2006թ. աշխարհի առաջնության իրենց առաջին խաղում հաղթանակ տանելով Խորվաթիայի նկատմամբ՝ բրազիլացիները ռեկորդ սահմանեցին։ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում սա «պենտակամպեոնների» 8-րդ անընդմեջ հաղթանակն էր։ Նախկինում ոչ մի թիմի չի հաջողվել այսպիսի արդյունքի հասնել։
Չնայած այս հաղթանակին, բրազիլական լրատվամիջոցները սուր քննադատության են ենթարկել իրենց հավաքականին։ Իրոք, երկրորդ խաղակեսում բրազիլացիները ոչ մի ռեալ վտանգավոր պահ մրցակցի դարպասների մոտ չստեղծեցին եւ անգամ կարող էին ձեռքից բաց թողնել հաղթանակը։ Մարզական լրագրողների կարծիքով` նման խաղով բրազիլացիները դժվար թե կարողանան պաշտպանել չեմպիոնական տիտղոսը, քանի որ առջեւում սպասում են այնպիսի թիմեր, որոնց հարձակման գիծը խորվաթներից ավելի ուժեղ է։ Բրազիլիայի մարզիչ Կարլոս Ալբերտու Պարրեյրան, որը քննադատության հիմնական թիրախն է, արձանագրված արդյունքը նորմալ է ընդունում եւ հայտարարել է՝ խփեցինք այնքան, որքան թույլ տվեց մրցակիցը։
Դժգոհություն է առաջացրել նաեւ Ռոնալդոյի խաղը, որի գործողությունները որակվել են «անատամ եւ թոռոմած»։ Սակայն մարզիչը վստահում է հարձակվողին, եւ «Մեծատամը» արդեն հայտավորված է Ավստրալիայի հետ խաղի մեկնարկային կազմում։ Հանդիպման լավագույն խաղացողներ են ճանաչվել Ռոնալդինիոն եւ հաղթական գոլի հեղինակ դարձած Կական։
Իսկ խորվաթական լրատվամիջոցները, չնայած պարտությանը, գովել են իրենց թիմի ցուցադրած խաղը։ Խորվաթներն իրենց պարտության հիմնական պատճառը համարում են թիմի առաջատար Նիկո Կովաչի ստացած վնասվածքը, որը «թույլ չտվեց Խորվաթիայի ֆուտբոլիստներին օգուտ քաղել այն առավելությունից, որը նրանք ունեին երկրորդ խաղակեսում»։ Սակայն խորվաթները լավատես են եւ կարծում են, որ նման համարձակ խաղով դժվար չի լինի հաջողության հասնել Ավստրալիայի եւ Ճապոնիայի՝ համեմատաբար թույլ հավաքականների նկատմամբ։
Շվեյցարիայի հետ խաղացած ոչ-ոքիից հետո խիստ քննադատության է արժանացել նաեւ Ֆրանսիայի հավաքականը, եւ հատկապես նրա մարզիչը՝ Ռայմոն Դոմենեկը։ Ֆրանսիական ԶԼՄ-ները վերջինիս նկատմամբ բարեհաճորեն չէին տրամադրված դեռ մինչեւ առաջնության մեկնարկը։ Ընդգծելով Զինեդին Զիդանի եւ դարպասապահ Ֆաբիեն Բարտեզի լավ մարզավիճակը՝ լրագրողներն անհասկանալի են համարել Ֆրանկ Ռիբերիի՝ հիմնական կազմում հայտնվելը եւ համարել ավանտյուրա։
Իսկ հանդիպման ավարտից հետո Տիերի Անրին գլխավոր մրցավար Վալենտին Իվանովի գործողությունները պարզապես սկանդալային է համարել՝ նկատի ունենալով ակնհայտ 11-մետրանոց հարվածը չնշանակելը։
Շվեյցարացիներն, ընդհակառակը, գոհ են իրենց թիմի խաղից եւ կարծում են՝ իրենց թիմը հնարավորություն ունի խմբում գրավել առաջին տեղը։ Հիշեցնենք, որ G խմբում առաջատարը Հարավային Կորեայի հավաքականն է, որը կամային հաղթանակ տարավ Տոգոյի նկատմամբ։