Գործընթացը տապալվե՞ց

13/06/2006

Հունիսի 8-ին www.kreml.org կայքում հրապարակվել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Այդին Հաջիեւի՝ ԼՂՀ հակամարտության կարգավորմանը նվիրված «Հակամարտության կարգավորման ճգնաժամ» վերնագրով վերլուծականը: Ադրբեջանցի հոդվածագրի գնահատմամբ՝ ԼՂ հարցով ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների բուխարեստյան անարդյունավետ հանդիպմանը հաջորդած իրադարձությունները նշանավորեցին, այսպես կոչված, «պրահյան գործընթացի» եւս մեկ պարտությունը: «Պրահյան գործընթացի» պարտության մասին կարծիք խնդրեցինք ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանից: Վերջինս նախ նշեց, որ ինքն այսպես կոչված «պրահյան գործընթաց» չի սկսել ու ավելացրեց, թե եւ՛ «պրահյան գործընթացը», եւ՛ «Քի Վեստի գործընթացը», եւ՛ նմանատիպ այլ «գործընթացները» պարզապես «կուտ» են, ու այդ հարցով խորհուրդ տվեց դիմել գործող արտգործնախարարին: Իսկ ահա ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանն էլ ընդհանրապես հրաժարվեց պատասխանել նախագահների բուխարեստյան հանդիպման վերաբերյալ մեր հարցերին՝ խորհուրդ տալով դիմել ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին: