մենք բարձր ենք գնահատում այդ համաձայնագիրը, Ղազախստանի համար նավթափոխադրումները կարեւոր նշանակություն են ներկայացնում»:

Հիմնական արտահանումային նավթատարով ղազախական նավթի փոխադրման մասին Ադրբեջանի եւ Ղազախստանի միջեւ համաձայնագիրը նախատեսում է այդ նավթատարով տարեկան 25 միլիոն բարել ղազախական նավթի փոխադրում: Ղազախստանը ծրագրում է 2008-09 թվականներից սկսել նավթի արտահանումը ԲԹՋ-ով «Ղաշաղան» հանքավայրից: Առաջին փուլում խողովակաշար կմտնի տարեկան 7,5 մլն տոննա նավթ: Ղազախական նավթը Սանգաչալյան տերմինալ կառաքվի Աքթաու-Բաքու երթուղով, իսկ այդտեղից ԲԹՋ-ի միջով կմատակարարվի միջազգային շուկա:

Երեկ Ղազախստանի վարչապետի մամուլի ծառայությունը հայտնեց, որ երկրի կառավարությունն աշխատում է ԲԹՋ-ի խողովակաշարային համակարգին Ղազախստանի միանալու մասին պայմանագրի նախագծի եզրափակիչ փուլի վրա: Պայմանագրի տեքստը համաձայնեցված է ադրբեջանական կողմի հետ: Ինչպես նշեց ՂՀ վարչապետ Դանիալ Ահմետովը, «ԲԹՋ-ի վերաբերյալ պայմանագիրը լիովին պաշտպանում է պետության դիրքորոշումը»: Ներկայումս երկու կողմերի ստորագրման համար պայմանագիրը նախապատրաստելու տեխնիկական աշխատանք է տարվում:

Եվ երեկ իսկ հաստատվեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մտադիր է մասնակցել Ասիայում վստահության միջոցների եւ փոխգործունեության վերաբերյալ խորհրդակցության վեհաժողովին, որը կանցկացվի հունիսի 17-ին Ալմա Աթայում: Այդ մասին հայտնեց Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նա հայտարարեց, որ հունիսի 17-ին վեհաժողովի շրջանակներում ծրագրվում է ԲԹՋ խողովակաշարով ղազախական նավթի համատեղ մատակարարման մասին միջկառավարական համաձայնագրի ստորագրում («Թրենդ»):

Իր հերթին ԱՀ Պետնավթընկերության հեղինակավոր մասնագետ Մամեդ Միրզոեւը երեկ «Էխոյին» հայտնեց, որ «այն բանից հետո, երբ անցյալ շաբաթվա սկզբում Ջեյհանից դուրս եկավ ադրբեջանական նավթով բեռնված առաջին լցանավը, այդ գործընթացը կանգնեցրել են տասը օրով: Դա կապված է Ջեյհան տերմինալում վերանորոգման որոշ աննշան աշխատանքների ավարտի հետ: Դա նույնիսկ կարելի նշել որպես թեստավորում: Եվ միաժամանակ, հիմա այնտեղ կատարվում է տերմինալում պահեստային ցիստեռնները նավթով լցնելու աշխատանք: Այսինքն, մոտ օրերս լցանավերի բեռնումը կվերսկսվի սահմանված գրաֆիկով»: Միրզոեւի խոսքերով, չնայած այն բանին, որ ԲԹՋ-ն արդեն իսկ աշխատում է որոշված կարգով, նավթատարի բացման պաշտոնական արարողությունը նշանակված է հուլիսի 13-ին, այսինքն` մեկ ամիս անց: «Դա կապված է նախագահների զբաղվածության հետ: Չէ՞ որ ԱՄՆ-ի ղեկավար Ջորջ Բուշն էլ է ուզում մասնակցել արարողությանը»: