Օսիպյանը նոր աշխատանքի կանցնի

13/06/2006

Շաբաթ օրն իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը։ Բանկի լրատվական ծառայությունից հաստատեցին Ա. Օսիպյանի՝ աշխատանքից իր դիմումի համաձայն ազատվելու մասին լուրը։ «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահ է նշանակվել Ա. Օսիպյանի առաջին տեղակալը` Դավիթ Սուքիասյանը, որն ըստ բանկի լրատվական ծառայության` ոչ մի ազգակցական կապ չունի բանկի հիմնական բաժնետեր Սուքիասյանների ընտանիքի հետ։ Ա. Օսիպյանը մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում իր այդ քայլն այսպես մեկնաբանեց. «Աշխատանքից ազատվելու իմ միակ պատճառը երկար տարիների աշխատանքն է»։ Հիշեցնենք, որ Ա. Օսիպյանն արդեն 8 տարի «Հայէկոնոմբանկի» տնօրենն էր եւ իսկապես հնարավոր է` հոգներ ութ տարի շարունակ նույն տեղում աշխատելուց: Նա ասաց, որ բանկը փայլուն վիճակում է, եւ բանկում իր միսիան կատարած է համարում: Նշենք, որ Օսիպյանը պատրաստվում է անցնել նոր աշխատանքի: