«Ա՜խ Վազգեն, Վազգեն…»

16/06/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Տեղերով փոխվելու առաջարկը նաեւ հղում է իշխանություններին, մասնավորապես այն պաշտոնյաներին, ովքեր Ղարաբաղյան պատերազմի մասնակից են եղել: «Ես ուզում եմ հիշեցնել, որ պատերազմը շարունակվում է, մենք պատերազմական վիճակից դուրս չենք եկել, ու ես մեր Հայրենիքին շատ եմ պետք գալու, որովհետեւ պոտենցիալ կադր եմ»,- վստահեցնում է նա՝ ավելացնելով, որ պետությունն իր գիտելիքներն ու ներուժն օգտագործել ու իրեն անպետք փալասի պես դեն է շպրտել. «Շպրտելը մեղմ ա ասված, տշել ա քուչեքը ու հիմա վառարանում վառում ա ինձ, որովհետեւ ես ամեն ինչ կորցրեցի, ես էլ ոչինչ չունեմ: Ա՜խ, Վազգեն, Վազգեն, ինչո՞ւ մեռար, կարգին մարդ»: Երեւանում կայազորային հոսպիտալի դիմածնոտային եւ կոտրվածքային բաժիններում աշխատող բժիշկն` առնչվելով պատերազմի դաշտից տեղափոխված հիվանդների հետ, որոշել է գնալ ազատագրված տարածքներում աշխատելու: Կինն ու երկու երեխաները, սակայն, նրա մտադրությունը չեն ողջունել՝ պահանջելով ետ կանգնել այդ որոշումից: «Հայրենիքը միշտ կանչում է ինձ, սա կամավորի արյուն է, հասկանո՞ւմ եք: Այսքան կորուստներից հետո, եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, առաջինը ես կգնամ: Կնոջս կեցվածքն ինձ շատ զայրացրեց, որովհետեւ չէր համակերպվում իմ որոշման հետ: Մեղադրեցի իրեն՝ ասելով, որ` քո արյունը թուրքի արյուն է»,- ասում է բժիշկը, ով իր այդ քայլի համար պատժվեց միայնության, որովհետեւ կինն ամուսնալուծվեց, իսկ երեխաները համարեցին, որ մայրը ճիշտ է: 1994-ին Կարենը մի քանի մասնագետների՝ տրավմատոլոգի, ռենտգենոլոգի հետ ուղեւորվել է Ղարաբաղ. «Չգիտեինք, թե ուր ենք գնում, քանի ժամից կամ օրից ենք հասնելու: Գիշերը հասանք Ջեբրայիլ, մի օբյեկտ ցույց տվեցին ու ասացին, որ՝ սա է, պետք է աշխատեք»,- պատմում է նա՝ վստահեցնելով, որ այդ օբյեկտը վերածեցին հոսպիտալի, որը հագեցած էր բաժանմունքներով: Հետպատերազմյան իրավիճակում գտնվող Ջեբրայիլում գլխավոր բուժակ աշխատող Կ. Սիմոնյանը մասնագիտության խտրականություն չէր սահմանում. անգամ Ամանորին զինվորների համար իր ձեռքով կարկանդակ էր պատրաստում, հարկ եղած դեպքում իր ունեցած ներքնաշորերը զինվորներին էր տալիս, իսկ յուրաքանչյուր սպանված զինվորի դիակի վրա երեխայի պես լաց էր լինում: «Այնտեղ արդեն սառնասիրտ էին դարձել, երբ դիակը թեւի տակ դրած բագաժնիկից իջեցնում էին` հոնգուր-հոնգուր լաց էի լինում: Աշխատող կանայք հարցնում էին՝ Սիմոնյան, քո ի՞նչն է, որ լացում ես, ասում էի՝ իմ կամ քո տղայի պես մի զինվոր է, որի ծնողը դիակը պիտի դիմավորի: Ամեն զինվորի մեջ իմ տղային էի տեսնում»,- պատմում է նա: Այդուհանդերձ, բացի նրանից, որ Կարենն ամբողջ հոսպիտալում կարգ ու կանոն է հաստատել, նաեւ տնտեսություն է ստեղծել: Երեւանից ժամանած բժշկին տրամադրած թուրքերից մնացած քրջոտ սենյակը որոշ ժամանակ անց վերածվել է կոկիկ մի տնակի, իսկ կարեւոր հյուրերին, որպես կանոն, ուղեկցել են նրա տուն` համոզելու համար, որ ազատագրված տարածքում արդեն մարդավայել կյանքով են ապրում: «Վազգեն Սարգսյանն էր եկել Ջեբրայիլ, հրամանատարն ուղեկցեց իմ տուն, որովհետեւ մաքուր եւ կոկիկ էր ինձ մոտ: Միշտ ցուցադրական իմ տուն էին բերում: Նա ինձ գովեստի խոսքեր ասաց ու հրամանատարին հանձնարարեց ինձ գիրք նվիրել: Նրա ստորագրությամբ գիրքը թանկ է ինձ համար, մինչեւ հիմա խնամքով պահում եմ»,- Վազգեն Սարգսյանի մասին հիշողություններից հպարտանալով` պատմում է Կարենը, ում ուսին խփելով` Սպարապետը` հաճախ վիրավոր զինվորների հետ կապված հոգատարությամբ, ասել է՝ «Սիմոնյան, ուշադիր եղիր այս զինվորի հանդեպ, առողջացրու նրան»: Իսկ բժիշկն ամեն անգամ խոստացել է բուժել զինվորին եւ երբեք խոստումը չի խախտել՝ 6 տարվա աշխատանքի ընթացքում չունենալով ոչ մի մահվան ելք: Ծառայության ընթացքում ստացած աշխատավարձով հավ, այծ է ձեռք բերել, որոնցից ստացված մթերքը հաճախ տրամադրել է զինվորներին: «Այծի կաթ էի տալիս, որ խմեն, գալիս էին զինվորները, թե` ձու կտա՞ս ուտենք: Ասում էին՝ Սիմոնյան, տնտեսություն ես ստեղծել, ես էլ իրենց խորհուրդ էի տալիս նույնն անել»:

Պահանջում էր չգողանալ, բայց «գլխին սարքեցին»

2000-ին Կարենը նորից պատժվեց հայրենասիրության համար ճիշտ այնպես, ինչպես պատժվեց ընտանիքի կողմից: Նրան աշխատանքից ազատեցին՝ պատճառաբանությամբ, թե տրամադրված դեղորայքի քանակի պակասորդ է արձանագրվել, որի համար, բնականաբար, ինքն էր պատասխանատու: «15 օր գիշերները չէի քնում, որովհետեւ աբսուրդ բանում էին ինձ մեղադրում: Մի բանում վստահ էի, որ դեղերի համար ես եմ պատասխանատու, որ ես գող չեմ, եւ վստահ էի, որ ինչ-որ բան այն չէ: Մտածմունքներից ծանր սթրես տարա, որովհետեւ քեզ մեղադրում են մի հարցում, որտեղ վստահաբար նույնիսկ չպիտի կասկածեին: Երբ ծանր ապրումներից հոգեբանորեն ինձ շատ վատ էի զգում՝ ասացին, թե՝ մոտդ ուղեղի հիվանդություն է առաջացել»,- քմծիծաղով ասաց նա՝ վստահեցնելով, որ իրեն աշխատանքից ազատել են ճշմարտախոսության պատճառով: Ասում է, որ հրամանատարական կազմից մշտապես պահանջել է, որ, եթե կարագ է տրամադրվել զինվորին, ուրեմն պետք է կարագ տալ, եթե տաք հագուստ է տրվել, ուրեմն պետք է տալ, եթե նորմալ սնունդ է տրվել, ուրեմն այն պետք է տալ, ոչ թե մի կտոր սեւ հաց: Պահանջել է զինվորին լավ կերակրել, որպեսզի կարողանան հաղթահարել ծառայությունը, իսկ հյուծված զինվորների համար մեղադրել է ղեկավարությանը՝ վատ սնելու համար: «Ես իրենց ձեռք չէի տալիս, որովհետեւ պահանջում էի չգողանալ»,- ասում է նա, ով մինչեւ հիմա չի հաշտվում իր ներկայիս կարգավիճակի հետ: «Ամեն րոպե ասում էին՝ Սիմոնյան, էս ինչ հարցը լուծի, ու ես հարցեր էի լուծում սկսած պահեստի՝ վերջացրած խոհանոցային աշխատանքներով: Բայց էսօր ես արժեքազրկված եմ»: Համարում է, որ իրեն պիտի պետությունը գնահատի, ոչ թե ժողովուրդը, ու հաճախ մտածում է, եթե մեքենայի տակ մարդ ընկնի՝ գնա՞ օգնելու, թե՞ չգնա: Հիասթափված է, որովհետեւ այսօր զրկվել է ընտանիքից, սիրած, ընտրած աշխատանքից ու միայնակ ապրում է պետության տված 7000 դրամ թոշակով: «Ինձ զբաղմունք է պետք, հասկանո՞ւմ եք, ինձ ապրելու համար փող է պետք, չնայած ես ուտելու կռիվ չունեմ, փողի մոլուցքով չեմ տառապում, բայց գործազրկությունն ինձ խենթացնում է»,- ասում է Կարենն, ով վերջերս մի համակարգում աշխատանք է խնդրել, սակայն առաջարկել են պահակություն անել:

Պետությունն ինձ օգտագործեց ու տշեց

Մեր իշխանություններին հարցնում է, թե Հայաստանի Հանրապետությունում իր նման քանի՞ նվիրյալներ կան, ո՞ւմ վրա են հույսները դրել, եթե հանկարծ պատերազմ լինի, շռայլված մեդալակիրների՞… «Ինձ համար ոչինչ չի փոխարինի այն, ինչի համար ես ամեն ինչ կորցրեցի ու ամեն ինչ զրոյից սկսեցի, մեջիս եղածը նվիրեցի: Ես գիտեի` ուր եմ գնում եւ ինչ գնով եմ գնում: Եթե թուրքն ինձ բռներ` կաշիս հանելու, ոչնչացնելու էր, բայց կամավոր եմ գնացել, ինձ չեն ստիպել: Հիմա, երբ ասում են՝ է՜, չգնայիր, ասում եմ՝ բա ո՞վ գնար»: 7000 դրամ թոշակով ապրող Կ. Սիմոնյանը դիմել է «Երկրապահ» կամավորական միություն, որպեսզի անդամագրեն եւ մյուս կամավորների նման օգնություն ցուցաբերեն իրեն, սակայն պատասխանել են՝ «Ես ի՞նչ իմանամ, որ դու կամավոր ես գնացել: Փաստաթղթեր բեր, որ համոզվենք», իսկ փաստաթղթեր բժշկին, այնուամենայնիվ, ոչ ոք չի տվել, իսկ իր հրամանատարները մահացել են, որպեսզի հաստատեն դա: «Մորս գերեզմանով երդվում եմ, որ, եթե կռիվ լինի` առաջինը ես եմ գնալու: Պետությունն ինձ օգտագործեց ու տշեց, չգնահատվեցի ես: Էն ժամանակ պետք էի, իսկ հիմա, երբ շատ բան ոտքի կանգնեցրի՝ ես չկամ: Իմ ծառայությունն իմ կյանքն էր»,- կարծում է Կարենը՝ ասելով, որ Հայրենիքն իրեն կրնկի տակ է պահում: Պաշտպանության նախարարությունում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման համար հերթագրված Կարենին այդպես էլ չեն թողել ներս մտնել, որպեսզի վերջինս աշխատանք խնդրի եւ նախարարին առաջարկի ծառայությունն անցկացնող մյուս բժիշկների հետ համեմատել իր գիտելիքները ու հետեւություն անել, թե ինքը որքանո՞վ է մեր բանակի համար պիտանի: «Հասկանո՞ւմ եք, գործազրկությունից ու մենակությունից ես խելագարվում եմ: Իմ առաքելությունը, որի համար ես կոչված եմ այս աշխարհում, թույլ չեն տալիս իրականացնել: Ես պետք եմ իմ Հայրենիքին, բայց ամբողջ կյանքում, ոչ թե այն ժամանակ, երբ իրենց է ձեռնտու»,- վստահեցնում է բժիշկը` փոքր-ինչ հույս ունենալով, որ Պաշտպանության նախարար Ս. Սարգսյանն, այնուամենայնիվ, կարձագանքի այս հրապարակմանը, քանի որ ինքն ինքնասիրությունն ու արժանապատվությունը մի կողմ դնելով` բարձրաձայնում է իր վիճակի մասին: